Jump to content

Օլդենբուրգցու ամառանոց (Քարե կղզի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օլդենբուրգցու ամառանոց
Տեսակկալվածք
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՍանկտ Պետերբուրգ
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Օլդենբուրգցու ամառանոց (ռուս.՝ Дача Ольденбургского, այլ անվանումը՝ Դոլգորուկովի ամառանոց, ռուս.՝ Дача Долгорукова), Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքի Քարե կղզում գտնվող ռուսական կլասիցիզմի ժամանակաշրջանի փայտե ճարտարապետության կարևորագույն հուշարձաններից մեկը, որը 1831-1833 թվականներին կառուցել է ճարտարապետ Սմարագդ Լոգինովիչ Շուստովը։

Հասցեն՝ Սանկտ Պետերբուրգ, Փոքր Նևկայի առափ, 11։

Ամառանոցը կառուցվել է արքունիքի ախոռապետ իշխան Վլադիմիր Դոլգորուկովին պատկանած հողամասում և 1833 թվականին, անմիջապես շինարարության ավարտից հետո, վաճառվել է արքայազն Պետեր (Պյոտր) Գեորգիևիչ Օլդենբուրգցուն։

Տունը գտնվում է երկու թեքամուտքով բարձր հարթակի վրա։ Սա քառակուսի հատակագծով շինություն է, որի կենտրոնում կա հյուրասենյակներով շրջապատված դահլիճ-ռոտոնդա։ Կենտրոնական դահլիճը թեք գմբեթի տակ է, որմնասյուներով բաժանվում է երկու հարկի և զարդարված է բուսանախշերով։ Շուստովի նախագծի համաձայն՝ երեք ճակատները զարդարված էին մատնեքավոր դորիական սյուներ ունեցող նախամուտքերով, որոնց հենվում էին երկրորդ հարկի պատշգամբները։ Մեծ կիսաշրջանաձև պատուհանները զարդարում էին գլխավոր ճակատը։

1830-ական թվականների վերջին - 1840-ական թվականների սկզբին ճարտարապետ Անդրեյ Շտակենշնայդերը մասամբ վերակառուցել է շենքը և վերադեկորավորել ներսույթները։ Բացի այդ, Շտակենշնայդերի նախագծով, Փոքր Նևկա գետի առափի կողմից կառուցվել է պարիսպ (1836 թվականին)[1] և իշխանին սպասարկող անձնակազմի ու թիկնազորի համար կարմիր աղյուսից կառուցվել է կողաշենք։

1928 թվականին Օլդենբուրգցու ամառանոցը, բնակարաններ ստեղծելու նպատակով, վերահատակագծվել է՝ ոչնչացնելով ներքին հարդարման մեծ մասը։ 1930 թվականին հրդեհից տուժել է տան գմբեթը, որը վերականգնվել է 1936-1937 թվականներին։ 1978 թվականին հանրակացարանի վերածված տանը կրկին հրդեհ է բռնկվել, այրվել են գմբեթը և կենտրոնական մասը։ 1982 թվականին այն ամբողջությամբ ապամոնտաժվել է և նորից կառուցվել է այլ նյութով՝ փայտե երեսվածքով[2]։ Աշխատանքներն ավարտվել են 1989 թվականին։

2017 թվականին նախատեսվում էր ամառանոցի և հարակից այգու սեփականաշնորհումը[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Дача князя В. В. Долгорукова - Дача принца П. Г. Ольденбургского - Жилой дом - Общежитие».
  2. «Усадьбы и дачи». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 18-ին.
  3. «Что не нужно государству». Վերցված է 2017 թ․ փետրվարի 17-ին.