Տերևաթափ, փոքր ծառ կամ թուփ է, 5—7 մ բարձրությամբ և 10 — 18 սմ բնի տրամագծով։ Ճյուղերը մուգ գորշավուն են, մոխրագույն բծերով։ Ընձյուղները մերկ են։ Փշեր չունի, կամ ունի ծոցային և տերևակալած փշեր։ Տերևները լայն ձվաձև են, կլորավուն կամ շեղանկյունաձև, սեպաձև կամ կլորավուն հիմքով, 5—7-աբաժան, հազվադեպ եռաբլթակ, անհավասարաչափ զույգ ատամնաեզր բաժիններով, մինչև 6 սմ երկարությամբ և 6—6,5 սմ լայնությամբ, անփայլ, ցրված մազմզուկապատ, ավելի ուշ՝ մերկ։ Ծաղկաբույլերը գրեթե հավասար են տերևների երկարությանը, կազմված են 5 — 15 ծաղիկներից, մերկ են։ Ծաղիկներն ունեն մինչև 2 սմ տրամագիծ, առէջները 17 —20 հատ են, սռնակները՝ 2 (հազվադեպ 1 կամ 3)։ Պտուղը կարճ էլիպսաձև է, մուգ ծիրանագույն, լրիվ հասունացածները մուգ մանուշակագույն, սպիտակ կետիկներով և դեղին պտղամսով։ Պարունակում է 2 կորիզ։ Ծաղկում է մայիսին, պտուղները հասունանում են հոկտեմբերին։Էկոլոգիական խումբը՝IX: Մշակության հավանական շրջանները Յա, 7 —14, 17։
Տարածված է Կովկասում։ Հայաստանի սահմաններում հանդիպում է Ապարանում, Արարատյան դաշտի նախալեռնային գոտում, Վայքում, որտեղ աճում է ստորինից մինչև միջին լեռնային գոտիներում, նոսրանտառներում, լեռնային գետերի ու գետակների հովիտներում[1]։