Տիեզերական ֆիզիոլոգիա
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Տիեզերական ֆիզիոլոգիա, տիեզերական կենսաբանության և բժշկագիտության բաժին, ուսումնասիրում է ֆունկցիաների կարգավորման և փոխհատուցման (կոմպենսացման) մեխանիզմները օրգանիզմի վրա տիեզերական թռիչքի բոլոր գործոնների ամբողջության ազդեցության պայմաններում։ Տիեզերական թռիչքներին յուրահատուկ են միջավայրի բնույթի հետ կապված գործոնները՝ օդի ծայրահեղ նոսրությունը, ջերմային ռեժիմը, իոնացնող ճառագայթումը, երկնաքարերի առկայությունը են, հրթիռային ապարատների թռիչքի դինամիկայի հետ կապված գործոնները՝ մեծ արագացումներ, անկշռություն, թրթռում, աղմուկ,․ սահմանափակ ծավալով հերմետիկ խցիկի արհեստական պայմաններում երկարատև մնալու գործոնները՝ մեկուսացում, անշարժություն, հուզական լարվածություն, ցերեկ-գիշեր հաջորդականության փոփոխության ազդեցություն են։ Այս գործոններից ամենակարևորը բարձր արագացումն է տիեզերանավի ուղեծիր դուրս գալիս և վերադառնալիս։ Ուղեծիր դուրս գալիս, կախված տանող հրթիռների թվից, կարող են լինել արագացման մի քանի մաքսիմումներ, իսկ վերադառնալիս՝ միայն մեկ մաքսիմում, կապված մթնոլորտի խիտ շերտերի հետ շփվելուց առաջացած արգելակման հետ։ Թռիչքի այդ շրջաններում առաջանում է մինչև մի քանի րոպե տևող գերծանրաբեռնվածություն։ Կարևոր է նաև անկշռության պրոբլեմը։ Այժմ հայտնի է, որ որոշ պայմաններում նույնիսկ տևական (ավելի քան 200 օր) անկշռությունը էական հետքեր չի թողնում մարդու առողջության վրա։ Նկատվող ժամանակավոր շեղումները (վեգետատիվ ֆունկցիաների, կոորդինացիայի խախտումներ, աշխատունակության որոշ անկում են) կախված են օրգանիզմի ֆիզիոլոգիական-տիպոլոգիական առանձնահատկություններից, մարգվածության աստիճանից, անկշռության գործոնի ազդեցության տևողությունից։ Տիեզերական թռիչքների յուրահատուկ բացասական գործոններից է ստիպողական անշարժությունը՝ հիպոդինամիան, որի վնասկար ազդեցությունը մեղմացնելու նպատակով տիեզերագնացները կատարում են հատուկ մարզական վարժություններ։ Կարեոր գործոններ են նաե թրթռումը և աղմուկը, որոնք կարող են հանգեցնել նյարդային գործունեության խանգարումների։ Տիեզերաֆիզիոլոգիական ուսումնասիրություններում բացահայտված օրինաչափությունները հիմք են ծառայում տիեզերական թռիչքների կենսաբանական և բժշկական կանխատեսումների, այդ թվում տիեզերագնացների աշխատանքի և հանգստի, քնի, սննդառության, կենցաղի օպտիմալ ռեժիմի մշակման համար։ Տիեզերաֆիզիոլոգիական ուղիներ և միջոցներ է որոնում տիեզերական թռիչքի ընթացքում օրգանիզմի կայունության բարձրացման և պահպանման համար (ֆիզիկական վարժությունների ռացիոնալ համալիրների և տիեզերագնացների համատեղելիության հարցերի, որոշ կանխարգելիչ, այդ թվում նաե դեղաբանական, միջոցառումների մշակում են)։ Տիեզերաֆիզիոլոգիայի տվյալները հաշվի են առնվում ոչ միայն տիեզերագնացների ընտրության և նրանց մարզման համակարգի մշակման, այլև բնականոն (երկրային) պայմաններում օրգանիզմի ֆիզիոլոգիայի որոշ հարցերի լուծման գործում։ Տիեզերաֆիզիոլոգիայի մի շարք հարցերի մշակմամբ զբաղվել են նաե հայ գիտնականներ Լևոն Օրբելին, Ն․ Սիսակյանը, Ն․ Աղաջանյանը և ուրիշներ։