Տաք արտադրամասեր
Տաք արտադրամասեր, արտադրամասեր, ուր արտադրված ջերմության քանակը 1 մ3 օդում 1 ժամում հասնում է ավելի քան 83,8 կջ (20 կկալ)։ Դրանց թվին են պատկանում մետաղների հալման, ջերմային մշակման, գալվանապատման, ապակու հալման և կաղապարման, ալյումինի էլեկտրոլիզի և գլանման, ցեմենտի կլինկերի, գաջի արտադրության, կարծր նյութերի շիկացման, հախճապակե ու կավե իրերի թրծման, քիմիական մի շարք նյութերի (կարբիդ, կալցիում, ցիանամիդ, սինթետիկ կաուչուկ, բարձրամոլեկուլային մի շարք այլ միացություններ) ստացման և օգտագործման արտադրամասերը, ձուլարանները, դարբնոցները և այլն։ Բացի այրվածքների վտանգից, տաք արտադրամասերում աշխատող բանվորները ենթարկվում են նաև վնասակար գազերի և փոշիների, օդի բարձր ջերմաստիճանի և ջերմային ճառագայթների վնասակար ազդեցությանը։ Դրանցից խուսափելու նպատակով կիրառվում են մի շարք միջոցառումներ, որոնց մեջ որոշակի նշանակություն ունեն արտադրական պրոցեսների մեքենայացումը և ավտոմատացումը, վառարանների պատերի ջերմամեկուսիչ կառուցվածքը, դրանց պատուհանների և անցքերի վրա ջերմամեկուսիչ դռնակների, աշխատավայրերում օդային ցնցուղների տեղադրումը, շենքերի բնական և արհեստական օդափոխությունը, տաք մակերևույթների դիմաց ջերմային ճառագայթներ կլանող հարմարանքների տեղադրումը և բանվորներին անհատական պաշտպանական պարագաներով, գազացված աղաջրով կամ թանով ապահովելը և այլն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 631)։ |