Բուխարեստի մեծ հրդեհ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բուխարեստի մեծ հրդեհ, ջրաներկ

Բուխարեստի մեծ հրդեհ (ռումիներեն՝ Focul cel mare), Բուխարեստի պատմության մեջ ամենախոշոր հրդեհը։ Տեղի է ունեցել 1847 թվականի մարտի 23-ին։ Հրդեհի արդյունքում այրվել է 1.850 շինություն (քաղաքի մեկ երրորդը)[1]։ Վալախիայի իշխան Գեորգի III Դմիտրի Բիբեսկուի խոսքերով հրդեհի արդյունքում տուժել է քաղաքի ամենից խիտ բնակեցված ու հարուստ մասը, որտեղ եղել են առևտրականների, արհեստավորների երկհարկանի բազմաթիվ տներ, որոնց առաջին հարկերը եղել են արհեստանոցներ, խանութներ, իսկ երկրորդ հարկը` բնակելի տարածք[2][3]։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարում Բուխարեստի զգալի մասը հագեցած էր փայտաշեն տներով, որոնք նեղ փողոցների պարագայում մեծ վտանգ էին ներկայացնում հնարավոր հրդեհի դեպքում։ Ֆանարիոտների ժամանակներից ի վեր եղել է հրդեհի վտանգ, այդ պատճառով թուրք աղայի կարգադրությամբ բնակավայրի մոտ անընդհատ հերթապահում էին մարդիկ[4]։ Հատուկ կարգադրությամբ Վալախիայում հայտնվել են հրշեջներ` զինված արևմտաեվրոպական ջրախողովակներով[4]։

Հրդեհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուխարեստի մեծ հրդեհ, ջրաներկ

Հրդեհը սկսվել է ցերեկը Զոյցա Դրուգենեսկուի տանը, որը գտնվել է Սուրբ Դիմիտրիի եկեղեցու մերձակայքում[5]։ Հարավային ուժեղ քամու պատճառով կրակը տարածվել է եռանկյուն տարածքում, որի մի անկյունը եղել է տանը (այստեղ է սկսվել հրդեհը)։ Այն տարածվել է կից շինությունում ու Բուխարեստի թնդանոթագործարանում, մյուս ուղղությամբ տարածվել է Լիպսկան փողոցի սուրբ Գերորգիի պանդոկում ու համանուն եկեղեցում[5]։ Հրդեհը տարածվել է քաղաքի ծայրամասում, սակայն այնտեղ արդեն արագ տարածվելու հնարավորություն չի ունեցել, քանի որ տների միջև հեռավորությունն ավելի մեծ է եղել[5]։ Քաղաքի մնացած հատվածը չի այրվել հրշեջների գործադրած ջանքերի շնորհիվ, որոնց օգնել են նաև զինվորականները[6]։

Հրդեհի արդյունքում նյութական մեծ վնաս է արձանագրվել։ Այրվել են Սուրբ Դիմիտրիի շրջանը, Ֆրանսիական, Գերմանական ու Շերլարի փողոցներն ամբողջությամբ, թնդանոթագործարանը, Բերեցիա եկեղեցին, Սուրբ Գեորգիի հին ու նոր եկեղեցիները, Տիրգուլ Կուկուլույ, Մախալաուա Ստելեյ, Ուդրիկանի, Լուկակի, Սուրբ Ստեփանոսի թաղամասերը[5]։ Այրվել է մոտ 158.730 քառակուսի սաժեն (61.38 հա) կանաչ տարածք, մահացել է 15 մարդ։ Ոչնչացել է 1.850 շինություն, որից 686 բնակելի տուն, 1142 խանութ, 10 տրակտիր, 12 եկեղեցի[7]։ Վնասի չափը կազմել է մոտ հարյուր միլիոն ռումինական լեյ[7]։

Վերականգնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆինանսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրակը մարելուց հետո իշխանությունները զբաղվել են քաղաքի վերականգնման աշխատանքներով։ Գեորգի III Բիբեսկուն անձամբ 6.000 լեյ է ներդրել, իսկ ընդհանուր առմամբ հավաքագրվել է 2 միլիոն 200 հազար լեյ[8]։ Խոշոր նվիրատուներն են եղել.

  • Ռումինական ուղղափառ եկեղեցին - 500.000 լեյ
  • Ազգային բանկը - 220.000 լեյ
  • Հունական ուղղափառ եկեղեցու ռումինական եկեղեցիներ - 700.000 լեյ
  • Ռումինական գանձարանի պահուստային ֆոնդ - 300.000 լեյ
  • Զինվորների, ծառայողների ամենամսյա նվիրատվություններ - 300.000 լեյ
  • Քաղաքային իշխանություն - 180.000 լեյ[8]

Քաղաքի վերականգնման համար գումար են հատկացրել Ավստրիան, Թուրքիան, Ռուսաստանը, Լայպցիգի կոմերսանտները, Ռոտշիլդների ընտանիքի բանկիրները և անձամբ ավստրիացի ձեռնարկատեր, բանկիր Գեորգ ֆոն Սինան, ով 3401 թալեր (45.584 լեյ) է նվիրաբերել[8]։ Բանաստեղծ Վասիլե Ալեքսանդրին մոլդովացի բնակիչների հետ ևս մասնակցել է գումարի նվիրաբերմանը` տրամադրելով 50.715 լեյ[8]։ Մայրաքաղաքից դուրս ապրող վալախները հրդեհից տուժած Բուխարեստին հատկացրել են 276.375 լեյ[9]։

Հանձնաժողով[խմբագրել | խմբագրել կոդը]

Տուժածներին օգնելու նպատակով ստեղծվել է առևտրականների հանձնաժողով, ով պետք է փորձեր ստուգել շինությունների վերականգնման ու առևտուրը շարունակելու հնարավորությունը[9]։ Հանձնաժողովի մեջ են մտել Իոն Օտետելիշանուն, Միխայիլ Կալիֆարովը և Լազար Կալենդերոգլան[9]։ Հանձնաժողովը սկսել է ուսումնասիրել այրված տների մասին տեղեկությունը, ճշտել է տուժածների մասին նյութեր և 187 թվականի հունիսի 26-ին հրապարակել որոշում, որի համաձայն 2.573.250 լեյ անհրաժեշտ է բաշխել այրված շինությունների տերերին[9]։

Ամենից շատ միջոցներ տրվել են ունեցվածքը կորցրած բոյարներին, առևտրականներին, նույնիսկ հանձնաժողովի անդամների հարազատներին (8.000 լեյ տրվել է Ելենա Կալիֆարովային)։ Եղել է նույնիսկ 10.000 լեյ ստացած մարդ, մինչդեռ աղքատ շատ մարդիկ ստացել են 100-200 լեյ[9][10]։ Դա առաջացրել է հասարակության անապահով շերտերի զայրույթը. նրանցից շատերը հրաժարվել են ադ գումարն ընդունելուց[10]։ Գործին խառնվել են օտար դեսպանները. Ռուսաստանի դեսպանը 236.800 լեյ բաժանել է տուժածներին, իսկ Ֆրանսիայի դեսպանը միջոցներ է բաժանել 12 անձանց, ովքեր պնդել են, որ արդար փոխհատուցում չեն ստացել[11]։

1848 թվականի ապրիլին հանձնաժողովը հայտարարել է, որ 52 մարդ հրաժարվել են փոխհատուցում ստանալուց, և 3.195.759 լեյը բաժանվել է 2.887 մարդու միջև[11]։ Բուխարեստի միտրոպոլիտի առաջարկով միջոցների մի մասը ոչ թե բաժանվել է տուժածներին, այլ օգտագործվել է այրված շինությունները վերականգնելու նպատակով. 12.000 լեյ տրամադրվել է Սուրբ Գեորգիի հին եկեղեցու, 10.000 լեյ` Լուկաչի եկեղեցու, 6.000 լեյ` Սուրբ Ստեփանոսի եկեղեցու, 8.000 լեյ` Չաուշ ռադու եկեղեցու, 6.000 լեյ` Օլտենի եկեղեցու վերականգնման համար[11]։

Քաղաքի վերակառուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքացիների վկայություններիի համաձայն` կառավարությունը ստանձնել էր պարտավորություն վերականգնելու քաղաքի տուժած հատվածները[12]։ Այդ նպատակով հատկացվել էր 230.552 լեյ, որը դուրս էր գրվել վերակառուցման ֆոնդից, որպեսզի փոխհատուցեն տուժած տարածքների սեփականատերերին[11]։ Քաղաքապետ Ռուդոլֆ Արտուր ֆոն Բորոչին մեծ դեր է ունեցել քաղաքի պլանավորման գործում և առաջարկել է ընդլայնել փողոցները, փոխել շենքերի անվտանգության կանոնները[12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Georgescu, p.55, 58
  2. Istoria orașului..., p. 201
  3. Georgescu, p.64
  4. 4,0 4,1 Istoria orașului..., p. 202
  5. 5,0 5,1 5,2 5,3 Georgescu, p.57
  6. Georgescu, p.58
  7. 7,0 7,1 Georgescu, p.58-59
  8. 8,0 8,1 8,2 8,3 Georgescu, p.59
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 Georgescu, p.60
  10. 10,0 10,1 Georgescu, p.61
  11. 11,0 11,1 11,2 11,3 Georgescu, p.62
  12. 12,0 12,1 Georgescu, p.63

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Florian Georgescu, "Focul cel mare din martie 1847", in București: Materiale de istorie și muzeografie: VII, 1969, Muzeul de Istorie a Municipiului București
  • Florian Georgescu (coord.), Istoria Orașului București, 1965, Muzeul de Istorie a Municipiului București