Jump to content

Փիրոսմանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փիրոսմանի
ռուս.՝ Пиросмани
ԵրկիրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Ժանրֆիլմ-կենսագրություն
Թվական1969
Լեզուվրացերեն
ՌեժիսորԳեորգի Շենգելայա
Սցենարի հեղինակԳեորգի Շենգելայա
Էրլոմ Ախվլեդիանի
ԴերակատարներԱվթանդիլ Վարազի
Դավիթ Աբաշիձե
Զուրաբ Կապիանիձե
Բորիս Ցիպուրիա
ՕպերատորԿոնստանտին Ապրյատին
ԵրաժշտությունՎախթանգ Կուխիանիձե
ԿինոընկերությունՎրացֆիլմ
Տևողություն86 րոպե

Փիրոսմանի (վրաց.՝ ფიროსმანი), ռեժիսոր Գեորգի Շենգելայայի կենսագրական ֆիլմը վրացի նկարիչ Նիկո Փիրոսմանիի մասին։ Նկարահանվել է Վրացֆիլմ կինոստուդիայում 1969 թվականին[1]։

Ֆիլմում պատկերված են դրվագներ նկարչի կյանքից։ Փիրոսմանին (1862-1918) ինքնուս էր և վաստակում էր Թիֆլիսի դուքանների համար նկարներ ու ցուցանակներ նկարելով։ Կրպակ բացելու և առևտրով զբաղվելու փորձն անհաջողությամբ է պսակվում։ Կարիքը ողջ կյանքի ընթացքում ուղեկցել է նկարչին։ Դրան զուգահեռ նա հաճախ քննադատության էր ենթարկվում գեղանկարիչ-ակադեմիստների կողմից։ Չնայած աղքատությանն ու չընդունված լինելուն՝ Փիրոսմանին մնում է հավատարիմ իրեն ու իր արվեստին։

Բեմադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմում, ինչպես 1960-ական ու 1970-ական թվականների վրացի մյուս նկարիչների աշխատանքների մեծ մասում, շեշտը դրվում է ազգային առանձնահատկությունների ցուցադրության վրա։ Բացի դրանից, Շենգելայան կինեմատոգրաֆիան մոտեցնում է Փիրոսմանիի գեղանկարչության ոճին. ողջ ֆիլմը նկարչի ստեղծագործություններին բնորոշ էպիզոդների շղթա է, որոնք ներկայացնում են կենցաղային սյուժեներ՝ ճաշկերույթ, առևտուր կրպակում, դուքանի ինտերիեր։ Դեկորացիաները հասարակ են, ինչը նմանվում է Փիրոսմանիի կտավների պրիմիտիվիզմին։ Ֆիլմում գրեթե բացակայում են բնության տեսարանները։ Ձգտելով փոխանցել Փիրոսմանիի կենցաղային գեղանկարչության յուրահատկությունները՝ ռեժիսորը ավելի հաճախ օգտագործում է թատրոնին, ոչ թե կինեմատոգրաֆիային հատուկ միջոցների՝ սյուժեն բաժանելով առանձին էպիզոդ-տեսարանների, որոնց գործողությունները ծավալվում են նույն դեկորացիաներում։

Ֆիլմին հատուկ կոլորիտ են հաղորդում Փիրոսմանիի նկարները, որոնք նույնպես գործող կերպարներ են, ինչպես ֆիլմի մյուս գործող անձինք։ Ֆիլմում ցուցադրվում են Փիրոսմանիի տասնյակ կտավներ, որոնք ընդգծում են սյուժեի զարգացումը։ Այսպես, Նիկո Փիրոսմանիի ստեղծագործական ակտիվության շրջանում նկարները ուղղակի լցնում են կադրը, իսկ նկարչի դժբախտության պահերին դրանք գրեթե անհետանում են։ Նկարչին պատահած վերջին դժբախտություններից մեկն էլ ընկերների լուռ օտարացումն է, որի պատճառ էր դարձել թերթում տպագրված քննադատությունը։ Այդ պահին էկրանին հայտնվում է «Ընձուղտ» կտավը, որի շնորհիվ ֆիլմի սկզբում երիտասարդ ֆուտուրիստները սկսել էին հետաքրքրվել Փիրոսմանիի արվեստով։ Հեռանալով ընկերներից՝ նկարիչն այդ կտավը վերցնում է իր հետ։

  • 1974 - Միջազգային կինոփառատոն Ազոլոյում - Մրցանակ լավագույն կենսագրական ֆիլմի համար
  • 1974 - Միջազգային կինոփառատոն Չիկագոյում - «Հյուգո մրցանակ» (գրան-պրի)

Ավթանդիլ Վարազին (1926-1977), ով ֆիլմում կատարում է Նիկո Փիրոսմանիի դերը, պրոֆեսիոնալ նկարիչ է (նա նաև ֆիլմի բեմադրող նկարիչներից մեկն էր)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Փիրոսմանի» ֆիլմը kino-teatr.ru կայքում (ռուս.)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]