Արցախի Հանրապետության առողջապահություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ԼՂՀ առողջապահություն ԼՂ բուժհիմնարկների (մարզային և շրջանային հիվանդանոցներ, բուժկետեր, ամբուլատորիաներ) ցանցը պատերազմի հետևանքով լուրջ ավերածությունների էր ենթարկվել, զգալի էր բուժաշխատողների, դեղորայքի, բուժսարքավորումևերի պակասը։ Պատերազմի սկզբին ԼՂ առողջապահության ծառայություններն զբաղվել են հիմնականում մարտական գործողությունների տարածքից հիվանդների և վիրավորների տարհանման, նրանց առաջին բուժօգնության կազմակերպման, ինչպես նաև խաղաղ բնակչություն բուժսպասարկման հարցերով։ Այդ աշխատանքները կազմակերպվել են հիմնականում նկուղային անհարմարավետ, հաճախ ցուրտ ու մութ պայմաններում, որովհետև հիվանդանոցների մի մասն ավերվել էր թշնամու հրետակոծություններից, մյուսներում վտանգավոր էր աշխատելը։ Ավելին՝ 1988-1990 թվականներին, մինչև ռազմական բժշկության ծառայության ստեղծումը, Շահումյանի շրջանում և ԼՂ-ում հիվանդ ու վիրավոր ազատամարտիկների բժշկական սպասարկումն իրականացվել է բուժօգնության անհատական միջոցներով, ՀՀ-ից կամավոր մեկնած բժիշկների, բուժքույրերի, տեղական հիվանդանոցների և բժշկական կետերի քաղաքացիական բուժանձնակազմերի օգնությամբ։ 1992 թվականից, ՊԲ-ի կազմավորմանը զուգընթաց, ձևավորվել են ՊՇ-ների և բանակային այլ կառույցների բժշկական ծառայություններ, 1993 թվականին Վալերի Մարությանի նախաձեռնությամբ՝ ԼՂՀ ռազմաբժշկական ծառայությունը, բացվել են հոսպիտալներ (նաև դաշտային), մշակվել և ձևավորվել է մարտական գործողությունների բժշկական ապահովման միասնական համակարգ, զորակոչվել են բժիշկներ, ստեղծվել արագ արձագանքման բժշկական ջոկատներ և զորամասերի բժշկական ծառայություններ։ Այդ տարիներին ՀՀ-ից կամավոր և գործուղումով Շահումյանի շրջան, Գետաշենի ենթաշրջան ու ԼՂ են մեկնել նաև նեղ մասնագետներ՝ վնասվածքաբաններ, օրթոպեդներ, վիրաբույժներ, անեսթեզիոլոգներ, մանկաբույժներ, համաճարակաբաններ, որոնք վիրավոր և հիվանդ ազատամարտիկներին (նաև խաղաղ բնակչությանը) ցույց են տվել անհրաժեշտ ու բացառապես բարդ բուժօգնություն, ապահովել նրանց արագ ապաքինումն ու վերադարձը մարտադաշտ, կանխել համաճարակներն ու վարակիչ հիվանդությունները։ Հրադադարից հետո ԼՂՀ բնակչության բուժօգնության բարելավման նպատակով ԼՂՀ-ում աշխատել և աշխատում են միջազգային մի շարք կազմակերպություններ։ Կարմիր խաչի միջագգային կոմիտեն, աջակցություն ստանալով ԱՄՆ-ի Կարմիր խաչից և համագործակցելով ԼՂՀ առողջապահության նախարարություն հետ, 1998 թվականի սեպտեմբերից իրականացնում է առաջնային բուժսպասարկման տարբեր ծրագրեր։ «Միջազգային քրիստոնեական համերաշխություն» կազմակերպության ջանքերով Ստեփանակերտում բացվել է Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի փոխխոսնակ՝ բարոնուհի Քերոլայն Քոքսի անվան Ստեփանակերտի «Արևիկ» մանկական օրթոպեդական պրոթեզավորման կենտրոնը։ Առողջապահության ոլորտում զգալի ներդրումներ են կատարել Սփյուռքի տարբեր հաստատություններն ու անհատ բարերարները։ Ներկայումս ԼՂՀ բնակչության բուժսպասարկումն իրականացնում են առողջապահության նախարարության համակարգի մոտ 202 բուժկանխարգելիչ հիմնարկներ։ Գործում են Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցը, հանրապետական ծննդատունը, «Արևիկ» մանկական բուժմիավորումը, հակատուբերկուլոզային, ուռուցքաբանական, մաշկավեներաբանական, հոգեթմրաբանական, բժշկական ֆիգկուլտուրայի դիսպանսերները, կենտրոնական շրջանային 7 գյուղական տեղամասային 6 հիվանդանոցներ, 1 բուժմիավորում, քաղաքային և ստոմատոլոգիական պոլիկլինիկաներ, ախտորոշիչ և վերականգնողական կենտրոններ, ինչպես նաև արյուն փոխներարկման, շտապ բժշկական օգնության կայանները, հանրապետական, դատաբժշկական փորձաքննության բյուրոն և «Արցախդեղագործական>> ՍՊԸ-ն։ Գյուղական բնակչությունն առաջնային բուժօգնություն է ստանում 13 ամբուլատորիաներում և 148 բուժակամանկաբարձական կետերում։ Հակահամաճարակային ծառայությունն ապահովում են 7 հակահամաճարակային և 1 հակաժանտախտային կայաններ։ Միջին բուժաշխատողները պատրաստվում են Ստեփանակերտի բժշկական ուսումնարանում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։