Ավտոմատ մանիպուլյատոր (անասնաբուծություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ավտոմատ մանիպուլյատոր, ձեռքով կատարվող գործողություններն ավտոմատ կատարող սարք։ Անասնաբուծության մեջ,օրինակ՝ ավտոմատ մանիպուլյատոր օգտագործում են կենդանու կուրծը կթից առաջ սանիտարական մշակման ենթարկելու, կթի ժամանակ որոշ գործողություններ կատարելու և այլն-ի համար։ Կրծի նախակիթային մշակման ավտոմատ մանիպուլյատոր բաղկացած է անցաթողման հաստոցից, ակտիվ բանող մարմնով (կողքերից կրծին մոտեցող,տարբեր ուղղություններով պտտվող հետադարձ-առաջընթաց շարժվող գլանաձև 2 խոզանակներ) կրծի լվացման համակարգից, ջրատաքացուցիչից (մինչև 30–45օ), հաստոցում կովի առկայությունը ցույց տվող սարքից, ԱԿՀ-ից։ Ավտոմատ մանիպուլյատոր միացնելուց հետո ինքնաշխատ բացվում է մուտքի դուռը, կովը մտնում է հաստոցի մեջ, միացվում է ցուցասարքը։ Դուռն ինքնաշխատ փակվում է, պտտվող խոզանակները մոտենում են կրծին, վրան տաք ջուր ցողում և լվանում 25 վ։ Այնուհետև խոզանակները հեռանում են, բացվում է ելքի դուռը, և կովը դուրս է գալիս հաստոցից։ Ավտոմատ մանիպուլյատորի զանգվածը 300 կգ է, 1 մշակման ընթացքում ծախսվում է 2–2,3 լ ջուր, արտադրողականությունը 1 ժ-ում՝ մինչև 100 կով։ Կովերի կթման ավտոմատ մանիպուլյատոր կատարում է ձեռքի գործողությունները՝ վակուումային կթի ապարատով կթելիս։ Տարբերում են անշարժ, տեղափոխվող և շարժական ավտոմատ մանիպուլյատորներ։ Առավել տարածված են կթելու հաստոցներում կթի համար նախատեսված անշարժ ավտոմատ մանիպուլայտորները, որոնք ավտոմատացնում են եզրափակող գործողությունները՝ կթելու ապարատի հետ քաշումն ու անջատումը (ապարատի միացնելն ու կրծին հագցնելը կատարվում է ձեռքով)։ Առավել հաճախ օգտագործում են Ռուսաստանում արտադրվող ՄԴ-Ֆ-1 մակնիշի ավտոմատ մանիպուլյատորները, որոնք նախատեսված են «Տանդեմ» և «Յոլոչկա» հաստոցներով կթող սարքերի համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։