Պարսկական քայլերգ (Յոհան Շտրաուս II)
Պարսկական քայլերգ գերմ.՝ Persischer Marsch | |
---|---|
Տեսակ | երաժշտական գործ/ստեղծագործություն |
Ժանր | քայլերգ |
Կոմպոզիտոր | Յոհան Շտրաուս |
Ստեղծման տարեթիվ | 1864 |
Առաջնախաղի տարեթիվ | հուլիսի 11, 1864 |
Պարսկական քայլերգ (գերմ.՝ Persischer Marsch) Op. 289, հեղինակ՝ Յոհան Շտրաուս (որդին)։ Գրվել է 1864 թվականի աշնանը։ Առաջին անգամ կատարվել է Վիեննայի Ֆոլկսգարդեն զբոսայգում 1864 թվականի դեկտեմբերին կայացած համերգի ժամանակ։
Ստեղծման պատմությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Շտրաուսը 1855 թվականից սկսած տասը տարի շարունակ ամեն ամառ համերգներով հանդես էր գալիս Ռուսաստանի Պավլովսկ քաղաքում։ Նա Ռուսաստանում մշտապես ջերմ ընդունելության էր արժանանում և հենց ռուսական համերգների համար էլ գրել է իր վալսերի ու պոլկաների զգալի մասը։ Սակայն դրանից հետո միայն երբեմն-երբեմն էր ղեկավարում նվագախմբերը թե՛ հայրենիքում, թե՛ արտերկրում։ Պավլովսկը Ռուսաստանի առաջին երկաթուղու կարևոր կայաններից մեկն էր՝ Ցարսկոյե Սելո տանող ճանապարհին։ Կայարանի մոտակայքում գործում էր Vauxhall ռեստորանը, որտեղ էլ հենց կայանում էին համերգները։ Ռեստորանը ֆինանսավորվում էր հենց կայարանից, և այդ շրջանում հայտնվել էր ֆինանսական դժվարին կացության մեջ։ Գործավարը հույս ուներ, որ եթե համերգներին շարունակի ապահովել Շտրաուսի մասնակցությունը, կկարողանա վերականգնել իր հաճախորդների նախկին մեծ թիվը։ Եվ ահա, «Պարսկական քայլերգը» նախատեսված էր Շտրաուսի 1865 թվականի ամառային այս համերգաշրջանի համար։ Սակայն այնպես պատահեց, որ ստեղծագործությունն առաջին անգամ հնչեց Վիեննայի Ֆոլկսգարդեն զբոսայգում 1864 թվականի դեկտեմբերին կայացած համերգի ժամանակ, որը նվիրված էր Շտրաուսի ստեղծագործական գործունեության 20-րդ տարեդարձին։ Համերգը ղեկավարում էր կոմպոզիտորն անձամբ։ Ստեղծագործությունը նախապես կոչվում էր «Պարսկական բանակի քայլերգ», սակայն 1865-ին Վիեննայում հրատարակվելիս կրճատվեց և դարձվեց պարզապես «Պարսկական քայլերգ»։
Շտրաուսն ուներ պատվո շքանշանների բավականին մեծ հավաքածու, որոնք նա որպես պարգև ստացել էր եվրոպացի տարբեր տիրակալներից՝ վերջիններիս նվիրված ստեղծագործությունների համար։ Եվ ահա, 1864 թվականին այդ հավաքածուին ավելացավ ևս մեկը. «Պարսկական քայլերգ» ստեղծագործության համար նրան պարսկական «Արևի շքանշանով» պարգևատրեց պարսից շահ Նասըր ադ Դին Քաջարը (1831-1896)։ Նա գահակալել էր 1848 թվականից, և սպանվեց 1896 թվականին Թեհրանում։
Ստեղծագործությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Շտրաուսի քայլերգերը հիմնականում կարճ ստեղծագործություններ են և «Պարսկական քայլերգն» էլ բացառություն չէ։ Այն բաղկացած է երեք երաժշտական թեմայից։ Ռիթմն ընդգծվում է դափի միջոցով, որին ուղեկցում է ֆլեյտայի նվագը։ Մեղեդու մեջ ընդգծված է առանձին փոքր հատվածների ներդաշնակ համադրությունը, ինչը ցույց է տալիս 19-րդ դարում եվրոպացիների հետաքրքրության ընդլայնումը Մերձավոր Արևելքի երաժշտական ավանդույթների հանդեպ։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- STRAUSS II, J.: Edition — Vol. 22 CD". NaxosDirect. Retrieved 12 October 2008.