Քարե սանդուղք (Տագանրոգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քարտեզ
Քարտեզ

Քարե սանդուղք (ռուս.՝ Каменная лестница), համարվում է Տագանրոգի տեսարժան վայրերից մեկը։ Աստիճանը միացնում է Հունական փողոցը Նավահանգստային փողոցի և Պուշկինի առափի հետ։ Երկարությունը 108 մետր է, լայնությունը` 6,5 մետր[1]։ Նախագծի հեղինակն է ճարտարապետ Ֆրանց Բոֆոն[2]։ Համարվում է ճարտարապետական հուշարձան, ընդգրկված է Ռուսաստանի Դաշնության մշակութային ժառանգության օբյեկտների ցանկում, հաշվառված է 6101222000 համարի տակ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սանդուղքը կառուցվել է տագանրոգցի, հունական ծագումով բարերար Գերասիմ Ֆյոդորովիչ Դեպալդոյի միջոցներով 1823 թվականին։ 1822 թվականի դեկտեմբերի 31-ի իր հոգևոր կտակում Դեպալդոն գրել է. «Սանդուղքը նախատեսվում է կառուցել պալատական խորհրդական Կովալինսկու և հույն Քրիստոյի տների միջև գտնվող բորսա իջնելու նպատակով»։

Նախագծի հեղինակը համարվում է ճարտարապետ Ֆրանց Բոֆոն[2]։ Վադիմ Կուկուշինն իր հայտնի «Ներքին Դոնի և Մերձազովյան ճարտարապետության պատմությունը» մենագրության մեջ գրում է. «Տագանրոգում սանդուղք կառուցելու գաղափարը տվել է փոխգնդապետ Պ. Մակեդոնսկին, իսկ շինարարական աշխատանքները ղեկավարել է ինժեներ Անիսիմովը»[3]։ Պյոտր Իվանովիչ Մակեդոնսկին պալատական խորհրդական էր, Տագանրոգի ճարտարապետը, 1800-1830-ական թվականներին եղել է քաղաքային շինությունների կոմիտեի նախագահ։

Սանդուղքի շնարարությունն ավարտվել է 1823 թվականի սեպտեմբերի 14-ին։

Քարե սանդուղքն ի սկզբանե ունեցել է 13 հարթակ և 142 աստիճան, լայնությունը վերին մասում կազմում է 5,42 մ, ստորին մասում` 7,12 մ, երկարությունը 113 մ։ Աստիճանը եզրազարդված է ոչ բարձր արգելապատով, սալիկապատված է սարմատական կրաքարով (խեցաքար)։ Ճարտարապետի մտահղացման համաձայն, եթե նայում եք սանդուղքին վերևից ներքև, ապա թվում է ամբողջ լայնությունը նույնն է, իսկ ներքևից վերև նայելիս, այն նկատելիորեն նեղանում է։ Այս տպավորությունը ձեռք է բերվում աստիճանների տարբեր լայնությունների շնորհիվ։ Հետագայում այս ոճաձևը օգտագործվեց Օդեսայում Պոտյոմկինյան սանդուղքների շինարարության ընթացքում[3]։

Ղրիմի պատերազմի ժամանակ, 1855 թվականի մայիսի 22-ին , քաղաքի հրետակոծությունից հետո, հարյուր հոգանոց անգլիական ջոկատը փորձեց ափ իջնել և վեր բարձրանալ Դեպալդովյան աստիճաններով։ Բայց հարյուրապետ Երմոլովի գլխավորությամբ օգնության հասած դոնի կազակները իրենց դիպուկ կրակոցներով կանգնեցրին անգլիացիներին։ Քարե սանդուղքի կապիտալ վերանորոգումը սկսվեց 1934 թվականին։ Նախատեսվում էր տեղադրել մ.թ.ա. I-V դարերի մինչև 30 գիպսե անտիկ քանդակներ` «Կապուանյան Աֆրոդիտե», «Միլոսյան շուն», «Տղան սագի հետ», «Մատից փուշ հանող տղան» և այլ քանդակներ, որ պետք է զարդարեին աստիճանները։ 1935 թվականի մայիսի 1-ին ավարտվեցին հիմնական աշխատանքները, տեղադրվեցին 8 քանդակներ, 30 հունական և հռոմեական ծաղկամաններ։ Աստիճանների զառիվայրը կանաչապատվել էր, լուսավորվել լամպերի և լուսարձակների միջոցով։ Ներքևի մասում ձևավորել էին երկու փոքրիկ պուրակներ շատրվաններով, որտեղ կազմակերպում էին զովացուցիչ ըմպելիքների և պաղպաղակի վաճառք։

Քաղվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «…Հետիոտների համար կառուցվել է շատ գեղեցիկ քարե սանդուղք, հույն դե-Պալդիի նվիրատվության շնորհիվ, որը 15 հազար ռուբլի էր կտակել այդ աշխատանքների համար։ Մնում է այն ավարտել ներքևից, որի համար անհրաժեշտ է գնել մաքսային պահեստը և այն քանդել։ Սանդուղքը ուղիղ տանում է դեպի Հունական փողոց, իսկ վերևում կառուցվել է հարթակ բաց սանդղավանդակի տեսքով, նստարաններով։ Խոստովանում եմ, որ այստեղ ակամա կարելի է հանգստանալ կես ժամում, քանի որ խարսխակայանի տեսքը, հատկապես երեկոյան, երբ վերադառնում են մերձափնյա նավարկության գնացած նավակները և սկսում են առկայծել նավախցիկների լույսերը, ոչնչի հետ չի կարելի համեմատել» - Պավել Սվինին, «Տագանրոգ», 1825։
  • «Սանդուղքի ընդհանուր երկարությունը կազմում է 113 մետր, յուրաքանչյուր աստիճանի միջին լայնությունը 7 մետր, աստիճանների ընդհանուր թվի վերաբերյալ նախկինում հրապարակված թվերը տարբերվում են իրարից (142 և 189) և անհամապատասխանությունը բացառելու նպատակով , ճշտվել է, որ 1995 թվականի հունիսի 1-ի դրությամբ սանդուղքը բաղկացած է 14 սանդղաբաժիններից և ունի 171 աստիճան, իսկ յուրաքանչյուր սանդղաբաժնի աստիճանների թիվը կազմում է 4-ից մինչև 19։ Ներկայումս յուրաքանչյուր աստիճանի չափը (լայնությունը), ինչպես վերին այնպես էլ ստորին հատվածներում, տատանվում է 5-ից մինչև 5,4 մետր, այսինքն վերին և ստորին հատվածի աստիճանները ունեն նույն չափը, ինչը անընդունելի է։ Այս ամենը հետևանք է այն բանի, որ խորհրդային տարիներին սանդուղքի վերակառուցման ընթացքում խախտվել է տարածական հեռապատկերի դիտարկման սկզբունքը, նախագծում հաշվի էր առնվել վերին և ստորին մասերի աստիճանների չափերի որոշակի տարբերությունը նրա ողջ երկայնքում, այդ դեպքում վերևից ներքև նայելիս թվում էր, որ դրանք ունեն միանման չափեր։ Հիշեցնենք, որ իջնելիս նախկինում աստիճանների միջին լայնությունը կազմում էր յոթ մետր»[4] - Օլեգ Գավրյուշկին, «Հին Հունականով», 2003։

Ներկայիս վիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականից ի վեր Տագանրոգում, քաղաքի օրվա տոնակատարության շրջանակներում, ամեն տարի կազմակերպվում է վազքի մրցումներ Քարե սանդուղքով`«188 աստիճաններ»։

2006 թվականին իրականացվեց վերակառուցում, որի ընթացքում սարմատյան կրաքարից պատրաստված աստիճանները փոխարինվեցին գրանիտով[1]։ Այս որոշումը առաջացրեց քաղաքացիների ոչ միանշանակ արձագանքը, շատերը գտնում էին, որ դրանով ոչնչացվեց Քարե սանդուղքի պատմական կոլորիտը։

2012 թվականին Քարե սանդուղքը ներառվեց «Ռուսական հրաշք 2012» մրցույթի տարածաշրջանային փուլ[5]։

2013 թվականի օգոստոսին Տագանրոգի քաղաքապետ Վլադիմիր Պրասոլովը հայտարարեց Քարե սանդուղքի ստորին հատվածում «Տագանրոգ - մարտական փառքի քաղաք» կոթող կառուցելու որոշման մասին «Սա միանշանակ կլինի քաղաքի ափամերձ տարածքի պատմական կարևոր հատված»[6]։ Կոթողի տեղադրման վայրի վերաբերյալ որոշումը խստորեն քննադատվեց մամուլի և հասարակ քաղաքացիների կողմից[7][8][9]։

2014 թվականի գարնանը Քարե սանդուղքի ստորոտում բացվեց վերակառուցված «La Bouche» ռեստորանը, որը տեղական լրագրողների կարծիքով նշանակալի հարված հասցրեց պատմական հուշարձանի ամբողջականությանը[10]։

Ամառային ժամանակահատվածում Քարե սանդուղքը ամեն շաբաթ լվանում են հրշեջ փողրակների միջոցով[10]։

Հնագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականից սկսած ռուս և գերմանացի հնագետները Քարե սանդուղքի ստորոտում լայնածավալ հետազոտություններ սկսեցին[11]։ Մ. թ.ա. յոթերորդ դարում այստեղ եղել է հին հունական բնակատեղի, որը հիմնականում բնակեցված է եղել հյուսիսային Իոնիայի գաղթականներով։ Կերամիկական խեցեղենի մշակութային շերտը գտնվում է չորս ու կես մետր խորության վրա[12]։

Ավելի ուշ այստեղ եղել է նաև Խազարական կագանատի ժամանակների բնակավայր[12]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Назаренко И. В. Каменная лестница // Таганрог. Энциклопедия. - Таганрог: Антон, 2008. - С. 377. - ISBN 978-5-88040-064-5.
  2. 2,0 2,1 Собств. корр. Каменная лестница Таганрога стала частью легенды о русской Ассоль(չաշխատող հղում) // Агентство Национальных Новостей. - 2006. - 19 сент.
  3. 3,0 3,1 Кукушин В. С. История архитектуры Нижнего Дона и Приазовья. - Ростов-на-Дону: ГинГо, 1996. - С. 38. - ISBN 5-88616-027-2.
  4. Гаврюшкин О. П. По старой Греческой… (Хроника обывательской жизни). — Таганрог: Лукоморье, 2003. — 514 с. — ISBN 5-901565-15-0.
  5. Миронова Е. В Ростовской области выбирают самое чудесное место в России // Комсомольская правда. - 2012. - 26 июля.
  6. Челнокова В. Стеле место нашли, лошадям - пока нет // Таганрог. - 2013. - 9 авг. - С. 1.
  7. Собств. корр. Стелу воинской славы Таганрога установят возле Старой каменной лестницы // bloknot-taganrog.ru. - 2013. - 26 авг.
  8. Собств. корр. Таганрогские власти в третий раз «окончательно» определились с местом установки стелы города воинской славы Արխիվացված 2013-10-16 Wayback Machine // Русская Планета. - 2013. - 26 авг.
  9. Кандыбко О. О воинской славе Таганрога, муниципальных напастях и скверных городских историях // - 2013. - 8 окт.
  10. 10,0 10,1 Собств. корр. Каменная лестница в стиле la-bouche // Таганрогская правда. - 2014. - 16 мая.
  11. Предки кавказских народов пришли из Месопотамии // www.rsci.ru. - 2011
  12. 12,0 12,1 Маршрут древних греков закончился в… Таганроге gazeta.aif.ru 26/08/2009

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]