Արդենների օպերացիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
75-րդ հետևակային դիվիզիայի ամերիկացի զինվորները Արդենների օպերացիայում
Գերմանական զրահատեխնիկան Արդենների օպերացիայի ժամանակ

Արդենների օպերացիա, գերմանա-ֆաշիստական զորքերի հարձակումը Արևմտյան ռազմաճակատում՝ Արդենների շրջանում (Բելգիայի հարավ-արևմուտքում՝ 1944 թվականի դեկտեմբերից 1945 թվականի հունվարը)։ Արդենների օպերացիաի նպատակն էր՝ 25 դիվիզիայի ուժերով ջախջախել Բելգիայում և Հոլանդիայում գտնվող անգլոամերիկյան զորքերին, պառակտել հակահիտլերյան կոալիցիան և այդպիսով փոխել պատերազմի ընթացքը հօգուտ Գերմանիայի։ Դեկտեմբերի 16-ին հանկարծակի հարձակմամբ գերմանական զորքերը ճեղքեցին ամերիկյան բանակի պաշտպանությունը և մինչև դեկտեմբերի 26-ը խորացան 90 Կմ Դինան քաղաքի ուղղությամբ։ Դեկտեմբերի վերջին գերմանական զորքերի հարձակումը կասեցվեց դաշնակիցների պահեստային ուժերի հակահարվածով, սակայն Արևմտյան ռազմաճակատի դրությունը շարունակում էր մնալ լարված։ Հունվարի 6-ին Անգլիայի պրեմիեր մինիստր Ուինսթոն Չերչիլը դաշնակիցների անունից դիմեց խորհրդային կառավարությանը՝ խնդրելով արագացնել հարձակումը խորհրդա-գերմանական ռազմաճակատում։ Խորհրդային զորքերը հունվարի 12-ին, նախատեսված ժամկետից 8 օր շուտ, հարձակման անցան Արևելյան Պրուսիայում և Լեհաստանում։ Գերմանական հրամանատարությունը հարկադրված էր հրաժարվել հետագա հարձակողական գործողություններից Արևմտյան ռազմաճակատում և շտապ այնտեղից զորքեր (7 դիվիզիա) փոխադրել խորհրդա-գերմանական ռազմաճակատ։ Հունվարի վերջերին դաշնակիցները վերականգնեցին դրությունը Արևմտյան ռազմաճակատում։ Արդենների օպերացիայում դաշնակիցների կորուստները (սպանված, վիրավոր և անհետ կորած) կազմեցին մոտ 77 հազար, գերմանացիներինը՝ մոտ 93 հազար մարդ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png