Տորտոսայի ամրոց (կատ.՝ Suda de Tortosa) կամ Սուդայի ամրոց (կատ.՝ Castell de la Suda, Սուդ արաբերեն նշանակում է բերդ, ամրոց), միջնադարյան պաշտպանական կառույց ԻսպանիայիԿատալոնիայի ինքնավար մարզի Տորտոսա քաղաքում[2]։ Քաղաքի գլխավոր տեսարժան վայրն է։
Հայտարարվել է Իսպանիայի պատմամշակութային հուշարձան և ստացել է RI-51-0006747 գրանցման համարը։
Ամրոցը քաղաքի ամենահին կառույցներից մեկն է և վերաբերում է նրա առաջին բնակիչներին։ Ռեկոնկիստայի ժամանակ ամրոցը բաժանվել է երեք մասի։ Քրիստոֆոր Դեսպուջը (կատ.՝ Cristòfor Despuig) իր «Տրակտատ Տորտոսա հայտնի քաղաքի մասին» (կատ.՝ Los Col·loquis de la insigne ciutat de Tortosa) երկում գրում է, որ Ռամոն Բերենգեր IV-ը ամրոցը մասամբ նվիրել է այն ասպետներին, ովքեր ամրոցի գրավման ժամանակ առաջին են բարձրացել նրա պատերի վրա։ Ամրոցի մի մասը հասել է Գիյեմ Ռամոն I դե Մոնկադային (կատ.՝ Guillem Ramon I de Montcada), երկրորդը՝ Պեռ դե Սենմենատին, իսկ երրորդ մասը Ռամոն Բերենգեր IV-ը թողել է իրեն։
Ամրոցի առաջին պատերը կառուցվել են հռոմեացիների իշխանության օրոք։ Հետագայում ամրոցը զարգացրել են մուսուլմանները և մասնավորապես խալիֆ
Աբդ ար-Ռահման III-ը։ Ռեկոնկիստայի ժամանակ՝ 1148 թվականի դեկտեմբերին, ամրոցը գրավվել է Ռամոն Բերենգար IV-ի կողմից և հանձնվել Մոնկադա տանն ու տաճարականներին՝ ի նշան երախտագիտության պատերազմում իրեն օգնելու համար։
Արագոնի թագավոր Խայմե Նվաճողն ամրոցը դարձրել է իր նստավայրն ու իր հենարանը Մորելյայի, Պենիսկոլայի ու Բուրիանայի նվաճման ժամանակ։ 1294 թվականին, երբ Տորտոսան անցել է թագավորի տիրապետության տակ, ամրոցը դարձել է թագավորի նստավայր, ինչից հետո այնտեղ կառուցվել են նոր շինություններ ու պաշտպանական նոր տարրեր։ Տորտոսայի մարքիզ Ինֆանտ Ֆերանի (կատ.՝ Ferran d'Aragó i de Castella) իշխանության տարիներին ամրոցը եղել է նրա ձեռքում։ 1363 թվականին ամրոցը, ինչպես և քաղաքի գերիշխանությունը վերադարձվել է Պեդրո IV թագավորին, որից հետո ամրոցը կրկին ընդլայնվել է[3]։
Ներկայումս ամրոցի զբոսաշրջային գրասենյակում կարելի է տեսնել երեք հին բուխարիներ ու չորս մեծ պատուհաններ, որ ստեղծված են կատալոնյան գոթիկայի (կատ.՝ Gòtic català) ոճով։ Ամրոցում պահպանվում է նաև զենքերի հավաքածուն։
Միջնադարում ամրոցում տեղավորված է եղել դատարան։ Հռամեական ամրաշինական կառույցները փակվել են 17-րդ և 18-րդ դարերի շինություններով, որ երկու հարևան բլուրները միացրել են ամրաշինական մեկ համակարգի մեջ։
Ամրոցի մուտքի մոտ գտնվում է մուսուլմանների գերեզմանոց։ 1972 թվականին այնտեղ գտնվել են 10-րդ դարի էպիտաֆիա, որում հիշատակվում է քաղաքագլուխը, և դագաղի կափարիչ (ներկայում պահվում է Տորտոսայի քաղաքային թանգարանում), որի վրա փորագրված է եղել հատված Ղուրանից։