Ասպերգիլոտոքսիկոզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ասպերգիլոտոքսիկոզ, գյուղատնտեսական կենդանիների (ավելի հաճախ՝ խոճկորների և թռչունների) թունավորումներ։ Առաջանում են Aspergillus ցեղի բորբոսասնկերի թույներով վարակված կերեր ուտելուց։ Բնորոշվում են ստամոքսաղիքային ուղիների բորբոքումներով, վերին շնչուղիների, լյարդի, երիկամների և կենտրոնական նյարդային համակարգի ախտահարմամբ։ Թռչունների անկումները 80–100 % է։ A. flavus, A. niger բորբոսասնկերով տարբեր կերեր (հացահատիկ, խոտ, սենաժ և այլն) ախտահարվում են ոչ ճիշտ պահպանության (բարձր ջերմաստիճան և խոնավության ավելցուկ) պատճառով։ Որոճողների և խոզերի մոտ ասպերգիլոտոքսիկոզը սովորաբար դրսևորվում է որպես սուր թունավորում (ջերմաստիճանի բարձրացում, ընկճվածություն, նախաստամոքսների ատոնիա, սրտի աշխատանքի անբավարարություն)։ Կովերի մոտ ընդհատվում է կաթնատվությունը, հնարավոր են նաև վիժումներ, իսկ ձիերի մոտ՝ քրոնիկ ընթացք, նիհարում։

Ախտորոշում

Կերերի թունաբանական պարտադիր վերլուծության ժամանակ հիմք են ընդունում նաև կլինիկական և ախտաբանաանատոմիական տվյալները։ Բուժումը կերաբաժնում փչացած կերերի բացառում, որոճողների կտրիչի, խոզերի ստամոքսի լվացումներ, լուծողականներ, պատիճավորված նյութեր (հաբեր), խաղողաշաքարի լուծույթի, նատրիումի քլորիդի ներերակային, կարդիամինի և սրտային այլ միջոցների ներմաշկային ներարկումներ։

Կանխարգելում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կերերի ճիշտ պահպանություն, խիստ բորբոսնած կերերով կերակրման բացառում, իսկ ավելի քիչ բորբոսնած կերերով կերակրել միայն դրանց շոգեխաշումից, եռացնելուց կամ կրամշակումից հետո։ Aspergillus fumigatus սնկով վարակված կերերով (եգիպտացորեն, գետնանուշի, բամբակենու քուսպ) կենդանիներին կերակրելուց սնկի թույնն (աֆլատոքսինը) առաջացնում է ծանր թունավորումներ (աֆլատոքսիկոզ)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։