Ցլամարտ
Ցլամարտ, կորիդա (իսպ.՝ corrida de toros, բառացի՝ ցլերի վազք), իսպանական ազգային հանդիսախաղ։ Ծագումը կապված է Պիրենեյան թերակղզում ցլի պաշտամունքի հետ։ Իսպանիայում հայտնի է եղել դեռևս XI-րդ դարում։ Միջին դարերում ցլամարտի մասնակցել են միայն հեծյալ նիզակակիր ասպետները։ Որպես ժամանակակից կրկեսային ներկայացում, որը տեղի է ունենում հատուկ ասպարեզում (իսպ․` plaza de toros - ցուլերի հրապարակ) պրոֆեսիոնալ կատարողների՝ տորերոների (torero, toreador < toreo - ցլամարտ) մասնակցությամբ, ձևավորվել է 18-րդ դարի սկզբին։ Գլխավոր գործող անձը ցլամարտիկն է՝ մատադորը (matadorCmatar - սպանել), որը սպանում է կենդանուն՝ ծոծրակին հասցված սուսերի հարվածով։ Մատադորին օգնում են տորերոները․ ոմանք՝ հեծյալ նիզակակիրները (պիկադոր, picador < ֆրանս․ pique - նիզակ), նիզակներով գրգռում, կատաղեցնում են ցուլին, մյուսները՝ բանդերիլիերոները (banderillero < banderilla - ժապավենազարդ փոքրիկ նիզակ) փոքրիկ հարպուններ են ցցում նրա պարանոցին, երրորդները՝ չուլոները (chulo), մատադորին սպառնացող վտանգի դեպքում վառ թիկնոցներով շեղում են ցուլի ուշադրությունը։ Իսպանիայից բացի, ցլամարտեր կազմակերպվում են նաև Պորտուգալիայում, Ֆրանսիայի հարավում, ինչպես նաև Լատինական Ամերիկայի երկրներում (16-րդ դարից)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |