Արածոգետ, Դժոխաձոր, Չանախչի, Չանախճի, գետ Արարատի մարզում, Արաքսի ձախ վտակը։ Սկիզբ է առնում Մժկատարի լեռների հարավային լանջերից՝ 2500 մ բարձրությունից։ Երկարությունը 42 կմ, ջրհավաք ավազանը՝ 122,5 կմ²։ Հոսում է Զանգակատուն գյուղի գոգավորությունով, Արածո դաշտով, առաջացնում ընդարձակ արտաբերման կոն։ Վերին հոսանքի ավազանը ձագարաձև է, հունը՝ քարքարոտ։ Սնումը հիմնականում ձնաանձրևային (75%) է, վարարումը՝ ապրիլ-մայիսին։ Տարեկան միջին ծախսը 0,36 մ³/վ է (Զանգակատուն գյուղ), առավելագույնը՝ 8,64 մ³/վ (1988, ապրիլի 14)։ Ձմռանը սառցակալում է։ Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով[1][2]։
↑Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 16 — 150 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 685)։