Անհատական ինքնապաշտպանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
US Navy 050525-N-0413R-187 The nuclear powered aircraft carrier USS Nimitz (CVN 68) lead ships assigned to the Nimitz Strike Group and the Japan Maritime Self Defense Force (JMSDF) in formation during a photo-ex in the Pacific.jpg
SU 60 DA-SC-86-04487.jpg

Անհատական ինքնապաշտպանություն, պետության զինված գործողություն այլ պետության զինված հարձակմանն ի պատասխան։ Դրա սկզբունքներն ամրագրված են ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածով։

Նկարագրություն[խմբագրել]

Անհատական ինքնապաշտպանության ժամանակ նախատեսվող միջոցառումների մասին անհրաժեշտ է անհապաղ տեղեկացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին։ Տուժող պետությունը, ագրեսորի հետ կապված չլինելով խնդիրների խաղաղ կարգավորման պարտավորություններով, ինքն է որոշում պաշտպանական գործողությունների սկիզբը, դրանց բնույթը և իրականացման միջոցները՝ բացառությամբ միջազգային իրավունքով արգելված զենքի կիրառության։ Այն կարող է ունենալ հարձակողական բնույթ և տեղափոխվել նախահարձակ պետության տարածք զինված հարձակումը խափանելու և նորը թույլ չտալու նպատակով։ Ինքնապաշտպանությունը դադարեցվում է տուժող սուբյեկտի քաղաքական անկախության և տարածքային ամբողջականության վերականգնման դեպքում։

ԼՂՀ-ի դիմումը՝ ուղղված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին[խմբագրել]

ԼՂՀ-ն՝ որպես արտաքին ագրեսիայի ենթարկված և Անհատական ինքնապաշտպանության դիմող միջազգային իրավունքի սուբյեկտ, տեղեկացրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին իր Անհատական ինքնապաշտպանության իրավունքն իրականացնելու համալիր միջոցառումներ սկսելու մասին և 1992 թվականի մայիսի 6-ին հղել հետևյալ դիմումը.

Դիմում[խմբագրել]

ԼՂՀ-ի Զինանշան
Կարմիր գոտի

«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին - ԼՂՀ ԳԽ-ը տեղեկացնում է Ձեզ ԼՂՀ-ի հանդեպ Ադրբեջանի Հանրապետության չդադարող ակտիվ ռազմական գործողությունների մասին՝ ուղղված ԼՂՀ քաղաքական անկախության դեմ։ Ավերվում են հանրապետության քաղաքներն ու գյուղերը, զոհվում են անմեղ մարդիկ, չկա սննդամթերք, դեղորայք, ջուր, էլեկտրականություն։ Վաղուց դադարեցված է գազի մատակարարումը։ Ադրբեջանի ազգային բանակը խաղաղ բնակչության դեմ օգտագործում է զանգվածային ոչնչացման զենք, ռմբակոծում մեր երկրի քաղաքներն ու գյուղերը։ Մարդկության դեմ գործվում է ծանրագույն հանցագործություն։ Խախտվում են 1925 թվականիի Ժնևի արձանագրության պարտավորությունները. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1974 թվականի բանաձևը, «Պատերազմի զոհերի պաշտպանության» ժնևյան կոնվենցիան, ինչպես նաև զինված հակամարտության ժամանակ մարդու իրավունքներին վերաբերող միջազգային իրավունքի մյուս նորմերը։ Վերոշարադրված իրադրությունը ԼՂՀ-ի, որպես միջազգային իրավունքի սուբյեկտի, ղեկավարությանը պարտավորեցնում է դիմել անհատական ինքնապաշտպանության բոլոր միջոցներին՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի։ Ադրբեջանի ձեռնարկած ակտիվ ռազմական գործողությունների բնույթը, ղրանց նախահարձակությունը, հանցավորությունը, տևականությունը խոսում են ԼՂՀ-ի դեմ այդ հանրապետության անթաքույց ագրեսիայի մասին։ Ծանուցելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մեր կողմից ձեռնարկվող անհատական ինքնապաշտպանության միջոցառումների մասին՝ խնդրում ենք հաստատել Ադրբեջանի Հանրապետության ագրեսիան ԼՂՀ-ի հանդեպ և ագրեսիայի դեմ ձեռնարկել ՄԱԿ-ի կանոնադրությամբ նախատեսված հատուկ միջոցներ»։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png