Փոխհատվող կամարներ
Փոխհատվող կամարներ, հայկական ճարտարապետությանը բնորոշ կառուցվածքային հնարք, տարածության մեջ երկու կամ ավելի թվով փոխադարձաբար հատվող կամարներ, որոնցով ստեղծվում է ծածկի համար հենարան ծառայող կոշտ և կայուն համակարգ։ Փոխհատվող կամարների մասին հայանի վաղագույն հիշատակությունը պատկանում է Անանուն Արծրունու և վերաբերում է Աղթամար կղզում Գագիկ Արծրունի թագավորի 10-րդ դարի սկզբին կառուցված պալատի ծածկին։ Փոխհատվող կամարների համակարգն իր կառուցվածքային–ճարտարւսպետական կատարելությամբ 10–11-րդ դարերում Հայաստանում արդեն առկա էր։ Կիրառվում են քառակուսի հատակագծով կամ միջանկյալ ազատ կանգնած զույգ հենարանների օգնությամբ դրան բերված շինությունները ծածկելու համար։ Դասակարգվում են ըստ միմյանց հետ հատվող կամարների քանակի։ Երկու կամարանոց տարբերակում փոխհատումը կատարվում է մեկ կետում, կամարներն ունենում են անկյունագծային կամ պատերին ուղղահայաց դասավորություն, կիրառվում են ոչ մեծ մակերեսներով շինությունները ծածկելու համար։ Չորս կամարանոց տարբերակում, շինության յուրաքանչյուր կողմում, գերազանցապես որմնամույթերի կամ որմնասյուների վրա հենվող երկուական կամարներ խաչաձևվում են իրար հետ՝ ծածկը բաժանելով ինն մասի։ Այդ ուշագրավ տարբերակը լայն կիրառություն է ունեցել միջնադարյան գավիթներում, գրատներում, սեղանատներում (Հաղպատ, Հաղարածին), եկեղեցիներում (Գեղարդի վիմափոր, Զորացիրի Սուրբ Էջմիածին) և այլն։ Ծածկի կենտրոնական քառակուսի մասն ունենում է երդիկ, անցումը հիմքի քառակուսուց երդիկի շրջագծին կատարվում է փոխհատվող կամարների համակարգի կրկնակի կիրառումով, հազարաշեն ծածկի սկզբունքով, շթաքարերի օգնությամբ և այլն։ Վեց կամարանոց տարբերակում կամարները, զույգ–զույգ միանալով կրունկի մասում, կազմում են վեցաթև աստղ, իսկ միջին մասում՝ հավասարակողմ վեցանկյունի (Խորակերտի եկեղեցի, Մակարավանքի, Խորանաշատի, Նեղուցի գավիթներ)։ Փոխհատվող կամարների հնարքը կիրառվել է նաև սովետահայ ճարտարապետության մեջ՝ Հաղթանակի մոնումենտ Երևանում, Սարդարապատի հուշահամալիրի սեղանատուն (ճարտարապետ Ռ․Իսրայելյան), ՀՍՍՀ ԳԱ նախագահության նիստերի դահլիճ (ճարտարապետ Ս․Սաֆարյան) և այլն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |