Սուրեն Սեմերջյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սեմերջյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սուրեն Պետրոսի Սեմերջյան | |
---|---|
Ծնվել է | 1929, փետրվարի 22 |
Ծննդավայր | Երևան |
Մահացել է | 2011, հունիսի 15 |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Գիտական աստիճան | կենսաբանական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր |
Մասնագիտություն | կենսաբան |
Սուրեն Պետրոսի Սեմերջյան (փետրվարի 22, 1929, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 15, 2011), հայ կենսաբան։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1991), պրոֆեսոր (2007)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1954 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետը։ Նույն թվականին ընդունվել է «Տեխնիկական մշակաբույսերի գիտահետազոտական ինստիտուտ» կենտրոնի (այժմ «Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոն»-ի) ասպիրանտուրան։ 1961 թվականին պաշտպանել է թեկնածուական,1991 թվականին՝ դոկտորական թեզը։ 2007 թվականին նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում «Կենսաբանություն» մասնագիտությամբ։ 1954 թվականից աշխատել է «Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոնում», 1968 թվականից ղեկավարել է նույն կենտրոնի կենսաֆիզիկայի, 1972 թվականից՝ ռադիոկենսաբանության լաբորատորիաները։ 1995 թվականից համատեղել է նույն գիտական կենտրոնի գիտության գծով փոխտնօրենի պաշտոնը։ 1994 թվականից հանդիսանում է ՀՀ Գյուղատնտեսական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, հանդիսացել է Գյուղատնտեսության Պարենի համաշխարհային կազմակերպության անդամ։ Երկար տարիներ հանդիսացել է «Ցորեն» գիտական պարբերական ժողովածուի գլխավոր խմբագիր։ Հանդիսացել է ցորենի, սիսեռի, ծխախոտի որոշ սորտերի հեղինակ։ Եղել է ՀՀ Գյուղատնտեսական գիտությունների ակադեմիայի և Երևանի պետական համալսարանի ատենախոսությունների պաշտպանության խորհուրդների անդամ։
Հեղինակ է ավելի քան 200 գիտական աշխատությունների և հոդվածների։ Նրա ղեկավարությամբ պաշտպանվել են 10 թեկնածուական և 5 դոկտորական ատենախոսություններ։ Իր գիտական գործունեության ընթացքում համագործակցել է Տիմոֆեև-Ռիսովսկու և Լուչնիկի հետ։ Ժամանակակիցների կողմից բարձր է գնահատվել նրա ավանդը հայրենական գյուղատնտեսության զարգացման գործում։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1984 թվականին պարգևատրվել է «Աշխատանքի վետերան» շքանշանով
- 2006 թվականին FAO-ի կողմից պարգևատրվել է բրոնզե մեդալով
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ագրոլրատու» ամսագիր, փետրվար 25-մարտ 5, 2009 թ., թիվ 3 (1860), էջ 4