Տումիի հուշարձանները
Տումիի հուշարձանները, Տումին գյուղ է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հադրութի շրջանում, որի տարածքում կան մի շարք պատմական և մշակութային հուշարձաններ։
Իգակոց կամ Հայկազն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իգակոց կամ Հայկազն, հին գյուղատեղի, գտնվում է Տոմուց արևելք, Իշխանագետի ափին։ Մատուռը՝ կից փոքրիկ սրահով ավերված է։ Շուրջը խոշոր տապանաքարերով գերեզմանատունն է։ Նկատելի են բնակատեղիի հետքերը։ Կործանվել է 15-րդ դարի վերջին[1]։
Սուրբ Հովհաննես եկեղեցի
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուրբ Հովհաննես եկեղեցին գտնվում է Տումի գյուղում, ուղղանկյուն դահլիճի հորինվածքով հուշարձան է՝ կառուցված 17-րդ դարում։
Ղլենքար
[խմբագրել | խմբագրել կոդը]Ղլենքարը (բերդ) գտնվում է Տումի գյուղից 6-7 կմ արևմուտք, հյուսիսից հարավ թեքված բարձր, անմատչելի ժայռի վրա։ Ենթադրվում է, որ Գորոզ բերդը եղել է այս ժայռազանգվածի գագաթին։ Բերդի մուտքի մոտ, հյուսիսային կողմում, նկատելի են պարսպի մնացորդներ, սեղանի մեծությամբ բազմաթիվ հղկված քարերի կույտեր, բնակատեղեր և պաշտպանական օժանդակ այլ շինությունների հետքեր։ Ենթադրվում է, որ ամրոցը գաղտնի դուռ է ունեցել, որի տեղն անհայտ է եղել։ Բերդը թունգերով ջուր է ստացել 800 մետր ցած գտնվող աղբյուրից։
Թաղալ աղբյուր
[խմբագրել | խմբագրել կոդը]Թաղալ աղբյուրը գտնվում է Ղլենքարից հյուսիս, բերդի թիկունքում, բերդից 800 մետր ցած։ Տեղացիների վկայությամբ այս աղբյուրը (որի ջուրը տարին բոլոր ունի 4 աստիճան) հնում թշնամիներից քողարկվել, թաքցվել և հատուկ թունգերով գետնի տակով բարձրացվել է մինչև Գորոզ բերդի մուտքը։ Աղբյուրի անվանումը կապված է թաղված, քողարկված աղբյուր լինելու հանգամանքի հետ։
Խտտրոխութ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խտտրոխութը խոշոր հնավայր է, որը գտնվում է Տոմուց 3 կմ արևմուտք։ Այստեղ են գտնվում հին, կործանված եկեղեցու փլատակները, տնատեղերի հիմնապատերը և ընդարձակ գերեզմանատան հողմնահարված տապանաքարերը։
Վարդապետի աղբյուր
[խմբագրել | խմբագրել կոդը]Վարդապետի աղբյուրը հուշարձան է Խտտրոխութի արևելյան լանջին։
Ստեփնոցենց խութ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստեփնոցենց խութը գտնվում է Տումի գյուղի հյուսիսային մասում, մոտ 4 կմ հեռավորության վրա, բլրի գագաթին, որտեղ կան հին գյուղատեղիի ավերակներ, գերեզմանաքարեր, ցաք ու ցրիվ թափված խաչքարեր։ Տումեցիները փլված եկեղեցին և բլուրը կոչում են Ստեփանոսի անունով։
Մկրտչի տեփեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մկրտչի տեփերը հին գյուղատեղի է և ամառանողներ։ Հնավայրը գտնվում է Ծավեր կոչվող անտառի և Դիզափայտ լեռան ալպյան մարգագետինների գոտու միջև, Տոմուց-Խանձաձոր գնացող ճանապարհի աջ կողմում։
Կարմիր քարի շինատեղ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարմիր քարի շինատեղը տարածվում է Տոմուց դեպի արևմուտք, սղոցարանի մոտ։
Խաչին արտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաչին արտը գյուղատեղի է, որը գտնվում է Տոմուց դեպի արևելք, Գտչավանք գնացող ճանապարհի աջ կողմում։ Այստեղ կան հին եկեղեցու ավերակներ, խաչքարեր, բնակատեղիի հետքեր։
Հայկազնի կամուրջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայկազնի կամուրջը միակամար կամուրջ է՝ կառուցված Իքյակ գետի վրա։ Պահպանված վիմագրության համաձայն՝ այն 18-րդ դարի հուշարձան է, որով անցնող ճանապարհը Վարանդա գավառակը կապում է Գտչավանքի և Կատարովանքի հետ։
Յոթ դռնանի
[խմբագրել | խմբագրել կոդը]Յոթ դռնանին ավերակ վանք է, որը գտնվում է Տոմուց վերև, Թաղալ աղբյուրի մոտակայքում։
Բաղնիք արքունականք
[խմբագրել | խմբագրել կոդը]Բաղնիք արքունականը գտնվում է Տոմուց դեպի Ճոխտպռվածառի վանքը տանող ճանապարհի վրա, Քեֆաձորում, անտառափեշ բացատում, հանքային աղբյուրի մոտ։ Այստեղ է գտնվել Դիզակի իշխանության առողջարանը, բաղնիք-բուժարանը։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Շահեն Մկրտչյան, «Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները», «Հայաստան» հրատարակչություն, Երևան, 1985.