Jump to content

Մոզին (հեքիաթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոզին
Մոզին
ՀեղինակՀայկական ժողովրդական
ԺանրՀեքիաթ
ԼեզուՀայերեն

Մոզին, հայկական ժողովրդական հեքիաթ։

Հեքիաթը պատմում է ունևոր ամուսինների մասին, ովքեր երեխա չէին ունենում։ Նրանք շատ առատաձեռն էին և նրանց աչքին ոչ մի բան չէր երևում։ Նրանք ասում էին, որ եթե երեխա չունեն, այդ ունեցվածքը իրենց ինչների՞ն է պետք[1]։ Օրերից մի օր մի դերվիշ է գալիս նրանց տուն։ Կինը նրան մի մեծ ամանով է հյուրասիրում։ Դերվիշը զարմանում է և կնոջը հարցնում է, թե ինչու են ուրիշները թասով տալիս, իսկ նա` մեծ ամանով։ Կինը պատմում է, որ իրենք ժառանգ չունեն, որ նրա համար պահեն։ Դերվիշը գրպանից երեք խնձոր է հանում և ասում, որ եթե այդ խնձորները երեք օրից հետո մեկ-մեկ ուտի, մի տարին չլրացած տղա կունենա։ Կինը խնձորները վերցնում է, դնում ամանների դարակը, իրիկունը գալիս է տուն, տեսնում է խնձորները և մեկի թշից մի լավ կծում, այնքան լավն է լինում, որ երեքն էլ ուտում է։ Անցնում է ինը ամիս, ինը օր, ինը ժամ, կինը պառկում է և մի հորթ է ծնում։ Ուրախանալու փոխարեն խեղճ կինն այնքան է տխրում ու լաց լինում։ Գիշեր-ցերեկ անիծում է դերվիշին։ Մի տարի չանցած էս կնոջ ամուսինը մահանում է։ Հորթը մեծանում է, մոզի է դառնում, առավոտը գնում է արածելու, երեկոյան գալիս տուն, մորը «բարի երեկո» ասում, կրակի մոտ մեկնվում, քնում։ Այդպես անցնում է երեք տարի։ Մոզին մորն ասում է, որ ինքն արդեն հասակն առել է, արդեն ժամանակն է, որ հարս բերեն։ Մորն ասում է, որ առավոտյան մայրը գնա թագավորի մոտ ու նրա աղջկան հարս բերի։ Մայրը գնում է պալատ, մի քարի վրա նստում, գալիս են, որ այդտեղից տանեն, տեղից չի պոկվում։ Գնում թագավորին ասում են, թագավորը նրան իր մոտ է կանչում։ Գնում բերում են։ Նա պատմում է եղելությունը։ Թագավորն ասում է, որ մոզին իրեն պետք է մի ոսկի սինի ուղարկի, ոսկով լիքը ու մի ուրիշ ոսկե սինով։ Մայրը փոշմանած վերադառնում է տուն, ամեն ինչ պատմում է մոզուն, և մոզին մորը ասում է. «Իրիկունը քնելիս մի պղնձե սինի վերցրու, մեջը սև փող դիր ու մի ուրիշ պղնձե սինով ծածկի, դիր շորի ծալքի վրա»։ Մայրը այդպես էլ անում է։ Առավոտյան պղնձե սինին ոսկի է լինում, իսկ սև փողը ոսկի դառած լցված, սինու կողքերից ներքև է թափվում։ Մայրն այս բոլորը վերցնում, տանում թագավորին է տալիս։ Թագավորը շատ է զարմանում, և ասում է, որ հիմա էլ մոզին պետք է մի ձեռք հագուստ ուղարկի, բայց այնպիսի հագուստ, որին ո՛չ ձեռք է դիպել, ո՛չ ասեղ։ Մայրը փոր ու փոշման վերադառնում է տուն, տխուր ու տրտում, օջախի կողքին նստում։ Մոզին երեկոյան դաշտից գալիս է տուն, տեսնում` մայրը ունքերը կիտած, օջախի կողքին նստած, հարցնում է, թե ինչ է պատահել, և մայրը պատմում է եղելությունը։ Մոզին մորն ասում է, որ դրա համար պետք չէ տխրել, ու ավելացնում, որ մայրը մի պղնձի սինի վերցնի, մեջը թզենու մի տերև դնի, ու մի ուրիշ պղնձե սինով ծածկի, դնի շորի ծալքի վրա ու մինչև մոզու արթնանալը ո՛չ ծալքին մոտենա, ո՛չ սինուն ձեռք տա։ Մայրն այդպես էլ անում է։ Առավոտը պղնձե սինիները ոսկե սինիներ են լինում, իսկ թզենու տերևը շքեղ զգեստերի է վերածվում, որ նայելիս թվում է թե ո՛չ ձեռք է դիպած, ո՛չ ասեղ։ Մայրը հագուստը վերցնում, գնում է թագավորի մոտ։ Թագավորն էլ խեղճ կնոջն ասում է, որ մոզին պետք է իր աղջկան այնպես տանի տուն, որ ո՛չ գլուխն արև տեսնի, ո՛չ ոտքը գետնին դիպի։ Մայրը նորից փոր ու փոշման տուն է վերադառնում։ Մոզին նորից երեկոյան հետ է վերադառնում ու իմանում եղելությունը։ Մոզին մորը հանգստացնում է, ասելով, որ այդ խնդիրը կլուծվի։ Մորն ասում է, որ մի պարկ վերցնի մեջը հին, մաշված հագուստ ու տաշեղներ լցնի, դնի ծալքի վրա, և սպասի մինչև մոզին արթնանա։ Ինչպես մոզին ասում է, այնպես էլ մայրն է անում։ Մթնում է, քնում են։ Գիշերվա կեսին մոզին արթնանում է, պարկը վերցնում, ճամփա ընկնում։ Հասնում է պալատի մոտ, այնտեղից սկսած մի-մի տաշեղ է տնկում մի հատ էլ փալաս դնում կողքին, այդպես հերթով շարելով հասնում է իրենց տուն, գալիս կրակի մոտ մեկնվում քնում։ Առավոտն արթնանում են, տեսնում են տաշեղները ուռենիներ են դարձել, իսկ հագուստի կտորները` գորգեր։ Մոզին զուռնա-դհոլով գնում է պալատ։ Յոթ օր, յոթ գիշեր հարսանիք են անում, իր աղջկան պսակում մոզու հետ ու ճամփու դնում։ Հարսին վերցնում, տանում են իրենց տուն։ Գիշերը քնելուց հարսը տեսնում է, որ մոզին իր կաշին հանում է, ու մի տղայի է վերածվում, որ նայելիս արևի նման աչք է ծակում։ Աղջիկը շատ է ուրախանում։ Առավոտյան տղան նորից արթնանում է իր կաշին հագնում, գնում դաշտ արածելու։ Այդպես անցնում է 1 օր, 2 օր, 3 օր, աղջիկը շատ է աղաչում-պաղատում, բայց մոզին կաշին չի հանում։ Մի օր աղջիկը թաքուն վերցնում է կաշին և գցում թոնիրը այրում։ Առավոտյան տղան կաշին ման է գալիս չի գտնում, աղավնի է դառնում թռչում, կորում։ Աղջիկը երեք խնձոր է վերցնում ու ճամփա ընկնում։ Ճանապարհին մի տղայի է հանդիպում, հարց ու փորձ անում, իմանում, որ առավոտյան այդտեղով մի աղավնի է թռել-գնացել։ Տղային մի խնձոր է տալիս ու շարունակում իր ճանապարհը։ Տեսնում է մի ջահել մարդ ճանապարհով քայլում է, հարց ու փորձ է անում, իմանում, որ կեսօրին մի աղավնի է թռել գնացել։ Մի խնձոր էլ նրան է տալիս ու ճանապարհը շարունակում։ Գնում է մի ծեր մարդու է հանդիպում, նրան էլ է հարցնում։ Նա էլ ասում է, որ միայն մի աղավնի է տեսել, և եթե աղջիկը արագ քայլի նրա հետևից կհասնի։ Վերջին խնձորն էլ ծերունուն է տալիս ու գնում։ Գնում տեսնում է աղավնուն, և տեսնելուն պես նա էլ է աղավնի դառնում, ու հասնում է ամուսնու հետևից։ Ամուսինը մի անտակ ծովի մեջ է ընկնում, կինն էլ հետևից։ Երկուսն էլ իրար գտնում են և ծովի խորքում, ապրում են ուրախ ու երջանիկ կյանքով[2]։

  • Կին
  • Մոզի, նրա որդին
  • Թագավոր
  • Թագավորի աղջիկ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հայ ժողովրդական հեքիաթներ, կազմող` Ա. Նազինյան, Երևան, 2004, էջ 30
  2. Նույն տեղում, էջ 30

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակոբ Կոջոյանի նկարազարդումը