Օգոպոգո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օգոպոգո
Տեսակլճի հրեշ
ՎայրԿանադա
 Ogopogo Վիքիպահեստում

Օգոպոգո (անգլ.՝ Ogopogo), նաև կոչվում է Նհա-ա-տիկ կամ Նայտակա (սալիշերեն՝ n’ha-a-tik - լճի հրեշ), հրեշ, որը հնդկացիական լեգենդների համաձայն բնակվում է Օկանագան (Բրիտանական Կոլումբիա, Կանադա) լճում։ Ըստ նկարագրության ունի 4-6 (երբեմն մինչև 9) մետր երկարություն և 40-60 սանտիմետր հաստություն, գլուխը նման է ձիու կամ այծի գլխի։ Օգոպոգոի հետ հանդիպումների արխիվային գրառումները գոյություն ունեն 1872 թվականից. հրեշին տեսել են ավելի քան 200 մարդ։

Օգոպոգոն հնդկացիական հավատալիքներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեգենդների համաձայն՝ մի թափառաշրջիկ Օկանագան լճի ափին սպանում է հարգարժան ծերունու և, որպես պատիժ, վերածվում հրեշի։ Հին հնդկացիական հրեշի անունը Նհա-ա-տիկ կամ Նայտակ (լճի հրեշ) է, «Օգոպոգո» անունը հորինվել է 1920-ական թվականներին։

Լճի տարածքում պահպանվել են հրեշի ժայռապատկերները։ Այն պատկերված է երկար պարանոցով, նեղ մարմինով և չորս լողաթևերով։ Ըստ լեգենդի՝ Նհա-ա-տիկն ապրում է անմարդաբնակ Ռեթլսնեյք կղզում և գիշատիչ է։ Լեգենդներից մեկի համաձայն՝ հրեշն իր պոչով ուժեղ ալիք է բարձրացրել և խեղդել նավակով ընթացող Տիմբասկաետին ու նրա ամբողջ ընտանիքին։ Արխիվային գրառումների համաձայն՝ լիճը հատելիս հնդկացիները միշտ մի փոքրիկ կենդանի էին իրենց հետ վերցնում, որ ճանապարհի կեսին այն բաց թողնեն և սիրաշահեն հրեշին։ «Օկանագանի առաքելության պատմության» մեջ նշվում է, որ լճի որոշ վայրերում հնդկացիները երբեք ձկնորսությամբ չեն զբաղվել։ Առաջին եվրոպական բնակիչները, իրենց հերթին հավատացել են Նհա-ա-տիկի իրականությանը և նույնիսկ կազմակերպել են ծովափնյա պաշտպանություն հրեշից։ 1926 թվականին, երբ լաստանավը սկսել է անցնել լճի երկայնքով, իշխանությունները մտադիր են եղել հրեշին վախեցնելու միջոցներ ձեռնարկել[1] :

Օկանագան լիճը

Ականատեսներ և լուսանկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենավաղ արխիվային նյութերը հավաստում են սպիտակ կանադացիների և Նհա-ա-տիկի հանդիպման մասին։

1914 թվականին, Ռեթլսնեյք կղզու հակառակ ափին նետված էր չորս լողաթևերով, մոտ 160 կիլոգրամ քաշով և երկուսուկես մետր երկարությամբ կենդանու կիսափտած մարմին։ Սկզբում ենթադրվում էր, որ դա եղել է լամանտին, սակայն առաջ քաշվեց այն վարկածը, որ դա լճի հրեշի մարմինն է, որի պարանոցն արդեն ամբողջությամբ փտել էր։

Լճի հրեշի հետ հանդիպման առավել մեծ ապացույցը վերագրվում է 1926 թվականին, երբ այն միաժամանակ տեսել էին մոտ երեսուն մեքենաների ուղևորներ։ Դրանից հետո «Վանկուվեր Սան» թերթի խմբագիրը գրել է. «Շատ արժանի մարդիկ տեսել են նրան ու չեն կարող անտեսել իրական փաստերի նշանակությունը»։ 1947 թվականին Օգոպոգոյին միաժամանակ զննել են մի քանի նավերի ուղևորներ։

Դիտարկումների վերաբերյալ հաշվետվություններն ավելացել են 1958 թվականին կամրջանավի բացումից հետո, որը հատելիս նոր հաղորդագրություններ էին ստացվում մարդկանցից։

Նկարագրությունների մեծ մասը, ինչպես նաև Ռոյ Մեկելը, նշում են կանաչավուն-դարչնագույն կամ ոսկե դարչնագույն հարթ մարմնի մասին՝ գրեթե առանց թեփուկների (թեփուկների մասին նշում են միայն նրանք, ովքեր տեսել են կենդանուն մոտ տարածությունից), գլխի հատվածում ցցամազերով։

1968 թվականին Արթուր Ֆոլդենոմը լուսանկարել է Օգոպոգոյին, և այդ կադրերը հրեշի իրական լինելու կողմնակիցների համար իրենց օգտին խոսող համոզիչ ապացույցներ են։ Լուսանկարչական ժապավենի վրա տպված է որոշ մռայլ առարկա։ 1989 թվականին, ըստ «Globe and Mail» թերթի, կանադացի Քեն Չապլին երեք ու կես րոպե տևողությամբ մի տեսահոլովակ է նկարահանել, որտեղ կարելի է տեսնել մի երկար մարմին, որը գալարվում է ջրի մակերեսին։ Վերջին տասնամյակների ընթացքում բազմաթիվ մարդիկ տարբեր լուսանկարներ են արել[2]։

Հիպոթեզներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթե հայտնի Լոխ-Նեսսի հրեշին շատերը համարում են, որ ապրում է մինչև մեր օրեր, Օգոպոգոյի վերաբերյալ նման միաձայնություն չկա։ Ոմանք, այդ թվում Կելոունից թղթակից Ֆրենկ Լիլկվիիստը, կարծում են, որ նա պեզիոզավր է։ Ռոյ Մեկելը կարծում է, որ խոսքը պարզունակ բազիլոզավրի մասին է, որոնք տարբերվում էին օձակերպ մարմնի ձևով։

Միևնույն ժամանակ, կասկածներ կան Օգոպոգոյի գոյության հնարավորության մասին, մասնավորապես, հենվելով այն հանգամանքի վրա, որ լճի կենսազանգվածն անկարող է աջակցել այդ չափի կենդանիների գոյությանը։ Քելոունի թանգարանի համադրող Սելեստ Գանասեն նշում է, որ Կանադայի հնդկացիական ցեղերի շրջանում լճի հրեշների մասին լեգենդները ապացույցն են այն բանի, որ Նհա-ա-տիկը ընդամենը միֆ է։

Այլընտրանքային բացատրություններից մեկը ցույց է տալիս, որ դիտորդները կարող էին տեսնել մեկը մյուսի հետևից լողացող ջրասամույրի ճտախումբը, որոնց մեջքի հատվածը ջրից դուրս է մնում։ Այլ բացատրություններում նշում են թառափներ և այլ խոշոր ձկներ, կուղբեր, եղնիկներ և պարզապես գերաններ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Gaal, Arlene (2001) In Search of Ogopogo. Hancock House, Surrey, B.C.
  • Gaal, Arlene (1986) Ogopogo: The True Story of The Okanagan Lake Million Dollar Monster. Hancock House, Surrey, BC.
  • Moon, Mary (1977) Ogopogo. Douglas Ltd., North Vancouver, Canada.
  • Nickell, Joe (2006) "Ogopogo: The Lake Okangan Monster". Skeptical Inquirer, 30(1): 16–19.
  • Radford, Benjamin (2006) "Ogopogo the Chameleon". Skeptical Inquirer, 30(1): 41–46.
  • Radford, Benjamin and Nickell, Joe (2006) Lake Monster Mysteries: Investigating the World’s Most Elusive Creatures. University Press of Kentucky, Lexington, KY.
  • Salmonson, Jessica Amanda (1992) The Mysterious Doom and Other Ghostly Tales of the Pacific Northwest: 149. Sasquatch Books, Seattle, WA.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ogopogo the Chameleon - CSI». www.csicop.org. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 28-ին.
  2. «Ogopogo: Canada's Loch Ness Monster». Live Science. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]