Ռելեյի սկավառակ
Ռելեյի սկավառակ (Ջ․ Ու․ Ռելեյի անունով), ձայնային ալիքում մասնիկների տատանողական արագության և ձայնի ուժի չափման սարք։ Նուրբ թելից (սովորաբար քվարցե) կախված փայլարե կամ մետաղե բարակ կլոր թիթեղ է, որը սովորաբար տեղադրվում է միջավայրի մասնիկների տատանման ուղղության նկատմամբ 45° անկյունով (առավելագույն զգայունության դիրք)։ Ձայնային ալիքների տարածման ժամանակ սկավառակը ձգտում է գրավել տատանումների ուղղությանն ուղղահայաց դիրք։ Դրա պատճառն այն է, որ թիթեղի շրջահոսման դեպքում, ըստ Բեռնուլիի օրենքի, ճնշումը մեծ է սկավառակի այն կողմում, որտեղ փոքր է արագությունը։ ճնշման ուժերն Սկավառակի շրջահոսումը հոսքով (սկավառակը տեղադրված է հոսքի նկատմամբ 45° անկյունով, սլաքներով նշված են ճնշման ուժերը) առաջացնում են պտտող մոմենտ, որը համակշռվում է թելի առաձգականության հաշվին, և այդ դեպքում սկավառակի ու հոսքի ուղղության կազմած անկյունը 45°-ից մեծ է լինում։ Սկավառակի շրջման անկյունով որոշում են ձայնի ուժը։ հաստատուն հոսքում Ռելեյի սկավառակի շրջման անկյունը համեմատական է արագության քառակուսուն, ձայնային տատանումների դեպքում՝ արագության ամպլիտուդի քառակուսուն, ընդ որում այդ անկյունը կախված չէ հաճախականությունից։ ԽՍՀՄ-ում Ռելեյի սկավառակը ընդունված է որպես էտալոնային չափիչ սարք՝ կանգուն ալիքներով ռեզոնանսային խողովակում ձայնային ճնշումը որոշելու համար։ Ռելեյի սկավառակով ձայնային չափումներ կարելի է կատարել ոչ միայն օդում և տարբեր գազերում, այլև ջրում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |