Նատրիումի քլորիդ
Նատրիումի քլորիդը (NaCl) կամ կերակրի աղը նատրիումի և քլորի քիմիական միացությունն է։ Նատրիումի բնական միացություններից ամենից մատչելին նատրիումի քլորիդն է։
Բովանդակություն |
Ֆիզիկական հատկությունները [խմբագրել]
Նատրիումի քլորիդը անգույն բյուրեղային նյութ է՝ աղի համով։ Մանր ջարդված վիճակում այն սպիտակ գույն ունի։
Բնության մեջ գտնվելը և ստացումը [խմբագրել]
Նատրիումի քլորիդը լուծված վիճակում գտնվում է ծովերի և օվկիանոսների ջրերում։ Ծովի ջուրը պարունակում է մինչև 3% նատրիումի քլորիդ։ Ծովի ջուրը գոլորշիացնելիս նրա մեջ լուծված աղերը նստում են։ Դրանից ծովափնյա վայրերում օգտվում են նատրիումի քլորիդ արդյունահանելու համար։
Տարածված է նաև նատրիումի քլորիդի ստացումը աղի լճերից, օրինակ՝ Բասկունչակ և Էլտոն լճերից։ Մի ժամանակ դրանք ծովածոցեր էին։ Անջատվելով ծովերից, ծովերը փոխարկվում են լճերի։ Աղի լճերը չորանում էին և նրանց բյուրեղային ձևով նստում էր նատրիումի քլորիդը։ Այսպիսի աղը կոչվում է ինքնանիստ աղ։ Վերջնականապես չորացած աղի լճերից տեղերում առաջացել են քարաղի հանքեր։
Կիրառումը [խմբագրել]
Նատրիումի քլորիդն անհրաժեշտ է մարդու օրգանիզմին․ դրա համար էլ այդ աղը պատկանում է առաջին անհրաժեշտության մթերքների թվին։ Շատ նոսր լուծույթի ձևով կերակրի աղը կիրառվում է նաև բժշկության մեջ (ֆիզիոլոգիական լուծույթ)։
Նատրիումի քլորիդը կիրառվում է պահածոներ պատրաստելու համար, այսինքն՝ սնունդը փչանալուց պաշտպանելու համար։ Աղ դրված միսը, ձուկը, բանջարեղենը ավելի երկար են պահվում, քան թարմ վիճակում, որովհետև բարձր կոնցենտրացիաների դեպքում աղը սպանում է փտեցնող միկրոօրգանիզմները։
Մեծ քանակությամբ կերակրի աղ օգտագործվում է նաև քիմիական արդյունաբերության մեջ կծու նատրոն, մետաղական նատրոն, սոդա և նատրիումի այլ միացություններ, ինչպես և քլոր և նրա բազմազան միացություններ ստանալու համար։
Աղի արտադրության մոտավորապես 51%-ը օգտագործվում է ցուրտ երկրներում ձմեռները փողոցների սառույցը հալեցնելու նպատակով[1]։ Փողոցների սառույցը հալեցնելու համար ավելի գերադասելի է օգտագործել կալցիումի քլորիդ, քանզի այն ջրի հետ լուծվելիս էներգիա է անջատում՝ այդպիսով տաքացնելով մոտակա սառույցը և ձյունը։ Այն նաև իջեցնում է հալման ջերմաստիճանը։ Նատրիումի քլորիդը նույնպես իջեցնում է հալման ջերմաստիճանը, սակայն լուծվելիս ջերմություն չի արձակում։ Սակայն նատրիումի քլորիդն ավելի մատչելի է, և պաշարելու կամ օգտագործելու հատուկ պայմաններ չի պահանջում, ի տարբերությւն կալցիումի քլորիդի[1]։ Մագնեզիումի քլորիդն էլ է հաճախ օգտագործվում այդ նպատակների համար։
Տեսեք նաև [խմբագրել]
Աղբյուրներ [խմբագրել]
- Յու․ Վ․ Խոդակով, Լ․ Ա․ Ցվետկով և ուրիշներ։ «Քիմիա», Երևան, 1961։
Ծանոթագրություններ [խմբագրել]