Պեննե Թորոսյան
Ծնվել է | նոյեմբերի 2, 1881 |
---|---|
Ծննդավայր | Հյուսեյնիկ, Խարբերդ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | հունիսի 15, 1915 (33 տարեկան) |
Մահվան պատճառ | Հայոց ցեղասպանություն |
Կրթություն | Բեյրութի ամերիկյան համալսարանի բժշկական ֆակուլտետ |
Մասնագիտություն | բժիշկ |
Պեննե Թորոսյան (նոյեմբերի 2, 1881, Հյուսեյնիկ, Խարբերդ, Օսմանյան կայսրություն - հունիսի 15, 1915), հայ բժիշկ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իսկական անունը եղել է Մանուկյան Պետրոս Թորոսի, սակայն գրվել է նաև Թորոսյան Պետրոս։ Կրել է նաև Տոքտ. Պ. Պեննե և Պետրոս Ուստա Մանուկյան մականունները։ Ծնվել է 1881 թվականի նոյեմբերի 2-ին, Խարբերդի նահանգի Խարբերդի գավառի Հյուսեյնիկ (Հապուսի) գյուղում։ 1890 թվականին հայրը մահացել է և ընտանիքի հոգսը մնացել է մոր վրա։
Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի վարժարանում։ 1897 թվականին ավարտել է Խարբերդի ամերիկացի միսիոներների Եփրատ վարժարանը՝ մաթեմատիկական բարձր ընդունակություններ դրսևորելով։ 1897 թվականից Արաբկիրի և Հյուսեյնիկ գյուղի դպրոցների դասատու է աշխատել։ 1903 թվականին, աշխատելուն զուգահեռ, հաջողությամբ ավարտել է ինքնաշխատությամբ ուսանած ամերիկացի միսիոներների Խարբերդի Եփրատ քոլեջը։ Շարունակել է Հյուսեյնիկ գյուղի, ապա՝ Խարբերդի սբ. Հակոբ թաղի, Թլկատինցու Կեդրոնական վարժարանի (Կարմիր քոլեջ) ուսուցիչ աշխատել։
Ցանկացել է անցնել ԱՄՆ, սակայն չի հաջողվել։ 1903-1909/1910 թվականներին ուսանել է Բեյրութի ամերիկյան համալսարանի բժշկական ֆակուլտետում և փայլուն ավարտել։ Աչքի ընկնելով իր պատրաստվածությամբ՝ համալսարանի նախագահության առաջարկով, ցածր կուրսերի օգնական ուսուցիչ է աշխատել։ Բեյրութում ուսանելու ընթացքում մի քանի տարի եռանդուն համագործակցել է Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության Բեյրութի մասնաճյուղի հետ և քաղաքում հնչակյան ուսանողական միություն կազմակերպել։
1909 թվականին գնացել է Խարբերդ, ապա անցել Եվրոպա։ 1910 թվականին մասնագիտության մեջ կատարելագործվելու նպատակով մեկնել է ԱՄՆ։ Թե' Եվրոպայում և թե' ԱՄՆ-ում զբաղվել է հնչակյան գաղափարախոսության քարոզչությամբ, ապա վերադարձել և հաստատվել է Կ. Պոլսի Բերա թաղամասում։ Եղել է բարի և անշահախնդիր բժիշկ ու աղքատներին, զինվորներին, ընկերներին բուժել ձրի։ Մեծ համբավ է ունեցել ինչպես Կ. Պոլսում, այնպես էլ արաբական աշխարհում։ ՍԴՀԿ Քեոսթենջեի (Կոստանցա՝ Ռումինիայում) ընդհանուր պատգամավորական ժողովին ընտրվել է ՍԴՀԿ-ի Վարիչ մարմնի անդամ։
Եղել է Իթթիհադի դեմ ազգային-ազատագրական պայքարի անձնվեր մարտիկներից մեկը։ 1914 թվականին ճանաչված լինելով որպես Օսմանյան պետության համար վտանգավոր անձ, ի թիվս այլ հնչակյան պարագլուխների, ձերբակալվել է և ավելի քան մեկ տարի արգելափակվել Կ.Պոլսի բանտում, որտեղ նրան խոշտանգումների են ենթարկել, պահանջել, որ մատնի ազատագրական պայքարի իր ընկերներին, պարտադրել իսլամությունն ընդունել։
1915 թվականի հունիսի 15-ին, Կ. Պոլսի Սուլթան Բայազիդի հրապարակ շղթայակապ բերել են 20 հնչակյան մտավորականի, որոնց մեջ էր նաև Պեննեն։
Կարդում են մահավճռի պատճառը՝ «ազատագրական ձգտումներ ունենալու համար»։ Բոլորը միաժամանակ կախաղան են բարձրացվել։ Կախվելուց առաջ՝ 34 տարեկան Պեննեն բղավել է իր դահիճների երեսին.
«Դուք մեզ քսաններս կը կախէք, գիտցած եղէ՜ք թէ մեր ետեւ էն քսան հազարն էր պիտի գան` մեր վրէժը լուծելու»։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գաբամաճեան Ս., Հայաստանի կաղանդչէքը։ Մեծ Եղեռնի զոհերը իրենց պատկերներով, Կ. Պոլիս, 1919։
- Հայ բժշկութեան տուած զոհերը, ցուցակագրուած վաւերական փաստերով, Կ. Պոլիս, 1919։
- Բախտիկեան Սարգիս (խմբագիր), Ոսկե գետակ, տարեգիրք, Գ. տարի, Պէյրութ, 1948։
- Ճիզմէճեան Մանուկ, Խարբերդ եւ իր զաւակները, Ֆրեզնօ, 1955։
- Կարոյեան Գասպար, Մեծ Եղեռնի նահատակ հայ բժիշկները (անոնց պատգամները), Պոսթոն, 1957։
- Պատմութիւն Ս. Դ. Հնչակեան կուսակցութեան, 1887-1963, Բ. հատոր, խմբագիր՝ Արսէն Կիտուր, Պէյրութ, 1963։
- Սահակյան Լիլիկ, Ոճրագործները չխնայեցին նույնիսկ մարդու կյանքը փրկողներին, «Առողջապահություն», Երևան, 1965, թ.
- Յուշամատեան Մեծ Եղեռնի (1915-1965), պատրաստեց Գերսամ Ահարոնեան, Պէյրութ, 1965։
- Հիւսէյնիկ, խմբագիր՝ Կ. Ահարոնեան, Պոսթըն, 1965։
- Թէոդիկ, Յուշարձան նահատակ մտաւորականութեան, Բ. տպագրութիւն, Երեւան, ապրիլ 24, 1985։
- Հայրապետյան Վանիկ, Էջեր Հայաստանի դեղագործության պատմությունից, Երևան, 1990։
- Հովակիմյան Բախտիար, Հայոց ցեղասպանության նահատակ գործիչների ծածկանուններ, Ե., 2002։
- Գալաճյան Հ., Ոդիսևս աքսորական, Հուշեր, Երևան, 2004։
- Խաչատրյան Լուսինե և Բաբլումյան Արփինե (կազմողներ), Ցուցակ Հայոց ցեղասպանության զոհերի (1915-1923 թթ.), հ. 2, Խարբերդի նահանգ, Երևան, 2004։
- Քէստենեան Հրաչ, Պէյրութի Ամերիկեան Համալսարանէն Շրջանաւարտ Եւ Մեծ Եղեռնին Նահատակուած Հայ Բժիշկներ, «Ազդակ», 01-11-2012
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։