Ավետիք Օհանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավետիք Օհանյան
Ծնվել էնոյեմբերի 13, 1918(1918-11-13)
ԾննդավայրՈւռուտ, Հայաստան
Մահացել էհունվարի 25, 1988(1988-01-25) (69 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունգրադարանավար

Ավետիք Սուրենի Օհանյան (նոյեմբերի 13, 1918(1918-11-13), Ուռուտ, Հայաստան - հունվարի 25, 1988(1988-01-25), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), գրադարանագետ, հայ գրքագետ, գրադարանային գործի կազմակերպիչ։ Սովորել է Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի լեզվագրական բաժնում։ Երևանի պետական համալսարանի բանասիրական և Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի մշակույթի ֆակուլտետի գրադարանային բաժիններում դասավանդել է «Գրքի պատմություն» և այլ մասնագիտական առարկաներ[1][2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավետիք Օհանյանը սկզբնական կրթությունն ստացել է հայրենի գյուղում, այնուհետև ընդունվել է Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի լեզվագրական բաժինը։ 1941 թվականին ավարտելուց հետո հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել  Ստեփանավանի շրջանի Ագարակ գյուղում։ 1942 թվականի սկզբից մեկնել է գործող բանակ, մասնակցել Հյուսիսային Կովկասում տեղի ունեցած դաժան մարտերին։ 1944 թվականին ծանր վիրավորվել է ու զորացրվել։ Ապաքինվելուց հետո մանկավարժական աշխատանքի է անցել Կուրթան գյուղում։ Բուժման նպատակով 1944 թվականին եկել է Երևան[1][2]։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1944 թվականի վերջին Օհանյանն աշխատանքի է անցել Ալ. Մյասնիկյանի անվան հանրապետական գրադարանում (1990 թվականի օգոստոսի 1-ից Հայաստանի ազգային գրադարան)։ Աշխատել է մի շարք բաժիններում և տարբեր պաշտոններում, խորացրել է գրադարանագիտական, մատենագիտական գիտելիքները։ Սպասարկման բաժիններում աշխատելու հետ ազատ ժամանակը նվիրել  է մատենագիտական-գրացուցակավորման գործի ուսումնասիրությանը։ Գրադարանի տնօրինությունը տեսնելով ինքնանվեր գրադարանային աշխատողի կազմակերպչական ընդունակությունները նշանակել է զանգվածային միջոցառումների և ապա՝ սպասարկման բաժինների վարիչ[2][3]։

1945 թվականին ընդունվել է ԽՄԿԿ շարքերը և երկար ժամանակ աշխատել գրադարանի կուսակցական կազմակերպության քարտուղար, կատարել այլ հասարակական աշխատանքներ։ 1964 թվականին ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով Ավետիք Օհանյանը արժանացել է «Վաստակավոր գրադարանավար» բարձր կոչմանը։ 1970 թվականի սեպտեմբերի 2-ին Կուլտուրայի մինիստրի հրամանով նշանակվել է Ալեքսանդր Մյասնիկյանի անվան պետական գրադարանի տնօրենի տեղակալ գիտության գծով։ 1980 թվականին արժանացել է նաև Ն. Կ. Կրուպսկայայի անվան մեդալի, մի շարք շքանշանների, մեդալների, պատվոգրերի[1]։

Ավետիք Օհանյանը մահացել է 1988 թվականի հունվարի 25-ին Երևանում։ Համաձայն իր վերջին ցանկության, նրան հուղարկավորել են հայրենի Ուռուտ գյուղում՝ պապենական գերեզմանոցում։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավետիք Օհանյանը գրել է գրադարանային գործին և գրադարանագիտությանը վերաբերող շատ հոդվածներ, խմբագրել է մեթոդական, մատենագիտական բնույթի բազմաթիվ գրքեր, ձեռնարկներ և բրոշյուրներ գրադարանավարների և գրադարանային բաժնի ուսանողների համար, կազմել է ուղեցույցներ գրադարանի կառուցվածքի, նրա աշխատանքների ու միջոցառումների ճիշտ կազմակերպման համար։ Նրա հեղինակած «Հայ տպագիր գրքի ցուցահանդեսի ուղեցույցը» (1512-1962) և «Սայաթ-Նովա։ Ծննդյան 250-ամյակը» (ցուցահանդեսի ուղեցույցը) հետաքրքրական են՝ գաղափարը, ըստ ամենայնի, գրադարանային լեզվով, ներկայացնելու հմտությամբ[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Մելյան, Բալաբեկ (2002). Գրքի երախտավորներ ։ Կենսագրական համառոտ բառարան. Երևան: Գիրք. էջեր 87–88. ISBN 99930-65-08-0.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Ղազարյան, Ռաֆիկ (2003). Իրականի և ցանկալիի հոլովույթում. Երևան: Գիրք. էջեր 101–110. ISBN 99930-65-16-1.
  3. (PDF) https://tert.nla.am/archive/NLA%20AMSAGIR/kultur-lusavorakan-ashxatanq/1969/2_ocr.pdf. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)