Մաքերտիչ «Մաք» Վահանեան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մաքերտիչ «Մաք» Վահանեան
Դիմանկար
Ծնվել էմարտի 11, 1929(1929-03-11) (95 տարեկան)
ԾննդավայրԻրան
Քաղաքացիություն Ավստրալիա
Մասնագիտությունհասարակական գործիչ

Մաքերտիչ «Մաք» Վահանեան (մարտի 11, 1929(1929-03-11), Իրան), հայ հասարակական գործիչ, թարգմանիչ, ակադեմիկոս։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաքերտիչ «Մաք» Վահանեանը ծնվել է 1929 թվականի մարտի 11-ին Իրանի հայաբնակ Չարմահալ գավառում, հայ գաղթականներ ՝ Ասատուր և Մարգարիտ Վահանեանների ընտանիքում։ Մաքերտիչի նախնիները, Բասենի կոտորածներից փրկվելով, գաղթել են Ղարաբաղ, ապա բնակություն հաստատել Իրանի հայաբնակ Չարմահալ գավառում։ Հետագայում նրանցից շատերը, 1946 թ.-ին իրենց կալվածքները թողնելով պարսիկներին, զանգվածաբար ներգաղթել են Սովետական Հայաստան։
Մաքերտիչի պապը՝ Մկրտիչը, մասնակից դառնալով Մելիքների հետ արքայի դեմ մղվող պայքարում, Նադիր շահի կողմից ստանում է զորքի հրամատարի՝ օրդուբեկի պաշտոնը և օծվում որպես Օրդուբեկյան։ Սակայն Մաքերտիչի հայրը՝ Ասատուրը, ցանկանալով կրել հայարմատ ազգանուն, ընտրում է Վահանեան ազգանունը։
3 տարեկան հասակում զրկվելով հորից՝ Մաքերտիչն ապրում է մոր խնամակալության տակ։
Մարգարիտ Վահանեանը ուժերի ներածին չափով բարեխղճորեն կազմակերպել է զավակի կրթությունը՝ ջանալով նրա մեջ տեսնել արժանավոր հայի։
Քաղաքից քաղաք գաղթելու պատճառով Մաքերտիչ Վահանեանը 1937- 1952 թթ. հաճախել է տարբեր կրթական հաստատություններ՝ Աբադան և Արաք քաղաքներում գործող հայկական նախակրթարաններ, Աբադան, Ահվազ, Թեհրանի Ալբորզ, Քուշեշ, Թամադեոն քաղաքների նախակրթարաններում և “British Council’s Oxford University branch” –ում ստացել լեզվաբանության մասնավոր դասեր։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1943-1946 թթ. աշխատել է Ամերիկյան բանակում՝ որպես թարգմանիչ։
  • 1946-1950 թթ.-ին աշխատել է անգլո-իրանյան Oil Co. նավթային ընկերությունում` որպես պաշտոնյա։
  • 1950-1952 թթ. անցել է զինվորական ծառայության և աշխատել Պարսկաստանի Պաշտպանության նախարարությունում և Ամերիկյան բանակի Միսիոներական կազմում(US Military Mission)` որպես բանակի տեխնիկական թարգմանիչ։
  • 1952-1965 թթ.-ին աշխատել է Թեհրանի Բրիտանական Դեսպանատանը՝ որպես ավագ պաշտոնյա (Senior Staff)
  • 1944-1965 թթ. եղել է Իրանահայ Ուսումնասիրաց Միության հիմնադիր և գործող անդամ, 1944 թ-ից՝ Չարմահալի Ուսումնասիրաց Միության անդամ, իսկ մինչև Ավստրալիա մեկնելը՝ 1952- 1965 թթ.` Թեհրանի Արարատ Մարզամշակութային Միության գործող անդամ։
  • 1965 թ. աշխատանքի հրավերով բնակություն է հաստատել Ավստրալիային Սիդնեյ քաղաքում` աշխատելով NSW Նահանգում գրանցված Պետական Դատարանների թարգմանիչ։ Եղել է հայկական ու ավստրալիական զանազան ընկերությունների հիմնադիր անդամ։
  • 1950-1980 թթ. եղել է ՀՅԴ կուսակցության անդամ
  • 1973-1980 թթ. եղել է ՙՀԱՅ ԴԱՏ՚ խմորատիպ ամսաթերթի խմբագիրը՝ մինչև Հայ Դատի նախագահությունից հրաժարվելն ու Դաշնակցության շարքերից հեռանալը յոթ տարի շարունակ թերթը ծառայեցնելով հասարակական-քաղաքական խնդիրների վերհանմանը։
  • 1980 թթ. տիկնոջ՝ Ռոզա Վահանեանի հետ համատեղ հիմնել է Ավստրալիայում Առաջին Մեսրոպյան ուղղագրությամբ Արևելահայերենի անվճար դպրոցը և Արարատ սկաուտական կազմակերպությունը։
  • 1994 թ. Արցախյան գոյամարտի մասնակից է։
  • 2011 թ. Հայաստանի Տեխնոլոգիական Ակադեմիայի կողմից ստացել է պատվավոր Ակադեմիկոսի կոչում
Մաքերտիչ «Մաք» Վահանեանը

Մաքերտիչ «Մաք» Վահանեանը հայ ազգի երախտավորներից է, հարազատ ժողովրդին բնորոշ ճակատագրով, գաղթ ու հակասական զգացողություններ վերապրած հետաքրքիր անցյալով։ Օտարության մեջ ապրող, բայց հայրենիքին արյան կանչով կապված հասարակական գործիչն ու հայրենասեր մտավորականը, բնակություն հաստատելով Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում, շատերի նման իր հայապահպան գործունեությունն է ծավալում Սփյուռքում՝ Հայաստանից հեռու երիտասարդների շրջանում ապահովելով հայեցի դաստիարակման, արևելահայերենի ուսուցման և հայ մշակութային-հասարական կյանքին ավստալահայ երիտասարդության ներգրավման գործընթացը։
-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Ավստրալիական ու իրանական պետական հիմնակներում, մասնավոր տնտեսական ընկերություններում պատվավոր պաշտոններ ստանձնած Վահանեանի միտքը մշտապես փոթորկվել է հայրենիքի ճակատագրով՝ ակտիվ հասարակական-քաղաքական գործունեություն ծավալող գործչին ստիպելով համախմբելու Թեհրանում և դեռևս 60-ականներին Սիդնեյ քաղաքում բնակվող փոքրաքանակ հայությանը։
Երեք տասնամյակ ՀՅԴ գաղափարներին ազնվորեն ծառայող քաղաքական–հասարակական գործիչն առաջինն էր, ով նախքան ՀՅԴ Ավստրալիայի մասնաճյուղի պաշտոնական գոյությունը 1966 թ. ապրիլին Սիդնեյի «Y.M.C.A.» դահլիճում պետական ու կրթական ոլորտի հյուրերի ներկայությամբ առաջինը խոսեց Մեծ Եղեռնի, Ապրիլի 24-ի մասին, իսկ The Hon. Attorney General Sir Ken McGow -ի պաշտոնական հրավերով դարձավ առաջին հայը, ով ներկա գտնվեց NSW նահանգի կառավարությունում՝ որպես հյուր և խորհրդատու։
Եվ չնայած իր բազմազան հասարակական ու բարեգործական բուռն գործունեության՝ Մաքերտիչ Վահանեանը խոստովանում է, որ հոգու խորքում շարունակում է մնալ հայրական հոգատարությունից զրկված, բայց մոր քնքշանքն ու անսահման սերը ստացած այն սրամիտ պատանին, ում հիշողություններում թարմ են պահպանվել Մարգարիտ մոր խրատներն ու հարազատ ժողովրդի՝ վաղվա օրվա հանդեպ մեծ երազանքները։
Ավստրալիայում Մեսրոպատառ արևելահայերենի անվճար ուսուցումն ու Արարատ սկաուտական կազմակերպությունը հիմնած Վահանեանը այսօր էլ շարունակում է իր գործունեությունը՝ Հայաստան կազմակերպած հաճախակի այցերով իր ավանդը բերելով հայրենիքի սոցիալ-տնտեսական ու հասարակական կյանքի բարելավման գործում։
Դեռ մանկուց եռագույնը պաշտող Հայը այսօր ունի կարևոր խնդիր՝ սփյուռքահայ երիտասարդների շրջանում հայեցի դաստիարակություն սերմանելու, նրանց մեջ հայի տեսակը կերտելու առաքելությունը։ Սիրելի թոռների ու սփյուռքահայ երիտասարդների համար ամենավտանգավոր մոլորությունը անտարբերությունը համարելով՝ Մաք Վահանեանը մեկ կոչ ունի հայաճանաչ երիտասարդներին. «Յուրաքանչյուր ոք անելիք ունի հայության հանդեպ, այլապես … կորած ենք»։