Jump to content

Ռոմանովյան ոչխար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոմանովյան ոչխար

Ռոմանովյան ոչխար, մուշտակատու կոպտաբուրդ ոչխարների ցեղ։ Բուծել են Յարոսլավլի նահանգի գյուղացիները 18-19-րդ դարերին, տեղական կարճապոչ հյուսիսային ոչխարների ընտրության և զույգ ընտրության միջոցով հաշվի առնելով մուշտակատվության լավագույն հատկանիշները։

Անվանումը ստացել է տարածման սկզբնավայրի՝ Ռոմանովո-Բորիսոգլեբյան գավառի (այժմ՝ Տուտաևյան շրջանի Յարոսլավլի մարզում) անունից։ Ռոմանովյան ոչխարներից ստացվում է լավագույն ոչխարենի։ Առավել արժեքավոր է 6-8-ամսական գառների մորթին։ Բուրդը պարունակում է մեծ քանակով աղվամազ, որն ըստ երկարության գերաճում է քստամազի և առաջացնում օղակաձև գեղեցիկ գանգուրներով խոպոպիկներ։ Նորածին գառների բրդածածկը սև է, իսկ սեռահասուն ոչխարներինը՝ երկնագույն երանգներով մոխրագույն։ Մուշտակների ու քուրքերի բուրդը չի լմկվում, իսկ դրանց հակառակ երեսը նուրբ է։ Ոչխարներին խուզում են տարեկան 3 անգամ։ Խոյերի միջին բրդատվությունը՝ 2,5-3,5, իսկ մաքիներինը 1,4-1,7 կգ է։ Միջին կենդանի զանգվածը համապատասխանաբար 65-75 և 48-55 կգ է։ Պտղատվությունը 100 մաքուց 230-250 գառ է (առանձին մաքիներ երբեմն ծնում են մինչև 8 գառ)։

Առավել լայն տարածում ունի Ռուսաստանի Դաշնության հյուսիս և հյուսիսարևելյան մարզերում։

Ռոմանովյան ոչխարները օգտագործվում են կոպտաբուրդ ոչխարների բարելավման համար։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։