Jump to content

Հեմագլուտինացիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
արյուն
արյան էրիթրոցիտ

Հեմագլյուտինացիա (հեմո... և ագլուտինացիա), արյունազանգվածում, արյան էրիթրոցիտների սոսնձման և նստման պրոցես, առաջանում է էրիթրոցիտների մակերեսին ադսորբվելու հատկությամբ օժտված ագենտներով՝ հեմագլուտինիններով, բակտերիաներով և վիրուսներով։ Հեմագլյուտինացիայի դեպքում առաջանում են էրիթրոցիտների աչքով տեսանելի կուտակումներ՝ կույտերի, բեկորների և գնդիկների ձևով։ Հեմագլյուտինացիան որոշվում է էրիթրոցիտներում գտնվող ագլուտինոգենների և պլազմայի ագլուտինինների փոխազդեցությամբ. յուրաքանչյուր ագլուտինոգեն ունի համապատասխան ագլուտինինը։ Հեմագլյուտինացիայի ռեակցիայի վրա են հիմնված արյան փոխներարկման և արյան խմբերի որոշման օրինաչափությունները։ Անհամատեղելի արյան փոխներարկման ժամանակ հեմագլյուտինացիա կարող է առաջանալ արյան հունում և հանգեցնել ծանր (երբեմն՝ մահացու) բարդությունների։ Դասական բժշկության մեջ հեմագլյուտինացիայի ռեակցիան կիրառվում է արյան բծերի պատկանելությունը որոշելու համար և որպես լրացուցիչ մեթոդ՝ վիճելի հայրությունը պարզելու հարցերում։ Տարբերում են ակտիվ հեմագլյուտինացիա, որն առաջանում է էրիթրոցիտների վրա համապատասխան գործոնի անմիջական ներգործությունից և պասիվ հեմագլյուտինացիա, որը տեղի է ունենում էրիթրոցիտների մակերեսին նախօրոք ադսորբցված անտիգենի և հատուկ իմուն շիճուկների փոխազդեցությունից (աես Հակածին)։ Հեմագլյուտինացիա կարող է առաջանալ նաև տուբերկուլոզի, ժանտախտի, տուլարեմիայի բակտերիաների, աղիքային ցուպիկի պոլիսախարիդների, ինչպես նաև գրիպի, խոզուկի, դեղին տենդի և վիրուսների ու ծաղկի վակցինայի ազդեցությունից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 349
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հեմագլուտինացիա» հոդվածին։