Տրոյական ձի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ձի (այլ կիրառումներ)
Տրոյական ձիու ամենավաղ պատկերը շուրջ մ.թ.ա. 670 թ. թվագրվող հունական սափորի վրա

Տրոյական ձի, ըստ հին հունական առասպելաբանության՝ Տրոյայի պատերազմի 10-րդ տարում հույների կողմից Ոդիսևսի խորհրդով կառուցված փայտե հսկա ձի։ Տրոյան պաշարած հույներն իբր դրա մեջ թաքցրել են մի քանի ընտիր ռազմաջոկատ, այն թողել քաղաքի արտաքին պարսպի մոտ և հեռացել՝ ձևացնելով, որ վերացնում են պաշարումը։

Տրոյացիներն, անտեսելով Լաոկոոն քրմապետի նախազգուշացումները և հավատալով հույն լրտեսի կեղծ խոսքերին, թե փայտե ձիուն տիրող քաղաքը դառնալու է անառիկ, այն տեղափոխել են պարիսպներից ներս և զետեղել Աթենաս դիցուհու տաճարի մոտ։ Գիշերը դրա միջից դուրս եկած զինվորները բացել են բերդապարսպի դարպասները և ներս թողել հունական զորքերին, որոնք գրավել ու կործանել են Տրոյան։

«Տրոյական ձի» արտահայտությունն այլաբանորեն նշանակում է նվեր թշնամուն՝ նրան խաբելու, ծուղակը գցելու և կործանելու նպատակով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։