Աղջկա աշտարակ (Տալլին)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աղջկա աշտարակն ու քաղաքային պատի մի հատվածը, 2011 թ.

Աղջկա աշտարակ (էստ․՝ Neitsitorn, Megede torn), աշտարակ Տալլինի պատի հարավարևմտյան կողմում։ Ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Աշտարակում է տեղավորված Տալլինի քաղաքային թանգարանի մասնաճյուղը։

Աշտարակն իր անվանումն ստացել է աշտարակի կապիտան Հինսե Մոգհեի (գերմ.՝ Hinse Meghe) պատվին։ Հետագայում աշտարակի անվանումն ձևափոխվել է, դարձել գերմ.՝ Mägdethurm, Mädchenthurm, որի էստոներեն թարգմանությունից էլ առաջացել է Neitsitorn անվանումը։

Աշտարակը հավանաբար կառուցվել է XIV դարի առաջին քառորդում։ Առաջին անգամ այն հիշատակվում է 1373 թվականին։ Աշտարակի հիմքն ունի շեղանկյան տեսք։ Բարձրությունը 12.5 մ է։ Աշտարակն ունի երեք հարկ։

Լիվոնյան պատերազմի ժամանակ՝ 1577 թվականին, Տալլինը պաշարած ռուսները զգալիորեն վնասել են աշտարակը։ Հետագայում այն վերականգնվել է և մինչև 1626 թվականն օգտագործվել է որպես բանտ։ Հերթական վերակառուցումից հետո՝ 1842 թվականին, աշտարակն սկսել է օգտագործվել որպես բնակելի տուն։

19-րդ դարի վերջից մինչև 20-րդ դարի 60-ական թթ. աշտարակում տեղ էին գտել նկարիչների արվեստանոցներ, այդ թվում՝ Քրիստիան և Պաուլ Ռաուդների արվեստանոցները։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո երկար տարիներ Աղջկա աշտարակում ապրել է անվանի ճարտարապետ Կառլ Բուրմանը[1]։ Ավերված աշտարակն սկսեցին վերանորոգել 1968 թվականին՝ բավականին փոխելով ներքին դիզայնը։ Աշտարակի՝ միջնադարյան Ներքին քաղաքի կողմի պատը դարձրին ապակեպատ։ 1981 թվականին աշտարակում բացվեց «Neitsitorni» հայտնի ռեստորանը։ 2004-2011 թվականներին աշտարակը փակ էր։ Աշտարակի՝ Տալլինի քաղաքային թանգարանին հանձնելուց հետո սկսվեցին նորոգել այն։ Վերակառուցողական հիմնական աշխատանքներն սկսեցին 2012 թ. մայիսին և ավարտվեցին 2013 թ. փետրվարին։ Այդ ընթացքում վերակառուցվեցին աշտարակի չորս հարկերը, Աղջկա ու Տալի աշտարակների անցումը։ Կառուցվեց նոր անցում Աղջկա աշտարակից դեպի Կիկ-ին-դե-Կյոկ աշտարակը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]