Քրոնոտոպ
Քրոնոտոպ (հունարեն՝ χρόνος «ժամանակ» և հունարեն՝ τόπος «տեղ»), տարածաժամանակային կոորդինատների օրինաչափ կապ[1]։
Ծագումը
[խմբագրել | խմբագրել կոդը]«Քրոնոտոպ» եզրույթն առաջին անգամ իր ֆիզիոլոգիական հետազոտություններում գործածել է Ա. Ուխտոմսկին, այնուհետև այն հումանիտար գիտությունների դաշտ է ներմուծվել Միխայիլ Բախտինի կողմից:«Ուխտոմսկին ելնում էր այն հանգամանքից, որ տարաժամանակությունը ներդաշնակության արդյունք է՝ ժամանակի, արագության, գործողության ռիթմի, ինչպես նաև դրա կատարման առանձին տարրերի ժամկետների շաղկապվածությունը, որը որոշակի գործառույթներ ունեցող կենտրոն է ստեղծում տարածականորեն առանձին խմբերից»[2]։ Ուխտոմսկին ելնում է նաև Ա. Էյնշտեյնի դրույթներից՝ հիշատակելով «Ժամանակ-տարածություն»- ը՝ ժամանակի և տարածության միաձուլումը։ Սակայն այդ հասկացությունը նա ներմուծում է մարդու ընկալման համատեքստում. «Քրոնոտոպի տեսանկյունից այժմ արդեն գոյություն ունեն ոչ թե առանձին կետեր, այլ կենդանի և իրականությունից անբաժանելի դեպքեր[3]»:
Բախտինյան քրոնոտոպ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Քրոնոտոպ» ասելով՝ Բախտինը ևս հասկանում է ժամանակի և տարածության «էական փոխկապվածությունը»[4] «Գրականության մեջ քրոնոտոպն էական ժանրային նշանակություն ունի։ Կարելի է պարզապես ասել, որ հենց քրոնոտոպի միջոցով են որոշվում ժանրը և ժանրի տարատեսակները, ըստ որում՝ գեղարվեստական իրականության մեջ քրոնոտոպի առաջատարը ժամանակն է։ Իբրև ձևական - բովանդակային կարգ (կատեգորիա)՝ զգալիորեն հենց քրոնոտոպն է գրականության մեջ ձևավորում մարդու կերպարը, իսկ այդ կերպարը միշտ էականորեն քրոնոտոպային՝ տարածաժամանակային է։ Իրական պատմական քրոնոտոպի յուրացումը գրականության մեջ ընթացել է դժվարություններով և ընդհատումներով. յուրացրել են քրոնոտոպի որոշակի՝ պատմական տվյալ ժամանակին մատչելի կողմերը, իրական քրոնոտոպի գեղարվեստական յուրացման միայն որոշակի ձևեր են մշակվել։ Սկզբնական շրջանում արդյունավետ ժանրային այս ձևերը (ֆորմաները) ամրագրվում էին ավանդույթի կարգով և իրենց զարգացման մեջ համառորեն շարունակում էին գոյություն ունենալ նաև այն ժամանակ, երբ ամբողջովին կորցրած էին լինում իրենց իրական և հավասարակշռված (ադեկվատ) նշանակությունը։ Այստեղից էլ, հենց, գրականության մեջ ծագում են խորապես տարաժամանակյա երևույթները[5]։ Բախտինի աշխատությունների շնորհիվ եզրույթը նշանակալի ճանաչում գտավ ինչպես ռուսական, այնպես էլ եվրոպական փիլիսոփայական - մշակութային դաշտում։ Պատմաբաններից այն հաճախ է կիրառել Արոն Գուրևիչը։
Քրոնոտոպը սոցիալական փիլիսոփայության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Քրոնոտոպ» ասելով՝ սոցիալական փիլիսոփայության մեջ հասկանում են տիպական հաղորդակցային իրավիճակ, որը կրկնվում է որոշակի ժամանակի և տարածության մեջ։ Հայտնի են դպրոցական դասի քրոնոտոպը, որում հաղորդակցման ձևերը ամրագրված են ուսուցման ավանդույթներով, հիվանդասենյակի քրոնոտոպը, որտեղ դոմինանտ կարգուկանոնը (բուժվելու սուր ցանկությունը, հույսերը, կասկածները, տան կարոտը) յուրահատուկ դրոշմ են դնում հաղորդակցման և մյուս գործընթացների վրա[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ухтомский А. А. Доминанта. СПб.: Питер, 2002. С. 347.
- ↑ Большой психологический словарь / Сост. Мещеряков Б., Зинченко В. — М.: Олма-пресс, 2004.
- ↑ Ухтомский А. А. Доминанта. — СПб.: Питер, 2002. — С. 342.
- ↑ Бахтин М. М. Формы времени и хронотопа в романе. Очерки по исторической поэтике // Бахтин М. М. Вопросы литературы и эстетики: Сб. — М.: Худ. лит., 1975. — С. 234—407. Термин также активно используется в работах Бахтина «Проблемы творчества Достоевского» и «Творчество Франсуа Рабле и народная культура средневековья и Ренессанса».
- ↑ http://philologos.narod.ru/bakhtin/hronotop/hronmain.html
- ↑ Общая психология. Словарь / Под ред. А. В. Петровского // Психологический лексикон. Энциклопедический словарь в шести томах / Ред.-сост. Л. А. Карпенко. Под общ. ред. А. В. Петровского. — М.: ПЕР СЭ, 2005.