Jump to content

Տումիի հուշարձանները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տումիի հուշարձանները, Տումին գյուղ է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հադրութի շրջանում, որի տարածքում կան մի շարք պատմական և մշակութային հուշարձաններ։

Իգակոց կամ Հայկազն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իգակոց կամ Հայկազն, հին գյուղատեղի, գտնվում է Տոմուց արևելք, Իշխանագետի ափին։ Մատուռը՝ կից փոքրիկ սրահով ավերված է։ Շուրջը խոշոր տապանաքարերով գերեզմանատունն է։ Նկատելի են բնակատեղիի հետքերը։ Կործանվել է 15-րդ դարի վերջին[1]։

Սուրբ Հովհաննես եկեղեցի[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Հովհաննես եկեղեցին գտնվում է Տումի գյուղում, ուղղանկյուն դահլիճի հորինվածքով հուշարձան է՝ կառուցված 17-րդ դարում։

Ղլենքար[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղլենքարը (բերդ) գտնվում է Տումի գյուղից 6-7 կմ արևմուտք, հյուսիսից հարավ թեքված բարձր, անմատչելի ժայռի վրա։ Ենթադրվում է, որ Գորոզ բերդը եղել է այս ժայռազանգվածի գագաթին։ Բերդի մուտքի մոտ, հյուսիսային կողմում, նկատելի են պարսպի մնացորդներ, սեղանի մեծությամբ բազմաթիվ հղկված քարերի կույտեր, բնակատեղեր և պաշտպանական օժանդակ այլ շինությունների հետքեր։ Ենթադրվում է, որ ամրոցը գաղտնի դուռ է ունեցել, որի տեղն անհայտ է եղել։ Բերդը թունգերով ջուր է ստացել 800 մետր ցած գտնվող աղբյուրից։

Թաղալ աղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թաղալ աղբյուրը գտնվում է Ղլենքարից հյուսիս, բերդի թիկունքում, բերդից 800 մետր ցած։ Տեղացիների վկայությամբ այս աղբյուրը (որի ջուրը տարին բոլոր ունի 4 աստիճան) հնում թշնամիներից քողարկվել, թաքցվել և հատուկ թունգերով գետնի տակով բարձրացվել է մինչև Գորոզ բերդի մուտքը։ Աղբյուրի անվանումը կապված է թաղված, քողարկված աղբյուր լինելու հանգամանքի հետ։

Խտտրոխութ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խտտրոխութը խոշոր հնավայր է, որը գտնվում է Տոմուց 3 կմ արևմուտք։ Այստեղ են գտնվում հին, կործանված եկեղեցու փլատակները, տնատեղերի հիմնապատերը և ընդարձակ գերեզմանատան հողմնահարված տապանաքարերը։

Վարդապետի աղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարդապետի աղբյուրը հուշարձան է Խտտրոխութի արևելյան լանջին։

Ստեփնոցենց խութ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեփնոցենց խութը գտնվում է Տումի գյուղի հյուսիսային մասում, մոտ 4 կմ հեռավորության վրա, բլրի գագաթին, որտեղ կան հին գյուղատեղիի ավերակներ, գերեզմանաքարեր, ցաք ու ցրիվ թափված խաչքարեր։ Տումեցիները փլված եկեղեցին և բլուրը կոչում են Ստեփանոսի անունով։

Մկրտչի տեփեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մկրտչի տեփերը հին գյուղատեղի է և ամառանողներ։ Հնավայրը գտնվում է Ծավեր կոչվող անտառի և Դիզափայտ լեռան ալպյան մարգագետինների գոտու միջև, Տոմուց-Խանձաձոր գնացող ճանապարհի աջ կողմում։

Կարմիր քարի շինատեղ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարմիր քարի շինատեղը տարածվում է Տոմուց դեպի արևմուտք, սղոցարանի մոտ։

Խաչին արտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչին արտը գյուղատեղի է, որը գտնվում է Տոմուց դեպի արևելք, Գտչավանք գնացող ճանապարհի աջ կողմում։ Այստեղ կան հին եկեղեցու ավերակներ, խաչքարեր, բնակատեղիի հետքեր։

Հայկազնի կամուրջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկազնի կամուրջը միակամար կամուրջ է՝ կառուցված Իքյակ գետի վրա։ Պահպանված վիմագրության համաձայն՝ այն 18-րդ դարի հուշարձան է, որով անցնող ճանապարհը Վարանդա գավառակը կապում է Գտչավանքի և Կատարովանքի հետ։

Յոթ դռնանի[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոթ դռնանին ավերակ վանք է, որը գտնվում է Տոմուց վերև, Թաղալ աղբյուրի մոտակայքում։

Բաղնիք արքունականք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաղնիք արքունականը գտնվում է Տոմուց դեպի Ճոխտպռվածառի վանքը տանող ճանապարհի վրա, Քեֆաձորում, անտառափեշ բացատում, հանքային աղբյուրի մոտ։ Այստեղ է գտնվել Դիզակի իշխանության առողջարանը, բաղնիք-բուժարանը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Շահեն Մկրտչյան, «Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները», «Հայաստան» հրատարակչություն, Երևան, 1985.