Անտեկերայի ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անտեկերայի ամրոց
իսպ.՝ Alcazaba de Antequera
Նկարագրություն
Տեսակամրոց, հուշարձան և դղյակ
Վարչական միավորԱնտեկերա[1][2]
Երկիր Իսպանիա[1][2]
Քարտեզ
Քարտեզ
 Alcazaba de Antequera Վիքիպահեստում

Անտեկերայի ամրոց (իսպ.՝ Alcazaba de Antequera), 14-րդ դարում կառուցված պաշտպանական կառույց Իսպանիայի Անդալուզիա ինքնավար համայնքի Անտեկերա քաղաքում։ Տեղակայված է Գրանադայից Սևիլյա տանող ճանապարհի մոտ[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայիս Անտեկերա քաղաքի տարածքում մ.թ.ա. 7-րդ հազարամյակի սկզբին բնակություն են հաստատել իբերները։ Մ. թ. ա. առաջին հազարամյակի վերջին քառորդում տարածքը գրավվել է հռոմեացիների կողմից և միացվել Հռոմեական կայսրությանը։ Քաղաքի անունը տվել են հռոմեացիները, ում տիրապետության ներքո այն արագ զարգացել է ու հայտնի դարձել որպես ձիթապտղի ձեթի արտադրման կենտրոն[3]։

Հինգերորդ դարում քաղաքում հայտնվել են բարբարոսների տարբեր ցեղեր՝ վանդալներ, ալաններ և այլն։ 554 թվականին Հուստինիանոս Ա կայսրը զորք է ուղարկում վերանվաճելու քաղաքը, սակայն 624 թվականին Անտիկերիան անցնում է վեստգոթերի տիրապետության տակ։ 711 թվականին բերբերները, անցնելով Ջիբրալթարի նեղուցը, կարճ ժամանակում գրավում են Պիրենեյան թերակղզին։ Անտեկերիա քաղաքը նույնպես գրավվում է և մավրերի կողմից ստանում նոր անուն՝ Մեդինա Անտակիրա (Medina Antaquira):

Նախապես Անտեկերիան եղել է ամրոց, որտեղ տեղավորված է եղել սիրիացիներից ու բերբերներից կազմված կայազոր։ Քաղաքն առավել կարևոր նշանակություն է ձեռք բերել 9-րդ դարի վերջին ու 10-րդ դարի սկզբին, երբ ավերվել ու թալանվել են հարևան այն քաղաքները, որոնք աջակցել են Ումա իբն Խաֆսունի (Uma ibn Hafsun) ապստամբությանը։ Խալիֆայության (912–1016) կազմավորումից հետո կառուցվել են ամրոցի առաջին պարիսպները։

Խալիֆայության՝ մանր թագավորությունների՝ տայֆաների բաժանվելուց հետո (1016-1190) Անտեկերան գրավվել է Համուդիի թագավորության կողմից, սակայն շուտով Գրանադան այդ տարածքները վերցրել է իր տիրապետության տակ։ Տայֆաների թույլ լինելու պատճառով կարճ ժամանակ անց Պիրենեյան թերակղզի են ներխուժել Ալ-Մորավիները, ապա Ալ-Մոհադները (1090-1232)։ Այդ ժամանակ Անտեկերան ծաղկում է ապրել. կառուցվել են երկու շարք պարիսպները, որոնք պահպանվում են ներկայում։ Այդ պարիսպները պաշտպանել են քաղաքը, որ այն ժամանակ գրավում էր շուրջ 62 000 քառ. մետր տարածք, իսկ բնակչությունը հասնում էր մինչև երկուսուկես հազար մարդ[3]։

13-րդ դարում՝ Նասրիդների տիրապետության տարիներին (1232-1492), քրիստոնյաների դեմ մղվող պատերազմի պատճառով նշանակալի փոփոխություններ են տեղի ունենում քաղաքի կյանքում։ Քրիստոնեական թագավորությունների սահմանները ընդհուպ մոտենում են Անտեկերային, որը վերածվում է կարևոր նշանակություն ունեցող սահմանային քաղաքի։ Նրա պաշտպանության համար կառուցվում է հզոր միջնաբերդ՝ Ալկասաբա (Alcazaba):

Հաջորդ 200 տարվա ընթացքում քաղաքը մշտապես ենթարկվել է քրիստոնյա թագավորների հարձակումներին։ 1361 թվականին քաղաքի պարիսպների պատճառով Անտեկերան չի կարողանում գրավել Պեդրո I Դաժան թագավորը։ Դրանից հետո քաղաքի բնակիչներն ամրացնում են պարիսպները։ Կառուցվում է նոր աշտարակ, ինչպես նաև «Մալագայի դարպասները», որոնք եղել են «Արդարադատության դարպասներ» նախագծի մաս, որ 14-րդ դարի երկրորդ կեսին սկսել էր Մուհամեդ V-ը։

Վերակառուցված ամրոցը դարձել է գործնականում անմատճելի, այդ պատճառով էլ կաստիլիացիներին հաջողվել է գրավել քաղաքը միայն հինգ ամիս տևած պաշարումից հետո։ Դա տեղի է ունեցել 1410 թվականին (հավանաբար սեպտեմբերի 16-ին[3]): Զորքն առաջնորդում էր Ֆերնանդո I Արագոնցին, ով երկու տարի անց՝ 1412 թվականին, դարձել է Արագոնի թագավոր։ Անտեկերայի գրավման համար նրան սկսել են կոչել Ֆերնանդո Անտեկերացի (Don Fernando de Antequera), իսկ ժամանակակից քաղաքի գլխավոր փողոցը ներկայում կրում է նրա անունը՝ Calle Infante Don Fernando:

Այն բանից հետո, երբ Անտեկերան դարձել է Կաստիլիայի թագավորության մաս, բոլոր մուսուլմանները վտարվել են քաղաքից, և այն դարձել է Կաթոլիկ թագավորների հենակետը Գրանադայի Նասրիդ թագավորների դեմ պայքարելու գործում։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտեկերան ունի պաշտպանական երեք գիծ, որ կոչվում են Cerro del Castillo: Կենտրոնում՝ լեռան վրա, տեղակայված է ամրոցը, որը շրջապատված է պարսպով։ Դրանց հետևում տեղակայված են զինվորների համար նախատեսված բարաքները։ Երրորդ պարիսպն ամբողջովին շրջապատել է հին քաղաքը։

Քրիստոնեական դարպասները, որ կառուցվել են 16-րդ դարում, ամրոցը բաժանում է երկու մասի՝ ռազմական ու քաղաքացիական, որտեղ տեղակայված է Նահանգապետի տունը, և հոգևոր, որտեղ գտնվում է Սան Սալվադորի եկեղեցին։ Դոնժոնը (Torre de Homenaje), որ կոչվում է նաև «Հնգանկյուն աշտարակ», գտնվում է ամրոցի հյուսիսարևմտյան անկյունում։ Այն կառուցվել է L տառի ձևով և ունի 17,26x17,44 մետր չափեր, իսկ բարձրությունը կազմում է 17,08 մետր։ Այն եղել է Ալ-Անդալուսում արաբների տիրապետության տարիներին գոյություն ունեցած ամենաբարձր աշտարակներից մեկը։ Դրանից բարձր է եղել միայն Ջիբրալթարի «La Calahorra» աշտարակը[4]։ Աշտարակն ունի երեք սենյակներ, որոնք տեղակայված են կենտրոնական սրահի շուրջը։ Նախկինում այն ունեցել է նաև երկրորդ հարկ, որտեղից աստիճանով բարձրացել են դեպի աշտարկի հարթ տանիք։ 1582 թվականին աշտարակի վրա կառուցվել է բրգաձև տանիք ունեցող ոչ մեծ զանգակատուն։ Այնտեղ տեղադրվել է քաղաքի գլխավոր զանգը, որին հետագայում ավելացվել է ժամացուցային համակարգ։ Աշտարակը կոչվում է նաև Papabellotas («կաղնիների հայր»), քանի որ նրա կառուցման համար ստիպված են եղել վաճառել խցանակաղնու մի ողջ անտառակ։

Սպիտակ աշտարակը (Torre Blanca), որ կառուցվել է Նազարիների տիրապետության տարիներին, ուղղանկյուն է և ունի 9,7x9 մետր չափեր, իսկ բարձրությունը հասնում է 19,25 մետրի։ Նախկինում ունեցել է երկու հարկ, սակայն այն ժամանակ, երբ սկսվել են վերակառուցողական աշխատանքները, միջհարկային ծածկը գրեթե բացակայել է։ Աշտարակի մուտքը գտնվում է ամրոցի արևմտյան պատի մեջ։ Աշտարակի առաջին հարկն օգտագործվել է ռազմական նպատակներով, իսկ երկրորդ հարկում տեղակայված են եղել հինգ ոչ մեծ սենյակներ, որոնք նախատեսված են եղել մարդկանց բնակության համար։ Սենյակներից մեկը, որն ունի պատշգամբ, հավանաբար նախատեսված է եղել պատվավոր հյուրերի կամ ամրոցի բնակիչների համար[4]։

Ամրոցի արտաքին աշտարակը (Torre del Quiebro) Սպիտակ աշտարակին հարող պատի հետ միասին ավերվել էր 1510 թվականին։ Հնագիտական պեղումների հիման վրա աշտարակը վերականգնվել է։

Ամրոցում նախկինում եղել է մզկիթ (Mesquita de Alcazaba): Հետագայում նրա տեղում կառուցվել է Սան Սալվադոր եկեղեցին։ Ամրոցում կա 6.20x4.10 մետր չափեր ունեցող քառանկյունաձև ցիստեռն, 6x3 մետր չափեր ունեցող գետնահարկ, որն օգտագործվել է որպես բանտ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. 2,0 2,1 Անդալուսիայի մշակութային ժառանգության թվային ուղեցույց (իսպ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Անտեկերայի ամրոց. պատմություն». allcastles.ru. Վերցված է 15 սեպտեմբերի, 2016-ին. (ռուս.)
  4. 4,0 4,1 «Անտեկերայի ամրոց. ճարտարապետություն». allcastles.ru. Վերցված է 16 սեպտեմբերի, 2016-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]