Մետալուրգների փողոց (Կրասնի Սուլին)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մետալուրգների փողոց
Երկիր Ռուսաստան
Գտնվում էԿրասնի Սուլին
Երկարություն980 մետր

Մետալուրգների փողոց (ռուս.՝ Улица Металлургов), փողոց Ռուսաստանի Ռոստովի մարզի Կրասնի Սուլինի շրջանի և Կրասնոսուլինսկի քաղաքային շրջանի վարչական կենտրոն Կրասնի Սուլին քաղաքում։ Քաղաքի ամենահին փողոցն է։ Նախկինում կոչվել է Յարոսլավսկայա փողոց[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մետալուրգների փողոցը ժամանակին Կրասնի Սուլինի ամենագեղեցիկ և շատերի կողմից սիրված փողոցն էր։ Այն ձգվում է Պոբեդայի փողոցից դեպի Մեժևայա փողոց, երկարությունը 980 մետր է։ Նախկինում կոչվել է Յարոսլավսկայա։ Փողոցը ձևավորվել է 20-րդ դարի սկզբին և անվանվել Յարոսլավլ քաղաքի՝ Սուլինի մետալուրգիական գործարանի սեփականատերեր, հարուստ վաճառականներ և գործարանատերեր Պաստուխովների ծննդավայրի անունով։ Պաստուխովները շատ բան են արել փողոցը կառուցելու և բարեկարգելու ուղղությամբ։ Կառուցվել են այն ժամանակների համար գեղեցիկ ու որակյալ երկհարկանի բնակելի տներ, ինչպես նաև՝ գործարանի հաստատությունների համար շինություններ։ Շինարարության համար օգտագործվել է քար, իսկ 20-րդ դարի սկզբին գործարանին կից եղել է սեփական աղյուսագործարան։ Մինչև այսօր պահպանվել են տներ, որոնց յուրաքանչյուր աղյուսի վրա դաջված է «Պաստուխով»[1]։

1958 թվականին թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրեն, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանակիր Վ. Վ. Սիվելկինի նախաձեռնությամբ Յարոսլավսկայա փողոցը վերանվանվեց Մետալուրգների փողոց։ Այստեղ տեղակայված են բազմաթիվ քաղաքային հաստատություններ և կազմակերպություններ։ Այս փողոցում է գտնվում «Շտապօգնության» շենքը, որտեղ նախկինում քաղաքային էլեկտրացանցն էր, իսկ ավելի վաղ այնտեղ ապրել է Բադալյանների հայկական ընտանիքը[1]։

Փողոցի զարդն է երեքհարկանի շենքը, որտեղ գործում է «Վետերան» խանութը։ Այս 34-բնակարանանոց շենքը կառուցվել է մետալուրգիական գործարանի ինժեներական և տեխնիկական աշխատողների համար։ Առաջին երեք մուտքերը հանձնվել են Հայրենական մեծ պատերազմի նախօրեին։ Առաջին մուտքի բնակիչները նույնիսկ հասցրել են նշել բնակարանամուտը։ Առաջին հարկում բացվել է խանութ, որտեղ վաճառվել են պարենային և արդյունաբերական ապրանքներ։ Դա Կրասնի Սուլինի առաջին տիպային խանութն էր, որն ուներ պահեստ և այլ օժանդակ տարածքներ։ Կար նույնիսկ բեռնափոխադրող վերելակ։ Մյուս երեք մուտքերի շինարարությունը դեռ չէր ավարտվել, երբ սկսվեց պատերազմը։ Միայն դրա ավարտից հետո շենքը հանձնվեց շահագործման 1948 կամ 1949 թվականին։ Այդ ժամանակ սա քաղաքում ամենաազդեցիկ և գեղեցիկ շենքն էր[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Улица Металлургов».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]