Արհեստական սերմնավորում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արհեստական սերմնավորում, արտադրող արու կենդանիներից ստացված սերմնահեղուկի ներարկումն էգ կենդանու սեռական ուղիների մեջ՝ բեղմնավորելու նպատակով։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արհեստական սերմնավորումը հնարավորություն է տալիս բարձրարժեք տոհմերի արտադրողների արդյունավետ օգտագործումով արագ բարելավել կենդանիների ցեղային որակները։ Կաթնասուններից սերմնահեղուկի ստացումը կատարում են հիմնականում արհեստական հեշտոցի եղանակով. ցուլերից՝ շաբաթական 2–4 անգամ, խոյերի բնականոն ծանրաբեռնվածությունը՝ 3–4 գործողություն է, վարազինը՝ 1, 3 կամ 2 օրում։ Հովատակից սերմնահեղուկ ստանում են օրական 1 անգամ։ Էգերին սերմնավորում են հիմնականում նոսրացրած և դրական ջերմաստիճանի պայմաններում պահպանած կամ սառեցված սերմնահեղուկով։ Նոսրացրած և 2–4 °C պայմաններում պահպանված ցուլի սերմնահեղուկն արհեստական սերմնավորման համար օգտագործում են 3 օրվա, խոյերինը՝ 24 ժամվա, հովատակինը՝ 24–36 ժամվա ընթացքում։ Վարազի սերմնահեղուկը պահպանում են 16–20 °C և 6–10 °C-ում, մերունների սերմնավորման համար այն օգտագործում են 3 օրվա ընթացքում։

Սերմնահեղուկը ներարկում են մի քանի եղանակով․

Արգանդապարանոցային եղանակ. սերմնահեղուկը ներարկում են արգանդի վզիկի մեջ (կովերի, ոչխարների և այծերի սերմնավորման հիմնական եղանակ)։

Արգանդային եղանակի (մերուններ և զամբիկներ) դեպքում արգանդի մեջ սերմնավորում են, երբ էգի մոտ նկատվում է կտղուց և ցանկություն, ոչ ուշ, քան մինչև ձվազատումը։ Սերմնավորման համար օգտագործում են ներարկիչ-ձողախողովակներ, ներարկիչ-կիսավտոմատներ, հեշտոցային հայելի։ Կովերին և երինջներին սերմնավորում են կրկնակի՝ առաջին անգամ կտղուցի ի հայտ գալու ժամանակ, երկրորդ անգամ՝ 10–12 ժամ հետո, սերմնահեղուկի չափաքանակը՝ 0,4–1,0 միլիլիտր՝ 10–25 միլիոն ակտիվ սպերմատոզոիդների պարունակությամբ։

Մերուններին սերմնավորում են կրկնակի՝ կտղուցի ժամանակ և առաջին սերմնավորումից 24 ժամ հետո, սերմնահեղուկի չափաքանակը՝ 1 միլիլիտր 1 կիլոգրամ կենդանու զանգվածի հաշվով և 3–5 միլիարդ ակտիվ սպերմատոզոիդի պարունակությամբ։ Զամբիկներին սերմնավորում են մինչև ձվազատումը։ Սերմնավորումից 24–48 ժամ հետո կատարում են հետանցքային հետազոտություն, և եթե ձվազատումը չի սկսվել, սերմնավորում են կրկնակի, սերմնահեղուկի չափաքանակը՝ 20–40 միլիլիտր, 300–400 միլիոն ակտիվ սպերմատոզոիդի պարունակությամբ։ Արհեստական սերմնավորման առավելությունը նկատվում է, երբ ապահովվում են ճիշտ խնամքի, պահվածքի և կերակրման պայմաններն ու առկա են սերմնավորման տեխնիկայի ժամանակակից սարքերը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։