Արմեն Ադամյան (ազատամարտիկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ադամյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արմեն Ադամյան (այլ կիրառումներ)
Արմեն Ադամյան
Ծնվել էմայիսի 1, 1969(1969-05-01)
ԾննդավայրՍտեփանակերտ,(ԼՂՀ)
Մահացել էնոյեմբերի 22, 1992(1992-11-22) (23 տարեկան)
Մահվան վայրՇուշի, Շուշիի շրջան, Արցախ
Քաղաքացիություն ԽՍՀՄ

Արմեն Փարավոնի Ադամյան (մայիսի 1, 1969(1969-05-01), Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 22, 1992(1992-11-22), Շուշի, Շուշիի շրջան, Արցախ), Արցախյան պատերազմի մասնակից, ֆիդայի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմեն Փարավոնի Ադամյանը ծնվել է 1969 թվականի մայիսի 1-ին, Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում։

1976-1986 թվականներին սովորել է Ստեփանակերտի թիվ 8 միջնակարգ դպրոցում։ 1987 թվականին ընդունվել է Բաքվի նավթաքիմիայի ինստիտուտի «Արդյունաբերական ձեռնարկությունների էլեկտրամատակարարում» բաժինը։ 1987-1989 թվականներին ծառայել է խորհրդային բանակում՝ Արխանգելսկի մարզի Տոտմայի ռազմական օկրուգում։ 1989 թվականին քաղաքական իրադրության փոփոխության պատճառով տեղափոխվել է Երևանի ժողտնտեսության ինստիտուտ և շարունակել է ուսումը պլանատնտեսագիտության ֆակուլտետում։ Հինգերորդ կուրսի ուսանող էր, երբ Արցախում սկսվել են հայտնի դեպքերն ու թողնելով ուսումը՝ վերադարձել է հայրենի քաղաք։ Մեկնելով Ստեփանակերտ կամավոր անդամագրվում է Ստեփանակերտի 3-րդ վաշտին և նրա կազմում մասնակցում Կրկժանի ռազմական գործողությանը։ Կրկժանի ազատագրումից հետո անցնում է է «Հացի գործարանի» ջոկատի շարքերը, և նրա կազմում մասնակցում Ղայբալիշենի, Ջամիլուի, Քյոսալարի և Ջանհասանի համար մղվող մարտերին։ Ջանհասանի օպերացիայի ժամանակ ծանր վիրավորվել է և 1991 թվականի հունիսի 1-ից մինչև օգոստոսի կեսերը բուժվել է Երևանի Միքայելյանի անվան միկրոխիրուրգիայի ինստիտուտում։ 2 ծանր վիրահատությունից հետո Արմենը դառնում է հաշմանդամ, սակայն նույնիսկ այդ վիճակում մեկնում է մարտի դաշտ և միանում մարտական ընկերներին։ 1992 թվականի մայիսի 9-ին բազմաթիվ զինակիցների հետ մասնակցել է բերդաքաղաք Շուշիի ազատագրմանը։ Զոհվել է 1992 թվականի նոյեմբերի 22-ին մարտական ընկերոջ՝ Արթուր Սողոմոնյանի հետ Շուշիում` հեռահար հրետանու արկի բեկորից։ Արմենի մարտական կենսագրությունը բավականին հարուստ է։ Նրա մարտական ծառայությունները բարձր են գնահատվել հայրենիքի կողմից։ Հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, «Մայրական երախտագիտություն` Արցախի քաջորդիներին» մեդալով, Շուշիում դրվել է նրա անդրին և ազատագրված քաղաքի փողոցներից մեկը այսօր կրում է նրա անունը։ Գալյա Առուստամյանի հեղինակած «Իմ սերը ձեզ հետ է, ողջեր ու նահատակներ» վավերագրությունում, այլ քաջորդիների թվում, պատմվում է նաև Արմեն Ադամյանի մասին։

Մարտական ուղին[խմբագրել | խմբագրել կոդը]

1988 թվականին սկսվեց Արցախյան շարժումը։ Այդ ժամանակ Արմենը ծառայում էր խորհրդային բանակում։ 1989 թնականին վերադառնալով ծառայությունից սկսում է ակտիվորեն մասնակցել նախ Արցախյան շարժմանը և շուտով նաև ռազմական գործողություններին։ Ստեփանակերտի այն թաղամասում, որտեղ գտնվում էր Արմենենց տունը, տեղակայված էր խորհրդային 366-րդ մոտոհրածգային գունդը, և բակը զորամասից բաժանողը քարե պարիսպն էր։ Քանի դեռ ընթանում էր չհայտարարված պատերազմ, խորհրդային զինվորների հետ բանակցելով՝ Արմենը նրանցից փափուշտներ և նման այլ զինամթերք էր գնում և դրանք փոխանցում մեր պարտիզանական ջոկատներին։ Սակայն ամիսներ անց ինքն էլ զինվորագրվում է Ստեփանակերտի 3-րդ վաշտին և մեկնում ռազմաճակատ։ Առաջին մարտը մղել է Ստեփանակերտից ոչ հեռու գտնվող Կրկժան գյուղի համար։ 1991 թվականի դեկտեմբերի 26-ին Արկադի Տեր-թադևոսյանի ընդհանուր հրամանատարությամբ սկսվում է Կրկժանի ռազմական օպերացիան, որին Ստեփանակերտի 3-րդ վաշտի կազմում մասնակցում է Արմեն Ադամյանը։ Հունվարի 20-ին հայկական ուժերը կարողանում են ամբողջությամբ ազատագրել Կրկժանը և թշանամուն ետ մղել մինչև Ղայբալի գյուղը։ Կրկժանն ազատագրելուց հետո Արմենը վերադառնում է տուն իր հետ բերելով 3 ինքնաձիգ, բավականին շատ զինամփերք և 3 վկայական, որոնք պատկանում էին «Ադրբեջանի կամավորական բանակ»-ի անդամներին։ Այդ 3 ադրբեջանցիներին վնասազերծել էր հենց ինքը՝ Արմենը։ Այս ամենը եղբորը ցույց տալուց հետո նա ռազմավարը հանձնում է հրամանատարությանը և կրկին մեկնում մարտի դաշտ։

Կրկժանի ազատագրումից հետո արմենը տեղափոխվում է «Հացի գործարանի» ջոկատ, որտեղ մարտնչում էին իր բակի երիտասարդները՝ մանկության և պատանեկության տարիների ընկերները։ Հենց այս ջոկատի հիմքի վրա էլ հետագայում ստեղծվում է Շուշիի գունդը։ «Հացի գործարանի» ջոկատի կազմում Արմենը մասնակցեց Ղայբալիշենի, Ջամիլուի, Քյոսալարի և մի շարք այլ բնակավայրերի ազատագրմանը։ 1991-ի գարնանը Ստեփանակերտում իրավիճակը կրկին լարված էր։ Թշնամին Ջանհասանի բարձունքից խոշոր տրամաչափի թնդանոթներից և «Գրադ» կայանքներից անդադար ռմբակոծում էր մայրաքաղաք Ստեփանակերտը։ Պետք էր լռեցնել թշնամու կրակակետերը, և այդ գործը իր վրա վերցրեց Արմենը իր մարտական ընկերների հետ։ 5 հոգուց բաղկացած ջոկատը գիշերով սկսեց բարձրանալ Ջանհասան՝ այնտեղ տեղակայված հրետանին պայթեցնելու նպատակով։ Թշնամու խրամատներին մոտենալու ժամանակ դարանակալված հակառակորդը նկատում է հայ մարտիկների առաջխաղացումը և նրանց ուղղությամբ կրակ բացում։ Մարտն անհավասար էր, և այստեղ ջոկատի 5 անդամներից 3-ը՝ Ռաֆիկը, Մհերը և Դավիթ Ղահրամանյանը զոհվում են, իսկ Արմենը և Արթուր Սողոմոնյանը ծանր վիրավորվում։ Արմենին տեղափոխում են Երևան և 2 անգամ վիրահատում։ Ուսից ստացված վնասվածքը լուրջ էր, ինչի արդյունքում գրեթե անկառավարելի էր դարձել ձեռքը։ Շուրջ 3 ամիս նա բուժվում է Միքայելյանի անվան միկրոխիրուրգիայի ինստիտուտում, այնուհետև նրան տրվում է հաշմանդամության 2-րդ աստիճան։ Ահա այս վիճակում, 1991 թվականի աշնանը Արմենը վերադառնում է ծննդավայր ստեփանակերտ։ Նրա մարտական ընկերները արդեն ազատագրել էին Ջանհասանը և լռեցրել մի շարք կրակակետեր։

«Արմենը շատ ծանր էր տանում այն հանգամանքը, որ ինքը չի կարող մեկնել ճակատ և կանգնել իր ընկերների կողքին։ «22 տարեկան ու հաշմանդա՞մ,- զարմացել էր Արմենը,- ուրեմն` ի՞նչ, տնային կալա՞նք, ուժերի ջլատու՞մ, մարտական շարքերի նոսրացու՞մ… Ծիծաղելի է…»: Արմեն անկարող էր այդպես ապրել։ Արմենի եղբայրը՝ բժիշկ Աշոտ Ադամյանը, ով այդ տարիներին գտնվում էր Ստեփանակերտի դաշտային հոսպիտալում, որոշում է օգնել եղբորը։ -Գիպսից մի հարմարանք սարքեցի, որը հնարավորություն էր տալիս, որ ձեռքը չկախվի, այլ գա զենքը օգտագործելու համար հարմար դիրքի, ու տվեցի նրան։ Շատ էր ուրախացել, որ կարող է միանալ իր ընկերներին ու հենց նույն օրը մեկնեց ռազմաճակատ»։ Պայքարող ու իր ազգի համար ոչինչ չխնայող պատանուն դեռ շատ նվաճումներ էին սպասում։ Գյուղերն ու քաղաքներն իրար ետևից ազատագրելով մոտենում էր պատմական պահը՝ հայոց հնագույն քաղաք Շուշիի ազատագրումը։ Արմենը այն երջանիկներից էր, ով 1992 թվականի մայիսի 9-ի առավոտյան մարտական ընկերների հետ բարձրացավ հայոց բերդաքաղաք ու ազատագրեց այն թշանմիներից։ Ցավոք Շուշին Արմենի ազատագրած վերջին քաղաքն էր։

1992 թվականի նոյեմբերի 22-ին մարտական ընկերոջ Արթուր Սողոմոնյանի՝ ում հետ վիրավորվել և հրաշքով կենդանի էր մնացել Ջանհասանում, ստացավ Շուշիի հենակետերից մեկի հերթապահությունը։ Րոպեներ անց այդ դիրքերի ուղղությամբ սկսեց աշխատել ադրբեջանական հրետանին։ Խոշոր տրամաչափի արկերից մեկը հարվածեց հենց դիտակետին։ Արմենը և իր ընկեր Արթուրը զոհվեցին արկի պայթյունից։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մարտական հաշվարկ», էջ 29-38