Մասնակից:Լանա Մելիքյան/Իսահակ Նինվեցու հոգեշահ աղոթքներն ու մտորումները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Իսահակ Նինվեցու հեգաշահ աղոթքներն ու մտորումները, հիմնաքարային դեր են խաղում Իսահակ Նինվեցու աստվածաբանական աշխատությունների շարքում, որտեղ ամփոփված են նրա մտորումները, աղոթքներն ու մեկնությունները քրիստոնեական արժեքների և թեմաների վերաբերյալ։

Isaac of Nineveh

Ողորմության և գթասրտության մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ողորմությունն առավել արժեքավոր է, քան դատապարտությունը»։ Տե՛ր իմ, շնորհիր ինձ ամենքին ներելու կարողություն, բայց ոչ այն պատճառով, որ նրանց արարքներն արժանի են ներման, քանզի ինչպե՞ս կարող եմ իմանալ՝ ով է արժանի, իսկ ով՝ ոչ, այլ որպեսզի չմեղանչեմ՝ դատապարտելով անմեղին։ «Դատն Աստծու գործն է», իսկ իմ գործը՝ Քո Կամքը կատարելը։ Տե՛ր, այնպես արա, որ վրեժխնդրության մաղձը կամ կեղծ խղճմտանքը արգելք չհանդիսանան ինձ համար՝ իրագործելու Քո Կամքը յուրաքանչուրի նկատմամբ։

«Եթե գթասրտությունն ավելի բարձր չդասվի արդարությունից, ապա գթասրտության մասին խոսելն իսկ ավելորդ է»։ Տե՛ր, չեմ ցանկանում լինել ո՛չ արդար, ո՛չ էլ գթասիրտ, այլ միայն ցանկություն ներշնչիր ինձ՝ իրագոծելու Քո Կամքը ամենքի նկատմամբ։ Տե՛ր, եղիր ողորմած, ներողամիտ ու արդար Քո արարածների նկատմամբ, իսկ ինձ կարգիր Քո արդարության ու ողորմության իրագործման գործիք։ Եվ թող լինի Քո կամքն ամենուր։

«Ողորմությամբ առաջնորդվող մարդը ոչ միայն ունեզրկվածների կարիքներն իր ունեցվածքից է հոգում, այլև ուրախությամբ ու համբերությամբ դիմակայում է իր նկատմամբ անիրավ վերաբերմունքին,  ներում  անիրավներին»։ Տե՛ր, ուրախ կլինեմ ոչ միայն ողորմություն անել, այլ կյանքս էլ տալ կարիքավորների համար, տանել բոլոր տեսակի հալածանքներն ու զրպարտանքները։ Բայց տանելով այդ ամենը՝ ես բնավ չեմ կարող ուրախ լինել, քանզի ինչպե՞ս կարող եմ ուրախանալ իմ փրկությամբ, երբ ականատես եմ լինում ուրիշի կործանմանը, քանզի գիտեմ, որ Դու ստախոսներին չես հանդուրժում։ Ես կարող եմ ուրախանալ, երբ ինձնից խլվում է այն ավելորդը, որից ես ինքնուրյուն ի վիճակի չեղա ձերբազատվելու։ Բայց երբ որևէ մեկը ստում է՝ լինի ինձ կամ մեկ ուրիշին, նա Քեզ է հայհոյում, իսկ ես չեմ կարող դա չզգալ ու չտրտմել։ Իմանալով, թե ինչ է սպասվում բոլոր ստախոսներին, ես ողբում եմ նրանց համար, քանզի Դու նույնպես ողբում ես և ցավում ես նրանց համար։ Տեր Աստված, մի զրկրիր ինձ մինչ իմ վախճանը մերձավորիս նկատմամբ կարեկցանքի շնորհից, քանզի կորցնել այն՝ կնշանակի կորցնել Քեզ։

«Ում ողորմությունը կգերազանցի արդարություն հաստատելու պատրաստակամությանը, նրան կշնորհվի ոչ միայն բարեպաշտի, այլև  կատարյալ սուրբի պսակը»։ Տե՛ր, ես չեմ ուզում պսակներ, ես միայն ուզում եմ լինել Քեզ հետ։ Քեզնից ես պսակներ չեմ ակնկալում, ինձ պետք ես միայն Դու։

Դատարկախոսության մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ինչպես ծարավը հնարավոր չէ հագեցնել կտավի վրա պատկերված ջրով, այնպես էլ առանց գործի՝ խոսքով հնարավոր չէ սատարել ոչ ոքի»։ Տե՛ր, փրկիր ինձ դատարկախոսությունից ու պոռոտախոսությունից, խոստումներից ու գովաբանական ճառերից։ Քեզ նմանվելու շնորհ տուր ինձ՝ ամբողջ արարչագործության լռակյաց ու անտեսանելի Ծառայիդ։

Հպարտության և ապաշխարության մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Տե՛ր, շնորհիր ինձ կարողություն՝ ատելու ինքս ինձ, որպեսզի Դու ստիպված չլինես իմ նկատմամբ ատելություն արթնացնել ուրիշ մարդկանց մեջ։ Տե՛ր, շնորհիր ինքնադատապարտելու կարողություն, որպեսզի Դու ստիպված չլինես իմ մտերիմների միջոցով՝ դատապարտելու ինձ։ Տե՛ր, շնորհիր ինձ Քո Կամքին խոնարհաբար հետևելու կարողություն, որպեսզի Դու չխոնարհեցնես ինձ այլոց միջոցով։ 

«Աններելի մեղք գոյություն չունի, միայն չապաշխարված մեղքն է աններելի»։ - Փրկիր ինձ, Տե՛ր, ապաշխարությանն ընդդիմանալուց, այն խավարամիտ համառությունից, որն առաջանում է իմ մեջ և արգելում  անմիջապես խոստովանելու հանցանքներս, սխալներս, կամակորությունս, հիմարությունս։

Տե՛ր, շնորհիր ինձ կարողություն հիշելու, որ Քեզ սիրում է ոչ այն մարդը, ով խանդավառությամբ կատարում է Քո հոգեշահ Կամքը, այլ նա, ով համբերատար կրում է Քո կարգադրությունների ծանր բեռը, չխուսափելով այն բոլոր հետևանքներից, որոնք առաջանում են կատարման արդյունքում։

Ցանկությունների մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Տե՛ր, ազատիր ինձ բոլոր տեսակի ցանկություններից՝ բացառությամբ, Քեզ սիրելու ցանկությունից։

Տե՛ր, շնորիր ինձ մաքուր հայացք, լուսավոր միտք, փափուկ սիրտ, հեզ հոգի, Քո կամքին հնազանդ կամք, Հրեշտակային համբերություն, Աստվածային խոնարհություն։

Տեր, շրջիր հոգիս ի հակառակ այս աշխարհին, որպեսզի չձգտեմ փառքի ու հեշտանքի հանուն ինձ, այլ տառապանքի ու հոգատարության հանուն իմ մերձավորների, ոչ թե իմ քնքշահամ հանգստի, այլ դժվարությունների՝ հանուն Քո հավերժ Հանգստի։

Աստծո կամքը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Աստծո շավիղները ենթադրում են արտաքին ու ներքին վշտերի ու պատուհասների նկատմամբ անդադար համբերության պատրաստակամություն։ Ոչ ոք չի համբարձվի երկինք, եթե գերադասի հարմարավետ ու անցնցում ապրելակերպը»։ Տե՛ր, փրկիր ինձ հարմարավետ ու անհոգ կյանքից, որպեսզի լինեմ Քո որդիների, և ոչ այս աշխարհի որդիների հետ, որոնք ձգտում են բարեկեցության ու հարմարավետության, «քանզի Աստծու որդիները տարբերվում են այս աշխարհի որդիներից նրանով, որ ապրում են վշտերի, չարչարանքների, տառապանքների, զգոնության տրամադրության ներքո, մինչդեռ աշխարհն ընկղմված է հաճույքների, ինքնամոռացության ու հանգստության շղարշով սքողված  թաքստոցում»։ Տե՛ր, թող ոչ թե ես ապրեմ հարմարավետ կյանքով, այլ Քեզ հարմար լինի իրականացնել Քո կամքն իմ միջոցով։ 

Տե՛ր, Քեզ զգալու հրճվանքը գերադասելի է բոլոր երկրային ուրախություններից։ Հանուն հոգուս մեջ Քեզ զգալու, ես պատրաստ եմ դիմակայելու ամեն տեսակի վշտերին ու կտտանքներին, անտեսելու ինքս ինձ, զրկվելու մխիթարանքից։ Քանզի Քո ողորմությունը կյանքից էլ հաճելի է, իսկ Քեզ ճանաչելը՝ շնչից էլ քաղցր։ Տե՛ր, Քո անսահման ողորմությամբ շնորհիր ինձ այնպիսի սեր, որ ես պատրաստակամ լինեմ հանուն Քո սրբերի անվան՝ ընդունելու դժնդակ մահվանը։ Միայն Քո Սիրո մեջ է իմաստության արմատը, հոգու առողջության ակունքը, ուժի և համբերության հիմքը։

Մաքուր սիրտ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ե՞րբ մարդը կհասկանա, որ իր սիրտը մաքուր է, ինչպես անմեղ ու անարատ երեխայի սիրտն է, երբ բոլոր մարդկանց կընդունի բաց սրտով՝  ինչպես իր սիրելի ընկերներին, երբ նրանց կտեսնի բարի ու անմեղ, և ոչ ոք չի ներկայանա իրեն անմաքուր ու պիղծ։ Հիրավի, մաքուր սիրտ կունենա այդպիսի մարդը»։ Տե՛ր, պահպանիր իմ մաքրությունը, որն ինձ շնորհեցիր ծննդյանս օրից, շնորհիր ինձ կարողություն՝ լինել միշտ կենսունակ, դյուրահավատ, լավատես, սիրող։ Թող մարդկային խաբեություններն ու դավերը, սրիկայություններն ու հանցանքները չսասանեն իմ հավատքը, հույսն ու սերը, իմ ճշմարիտ ու իրական կյանքը հանուն Քեզ։

Տե՛ր, տուր ինձ շնորհ՝ մոռանալու կյանքս պահպանելու աշխարհիկ միջոցները և ազատիր ինձ այն ամենից, ինչը ձեռք եմ բերել այդ միջոցներով։ Դարձրու ինձ մանուկ, անգետ և անհասկ ամենի նկատմամբ, բացի Քեզնից, աղաչում եմ Քեզ։

Տե՛ր, տուր ինձ կարողություն հասկանալու, թե ինչով եմ խորթ, և ինչով մերձեցած աշխարհին, ու ազատագրիր ինձ աշխարհի հետ բոլոր տեսակի կապանքներից։ Քանզի Հայրերը ասում են, որ շատերը կիսով կամ ավելիիով հեռանալով աշխարհից, համոզում են իրենց, որ ամբողջովին օտարացել են աշխարհից։ Նրանք չգիտեն, որ միայն մասամբ են ազատագրվել աշխարհի հետ կապող կապանքներից, իսկ մնացյալով նրանք շարունակում են մնալ աշխարհի պատանդը։ Տե՛ր, փրկիր ինձ։

Աղոթք և սեր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Աղոթելիս՝ արտասուքը խորհրդանշում է Աստծո Ողորմությունը, որը շնորհվում է հոգուն ապաշխարելու համար։ Այն նաև նշան է, որ աղոթքն ընդունված է և արտասուքով մուտք ես գործում մաքրության դաշտ»։ Տե՛ր, տուր ինձ այս շնորհը, մաքրիր ինձ այն ամենից, ինչը հեռացնում է Քեզնից։

«Իրերի կողմից հարուցված սերը նման է մոմի, որն արագ կսպառվի, կամ գետակի, որը շուտով կցամաքի։ Իսկ Աստծո կողմից ներշնչված սերը նման է արեգակին, որը լուսավորում է անդադար, կամ հողի միջից բխող աղբյուրի, որի ջրերը երբեք չեն սպառվի»։ Տե՛ր, փրկիր ինձ երկրային սիրո պատրանքից և շնորհիր ինձ վայելելու անմահական սիրո ոգին, աղաչում եմ Քեզ, հանուն Քո Սուրբ Անվան։

«Աշխարհիկ կյանքը նման է տառերին, որոնք գրված են բոլորի համար հասանելի մի ցուցատախտակի վրա, այնպես որ ով ցանկանա, կկարողանա այն լրացնել կամ ջնջել։ Փոփոխություններն ել կատարվում են ոմանց քմահաճույքից կամ էլ նրանց շահերից ու այլ տեսակի նկատառումներից ելնելով։ Իսկ կյանքը Աստծու մեջ նման է տառերին, որոնք հատիչով փորագրված են քարասալիկների վրա, հաստատված են թագավորական կնիքով, որոնց մեջ ոչինչ հնարավոր չէ հատել կամ լրացնել»։ Տե՛ր, շնորհիր ինձ կարողություն ապրելու և մեռնելու՝ համաձայն Քո հավերժ օրենքների, և ոչ խաբուսիկ, ապական ու սնոտիապաշտ մարդկային մտայնությունների։ Մարդկային երևակայության արգասիքները մերժում եմ, իսկ Քո օրենքները սիրում։

«Քանի դեռ քո մեջ կա շունչ, խաչիր քեզ աղոթքի պահին, մինչև մահը կմոտենա քեզ։ Քանի աչքեր ունես, արտասուքներով լցրու դրանք, մինչև նրանք կծածկվեն հողով։ Քանի դեռ մարմին ունես, հնազանդեցրու քո մարմինն Աստծու Կամքին, մինչև այն կքայքայվի հողում»։ Տե՛ր, տուր ինձ ուժ կատարել այս ամենը։

Տե՛ր, տուր ինձ կարողություն կյանքիս բոլոր պահերին նկատել իմ բացթողումները և զերծ մնալ նախանձությունից այն մարդկանց նկատմամբ, որոնք բժշկում են մարդկանց ու հարություն են տալիս մահացածներին։ Տե՛ր, տուր ինձ շնորհ՝ ողբալու ու տրտմելու իմ ապականված հոգու համար, և ոչ երազելու՝ այս աշխարհին օգտակար լինելու մասին։ Տե՛ր, օգնիր հայացքս ուղղելու դեպի ինձ, և ոչ փնտրել սրբերի ու հրեշտակների երեսը՝ աղաչում եմ Քեզ, Տե՛ր, հանուն Քո Անվան։

Տե՛ր, տուր ինձ անդադար աղոթելու շնորհ, քանզի աշխարհը միայն անդադար աղոթքից է մեռնում իմ մեջ»։

Խոնարհություն, ապաշխարություն և գթասրտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ինչպես աղն է պահպանում սնունդը քայքայումից, այնպես էլ խոնարհությունն է առաքինության պահապանը»։ Տե՛ր, թույլ մի տուր, որ ինձ համարեմ որևէ առաքինության կրող, մինչև ինքս իմ մեջ չզգամ, որ կատարելապես խոնարհ եմ։

«Ապաշխարությունը՝ մեծ վշտով ու աղոթքով անտրտունջ խնդրանքն է առ Աստված, մեր անցյալում կատարած անօրենությունների թողության համար, և միևնույն ժամանակ աղաչանք՝ պահպանելու մեզ ապագայում»։ Տե՛ր, շնորհիր ինձ ուժ քավել այն ամենը, ինչ հիրավի ի զորու եմ, երբ ընդդիմացել եմ Քո կամքին անցյալում, և հանուն Քո Անվան, պահպանիր ինձ ապագայում Քո Կամքը խախտելու գայթակղությունից։

«Ի՞նչ է սրտի մաքրությունը։ Եթե կարճ ասենք՝ սիրտ, որը ներում է բոլոր արարածներին»։ Տե՛ր, հանուն Քո Անվան, տուր ինձ գթառատ սիրտ, բոլորի վշտերին կարեկից, բոլորի համար աղոթող՝ մարդկանց, կենդանիների, նամարդիների, դևերի, չարքերի, ճշմարտության թշնամիների, վնասատուների, այսինքն բոլոր կենդանի էակների համար, որպեսզի իմ սիրտը իր գութը ընտրովի չբաշխի, այլ հավասարապես խղճմտանքով վերաբերվի բոլոր արարածներին, ինչպես արեգակը լուսավորում է ամենքին։ Տե՛ր, զերծ պահիր ինձ ատելությունից, միայն ոչ մեղքերիս նկատմամբ, քանզի դրանք են խանգարում ինձ խղճալու բոլորին։

Տե՛ր, շնորհ տուր ինձ սիրել արարածների մեջ իրենց հավերժական որակները, և ոչ անցողիկները, քանզի գութ տածել անցողիկի նկատմամբ, որը կապված չէ հավերժության հետ, վնասակար է, իսկ գթալ հավերժականին, չնայած որ հաճախ թվում է, որ այդ տեսակի գութը վնասակար ու դաժան է, տանում է դեպի բարիք։

Տե՛ր, իմ գութը թող բխի, ոչ այնքան այն զգացմունքից, որ արարծներն անցողիկ կյանքի համար են նախատեսված, այլ Քո Բանականությունից, որն արարածների հավերժական կյանքի հեռանկարի երաշխիքն է։

Մարդասիրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տե՛ր, տուր ինձ ուժ հանուն մարդասիրության համբերությամբ դիմակայելու բոլոր փորձություններին։

Տե՛ր, փրկիր ինձ մեծամտությունից ու մարդկանց հաճոյանալու ցանկությունից,  շնորհիր ինձ կարողություն՝ զննելու ու լսելու Քո կարծիքն իմ մասին՝ աղաչում Քեզ, Տե՛ր։

Տե՛ր, կարիքի մեջ ուրախ սիրտ շնորհիր ինձ, քանզի ամեն տեսակի կարիք Քեզ հետ հանդիպելու հիանալի առիրթ է՝ Քեզ հետ գրկախառնվելու, Քո Ձեռքերի տաքությունը, Քո Սրտի բարությունը, Քո Հոգու լույսը զգալու համար։ Որքան սակավ լինի իմ ունեցվածքն, այնքան հաճախ, Դու՝ Տե՛ր, կայցելես ինձ։ Հենց դրա համար էլ Քեզ սիրողները աղքատասեր են։ Այժմ ես հասկացա հարուստ լինելու կործանարար ու քայքայիչ հետևանքները, քանզի ինչքան ունևոր է մարդը, այնքան սակավ են այն պահերը, երբ նա հանդիպում է Քեզ։ Իսկ ինձ համար չկա ավելի մեծ դժբախտություն, քան օտարվել, հեռանալ Քեզանից, Տեր իմ Աստված։

Հավատք և գիտելիք[խմբագրել | խմբագրել կոդը]

«Աստծու առաջ աղոթելիս եղիր թոթովացող երեխայի, այլ ոչ թե բանիմաց իմաստունի պես։ Մի խոսիր՝ հիմնվելով գիտելիքներիդ վրա, քանզի գիտունը Աստծու կարիքը չունի, այլ  խոսիր ինչպես անզոր երեխա, ով Աստծուն իր մոտ է կանչում, ով լիովին վստահում է Նրան, որպեսզի արժանանաս հայրական հոգատարությանը, ինչպես հայրերի ու զավակների հարաբերություններն են մեր աշխարհում»։ Տե՛ր, նմանեցրու ինձ մանուկներին իմ բոլոր գործերում ու ճանապարհներում, տուր ինձ հնարավորություն պարզամիտ ու մաքուր լինել, որպեսզի աճեմ անմեղության ու միամտության ձգտումով՝ Քո Ափերի մեջ, Հայր Իմ։

«Ինչպես չի կարող շնչել այն մարդը, ում գլուխը ջրի մեջ է, այնպես էլ չի կարող երկնային կյանքի բուրմունքը զգալ այն մարդը, ով մտասուզված է կենցաղային հոգսերի մեջ»։ Տեր, փրկիր ինձ կենցաղային հոգսերի ճահճից, տուր ինձ շնորհ լիովին ապավինել Քեզ, և եթե նույնիսկ հանուն մարդկանց բարօրորության խորասուզվեմ նրանց ունայն հոգսերի մեջ, ապա թող դա լինի միայն Քո Կամոք։

«Ձգտել մարմնական հարմարության ու հոգևոր անդորրության բոլոր ժամանակներում հանդիսանում է խոչընդոտ Աստծուն հիշելու համար»։ Փրկիր ինձ, Տե՛ր, հարմարավետությունից ու անդորրից, որի մեջ ես ընկղմված եմ մանկությունից ի վեր, պահպանիր ինձ աշխարհիկ բարիքներին ձգտելու մոլեգնությունից, որպեսզի իմ բոլոր ուժերը ծառայեցնեմ Քո Սուրբ Կամքն իրագործելուն, անկախ նրանից, թե ինչպես կանդրադառնա այն ինձ վրա՝ հարմարավետությամբ, թե՞ զրկանքներով, խաղաղությամբ, թե՞ տառապանքներով։

Խոնարհամտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Խոնարհամտությունը՝ Աստծո զգեստն է»։ Տե՛ր, տուր ինձ ճշմարիտ խոնարհամտության շնորհ։ Ես երկար ժամանակ խորհում էի խոնարհամտության բնույթի մասին, տարիներ շարունակ խնդրում էի Քեզ բացատրել նրա էությունը, և ահա Դու՝ Տեր, բացատրեցիր ու բացահայտեցիր խոնարհամտության նշանակությունը՝ շնորհակալ եմ Քեզ, Հայր իմ։ Խոնարհամտություն նշանակում է, որ Դու՝ Տեր, բացահայտում ես բոլոր տեսակի անրաժեշտությունները, և արգելափակում՝ անպետքությունները, Դու՝ Տեր, հիշեցնում ես, և մոռացության մատնում, միտքը սրում ես ածելիի նման, և բթացնում ես կռնակի նման, Դու՝ Տեր, լուսավորում ես միտքը, և կուրացնում այն։ Խոնարհամտությունը կյանքի բոլոր դրվագներւմ հիշեցնում է, որ իմաստությունը, խորագիտությունը, դատողությունը, վերլուծությունը, ճանաչողությունը, ընկալումը, նաև ունակությունը, ճկունությունը, գիտակցությունը ու այլ նմանատիպ շնորհները տրվում են Քո կողմից, այլ ոչ թե ես եմ ստեղծում կամ արտադրում դրանք։ Դու ես իմ մեջ հասկանում, և Դու ես իմ մեջ լռում, Դու ես իմ մեջ և՛ զորեղը, և՛ անզորը։ Խոնարհամտությունն անդադար պայքարում է այլոց մեծամտության դրսևորման  դեմ՝ հիմարների, տկարների, մերժվածների, տգետների, մեղավորների, անմաքուրների, չարերի։ Խոնարհամտությունը միշտ հիշեցնում է, որ իմ սրբությունը պահպանել եմ ոչ ես, այլ՝ Դու, որ իմ մեջ գործեցիր ի նպաստ ինձ, որ իմ սրբությունը չի ծառայում երկնային և երկրային երջանկությանս, և այդ պատճառով է, որ նախանձություն չի հարուցում ուրիշների մեջ։ Իմ սրբությունը ծառայում է մեղավորների փրկության համար։ Այսինքն ես մաքուր ու սուրբ եմ, ոչ այնքան իմ, այլ բոլորի համար, ու ես չեմ նախօրոք սրբացրել ինքս ինձ, բայց Դու ծնեցիր ու դաստիարակեցիր ինձ սրբության մեջ։ Հիշողություն առ այն, որ բոլոր շնորհներն ու առաքինություններն ինձ տրված են Քեզնից են, որ Դու ես տնօրինում իմ բոլոր մղումներն ու արարքները՝ ըստ Քո բարեկամեցողության․ հենց այդ է խոնարհամտությունը։ Այս ամենի մասին, Տե՛ր, տուր ինձ հավերժ հիշողություն, աղաչում եմ Քեզ։

«Ով իր մեղքերը համարում է աննշան, ավելի վատ մեղքերի մեջ կընկղմվի և յոթնապատիկ պատժի կարժանանա»։ Դու, Տե՛ր, բացահայտեցիր ինձ համար մեծ ճշմարտություն՝ միայն մարդկային հպարտությունն է, որը հիմարությունների գագաթնակետն է, զանազանում է կարևորը ոչ կարևորից, այնինչ Քո Աշխարհում աննշան ոչ մի բան գոյություն չունի։ Դու ասացիր՝ «Ով իր աչքում հայտնված ավազահատիկը, համարի աննշան մի բան ու շարունակի կոտրել փայտ, նա կթռցնի իր ոտքը»։ Այդպես էլ մարդկանց աշխարհում է, որոնք համարեցին աննշան իրենց ամբարտավանությունը, և այդ պատճառով բազում անգամ կործանվեցին։ Տե՛ր, փրկիր ինձ իրենց դժոխքից։ Տուր ինձ գիտակցություն՝ հասկանալու, որ Քո հետ հարաբերություններում ամեն ինչ նշանակալի, կարևոր, էական է։ Միայն անզգամն է համարում ինչ–որ բան աննշան՝ Բանականության համար ամեն ինչ ճակատագրական է։

«Ով համբերատար կրում է անիրավ մեղադրանքներն իր հասցեին՝ ողբալով ոչ թե իր, այլ զրպարտողների համար, նա կարող է համարվել կատարյալ»։ Տե՛ր, տուր ինձ շնորհ մոռացության մատնելու ինքս ինձ և հոգ տանելու այլոց բարօրորության մասին։ Ողորմիր, Տե՛ր, ինձ հետ անհիմն թշնամական հարաբերությունների մեջ գտնվող մարդկանց, քանզի գիտեմ, թե ինչ է նրանց սպասում, որքա՞ն խորը ցավ է ապրում խոցված սիրտը այն մարդու, ով գիտակցում է, որ վիրավորել է անմեղ ու մաքուր մարդու։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

https://zen.yandex.ru/media/id/5aabae968139bac4ce09a31c/po-sledam-isaaka-sirina-5ebb013f8082e876cdb304b9