Ադրբեջանահայ երաժշտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բաքուն 19-րդ դարի վերջից հայ մշակույթի կենտրոններից էր, որտեղ հայ երաժշտական կյանքում կարևոր դեր են ունեցել աշուղները։ Հայտնի աշուղներ Փարսին (15-րդ դար), Դոնին (աշուղների ուսուցիչը, 18-րդ դար), Ղազարը (19-րդ դար) երգել են թուրքերեն և մասնակցել աշուղ, մրցույթներին։ 19-րդ դարում ապրել և ստեղծագործել է աշուղ Սեյադը (Պետրոս Մադաթյան)։ 1885 թվականին Բաքվում իր երգչախմբով ելույթ է ունեցել Ք. Կարա-Մուրզան, 1886 թվականին Մ. Եկմալյանը հայկական եկեղեցում ղեկավարել է իր «Պատարագը», 1908 թվականին դասախոսություններով և համերգով ելույթ է ունեցել Կոմիտասը։ Կոմպոզիտոր Անտոն Մայիլյանի նախաձեռնությամբ և խմբագրությամբ հրատարակվել է «Թատրոն և երաժշտություն» հանդեսը (1910-1917 թվականներին)։ 1920-ական թվականներին կազմակերպել է բանվոր, առաջին երգչախմբերը, մանկական երաժշտաթատերական ստուդիան՝ հայկական և ադրբեջանական բաժանմունքներով, ելույթներ ունեցել համերգներով։ Երկար տարիներ Բաքվում է ստեղծագործել կոմպոզիտոր և խմբավար Ստեփան Դեմուրյանը ղեկավարել է բազմաթիվ դպրոցներ, երգչախմբեր, հանդես եկել համերգներով։ 1934-1938 թվականներին Բաքվի կոնսերվատորիայի տնօրենը կոմպոզիտոր Ա. Տեր-Ղեվոնդյանն էր։ Բաքվում է ապրել և ստեղծագործել կոմպոզիտոր Անդրեյ Բաբաևը։ Թառահարներից և քամանչահարներից հայտնի են Բալա Մելիքովը, Գրիգորի տղա Մելիքովը, Արսեն Յարամիշևը, Արշակ Սողոմոնովը, Վաղո Մելքումովը, Թադևոս Հարությունյանը, Սողոմոն Սեյրանյանը, Լևոն Կարախանը, Ս. Օգանեզաշվիլին և ուրիշներ։ Վերջինս հիմևադրել է Բաքվի Արևելյան երաժշտության առաջին դասընթացները (1914 թվական)։ Կոմպոզիտոր Ավանես Ավանեսյանը Բաքվում կազմակերպել և ղեկավարել է Ադրբեջանական ժողովրդական գործիքների պետական առաջին (1920 թվական), հիմնադրել կանանց ժողովրդական գործիքների (1925 թվական) նվագախմբերը, դասավանդել է երաժշտական տեխնիկումում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։