Պոլիմերների ֆիզիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պոլիմերների ֆիզիկա, ֆիզիկայի բաժին, որն ուսումնասիրում է պոլիմերային մարմինների ֆիզիկամեխանիկական և էլեկտրական հատկություններն ու դրանց կապը պոլիմերների կառուցվածքի հետ։ Պոլիմերային մարմինները կարող են գտնվել միայն երկու՝ հեղուկ և պինդ ագրեգատային վիճակներում, իսկ պինդ վիճակը, ըստ վերմոլեկուլային կառուցվածքի, կարող է լինել ամորֆ կամ բյուրեղային (տես Պինդ մարմին)։ Պոլիմերային մարմինների մակրոմոլեկուլների շղթայական բնույթի և մեծ չափերի շնորհիվ, և՝ ամորֆ, և՝ բյուրեղային վիճակում պոլիմերների ֆիզիկական հատկություններն էապես տարբերվում են ցածրամոլեկուլային նյութերի հատկություններից։ Ըստ կառուցվածքային տարրերի կարգավորվածության և շարժունակության, ամորֆ գծային պոլիմերները կարող են գտնվել երեք ֆիզիկական վիճակներում՝ ապակենման, բարձրաէլաստիկ և մածուցիկահոսուն։ Այդ վիճակների միջև անցումներն ունեն ռելաքսացիոն բնույթ և առաջին կարգի ֆազային փոխարկումներ չեն, այսինքն չեն կատարվում տվյալ նյութի համար որոշակի հաստատուն ջերմաստիճանում, այլ՝ սովորաբար 20-40 °C ջերմաստիճանային տիրույթում։ Ֆազային վիճակների միջև անցումները բավական պայմանական են, կատարվում են արտարկված (էքստրապոլված) ջերմաստիճաններում՝ ապակիացման tա ջերմաստիճանում (անցում ապակենման և բարձրաէլաստիկ վիճակների միջև) և հոսունության tհ ջերմաստիճանում (ացում բարձրաէլաստիկ և մածուցիկաեոսուն վիճակների միջև)։ Այս ջերմաստիճանները պոլիմերների կարևոր բնութագրերից են և որոշում են դրանց վերամշակման հնարավորությունն ու վարքը տարբեր պայմաններում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 357