Ստեփան Դեմուրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստեփան Դեմուրյան
Ծնվել էհունիսի 12 (24), 1871[1]
Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]
Երկիր Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մահացել էհունվարի 13, 1934(1934-01-13)[1] (62 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանԳերեզման Ստեփան Դեմուրյանի և Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն
Մասնագիտությունխմբավար, ազգագրագետ և կոմպոզիտոր
ԿրթությունՆերսիսյան դպրոց (1892)[1] և Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա (1901)[1]
 Stephan Demuryan Վիքիպահեստում

Ստեփան Գուրգենի Դեմուրյան (հունիսի 12 (24), 1871[1], Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - հունվարի 13, 1934(1934-01-13)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ երաժշտագետ, ֆոլկլորագետ, մանկավարժ, կոմպոզիտոր և երգիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեփան Դեմուրյանը ծնվել է 1872 թվականին, Թիֆլիսում, ձկնորսի ընտանիքում։ Մոր ջանքերով 1883-1892 թվականներին խմբավարություն, երգ-երաժշտություն է սովորել Ներսիսյան դպրոցում, 1892 թվականին՝ Մակար Եկմալյանի մոտ։ 1898 թվականին մեկնել է Պետերբուրգ, ընդունվել կոնսերվատորիա, վոկալ արվեստ սովորել Ս. Գաբելի մոտ։ Մասնավոր կարգով զբաղվել է նաև կոմպոզիցիայով։ Դասերի ծախսերը հոգացել է Ալեքսանդր Սպենդիարյանը։ 1901 թվականին ստիպված վերադարձել է հայրենիք՝ անավարտ թողնելով ուսումը և նորից սկսել աշխատել։

Դեմուրյանը երգ-երաժշտություն է դասավանդել Շուշի քաղաքի թեմական և Մարիամյան դպրոցում (1892-1917, ընդմիջումներով), Գորիում՝ 1895-1898, Ռուսաստանի, Հարավային Կովկասի և Հյուսիսային կովկասի զանազան քաղաքներում (1903-1924), Բաքվում (1924-1926), Երևանի Աբովյանի և Միասնիկյանի դպրոցներում (1926-1934)։ 1921 թվականին Դեմուրյանն աշխատել է Պյատիգորսկում որպես ուսուցիչ, անվճար համերգներ է տվել կարիքավոր ընտանիքների համար և բեմադրել Արմեն Տիգրանյանի Անուշ օպերան։

Դեմուրյանների տունը հավաքատեղի է եղել հայ մտավորականներից շատերի համար՝ կոմպոզիտորներ Ռոմանոս Մելիքյան, Արամ Քոչարյան, Սպիրիդոն Մելիքյան, Մարտին Մազմանյան, երգչուհի Արուս Բաբալյան, երգիչ Պավել Լիսիցյան և երաժշտագետ Ռուբեն Թերլեմեզյան, գրողներ Չարենց, Ազատ Վշտունի, Գուրգեն Մահարի, դերասաններ Ջանան և Հրաչյա Հերսիսյան, ռեժիսոր Վարդան Աճեմյան և ճարտարապետ Գևորգ Քոչար, նկարիչ Միքայել Արուտչյան։

Մահացել է 1934 թվականին հունվարի 13-ին կարճատև, տառապալից հիվանդությունից (արյան զեղում)[2]։

Ստեղծագործական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեմուրյանն իր ստեղծագործական կյանքի ընթացքում հավաքել և կորստից փրկել է հայ երգի բազմաթիվ նմուշներ, կրթական գործունեություն է ծավալել, պրոպագանդել երգ-երաժշտություն, փորձել իր ուժերը երաժշտական տեսության բնագավառում, ներդաշնակեցրել ժողովրդական երգեր և վերջապես, հորինել իր սեփական ստեղծագործությունները։ Դեմուրյանի ստեղծագործական գործունեությունը հիմնականում ծավալվել է անսամբլային ժանրում։

Դեմուրյանի կյանքը սերտորեն կապված էր բեմի հետ. կազմակերպել է հայ օպերաների բեմադրություններ (Արմեն Տիգրանյանի «Անուշը» և Դ. Ղազարյանի «Գյուլնազ տատի հեքիաթը» 1917 թվականին Շուշիում, «Անուշը»՝ 1921 թվականին Պյատիգորսկում և այլն)։ Նկարահանվել է «Երկու գիշեր» կինոֆիլմում։ Դեմուրյանի խաղը ռազմական ղեկավարի դերում բարձր գնահատականի է արժանացել։ Կատարել է Պեպոյի դերը ուսուցչական ուժերով կազմակերպած «Պեպո» ներկայացման մեջ։

Երեք տարի աշխատել է Գորի քաղաքում (1895-1898), որտեղ նրա կազմած երգեցիկ խումբը համերգներ է տվել ինչպես այդ քաղաքում, այնպես և մոտակա գյուղերում ու շրջաններում՝ Սուրամում, Ախալքալաքում և այլուր։

Շուշիում իր գործունեությունը ավարտելուց հետո Դեմուրյանը 1926 թվականի ամռանը համերգներ է կազմակերպում նաև Լենինականում և Երևանում։ Նույն թվականից նա Երևանի Մյասնիկյանի և Աբովյանի անվան դպրոցի ուսուցիչ էր, ուր աշխատել է մինչև կյանքի վերջը։ Բազմաթիվ համերգներ է տվել Կարմիր բանակի զինվորների համար։ 1929 թվականի ամռան ամիսներին Ստեփանակերտում կազմակերպել է մասսայական համերգներ, հանդես է եկել տարբեր ակումբներում։

Ստեփան Դեմուրյանի գերեզմանը Կոմիտասի անվան պանթեոնում

Դեմուրյանի գործունեությունը, որը հիմնականում ծավալվել է մանկավարժական և կատարողական ասպարեզում, մշտապես զուգակցվել է երաժշտագիտական, բանահավաքչական և գիտական աշխատանքի հետ։ Բոլոր բնագավառներում էլ նա դրսևորել է մասնագիտական բարձր պրոֆեսիոնալիզմ` հենված գիտական մեթոդաբանության վրա, ինչը հնարավորություն է տվել ձևավորելու հայ երաժշտագիտական, մանկավարժական և մշակութաբանական մտքի կայացման համար։

Մանկավարժությունը և խմբավարությունը կարևոր տեղ են զբաղեցնում Դեմուրյանի ստեղծագործության մեջ։ Նա կարողացել է դասավանդման ճիշտ մեթոդի շնորհիվ աշակերտների և խմբի երգիչների մոտ սեր արթնացնել դեպի երաժշտությունը։ Երգը նրա ընկալմամբ կյանքն իմաստավորող և խթանող մի միջոց էր։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

1904 թվականին ամուսնացել է Օսաննա Հովհաննեսի Յարալյանի հետ (հետագայում՝ Սոֆյա Իվանովնա Դեմուրյան)։ Դեմուրյանի որդիներն են՝ Գուրգեն Դեմուրյանը՝ գիտությունների թեկնածու, բիոքիմիկոս, և Թամար Դեմուրյանը՝ Հայաստանի վաստակավոր արտիստուհի, ասմունքի վարպետ։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մարգարիտ Բրուտյան (1969). Ստեփան Դեմուրյան. Երևան.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Չարենցի անվ. ԳԱԹ. Դեմուրյանի արխիվ.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստեփան Դեմուրյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 346