Համամոլորակային հիմնախնդիրներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Համամոլորակային հիմնախնդիրներ կամ Գլոբալ խնդիրներ՝ արդիականության համամարդկային խնդիրներ, որոնք շոշափում են ներկա և ապագա սերունդների կենսական շահերը, և որոնց լուծումը պահանջում է բազմաթիվ պետությունների համատեղ ջանքերը։

Այդ խնդիրներից կարևորներն են մեր մոլորակի բնակ­չության ժողովրդագրական իրավիճա­կի կտրուկ փոփոխությունը, շրջակա միջավայրի աղտոտումը, միջազգային ահաբեկչության ու թմրամոլության լայն տարածումը։ Մեր օրերում դրանց ավելացավ նաև 2008 թվականից սկսված հա­մաշխարհային ֆինանսատնտեսական խոր ճգնաժամը։ Այդպիսի խնդիրներն անվանում են գլոբալ հիմնախնդիրներ։

Նրանց լուծումը հնարավոր է միայն բոլոր երկրների (ինչպես զարգացած և հարուստ, այնպես էլ թույլ զարգացած և աղքատ) համատեղ և նպատակասլաց ջանքերի շնորհի

Գլոբալ խնդիրների օրինաչափ արդյունք են հիմնականում գիտատեխնիկական և տնտեսական առաջընթացի շեշտակի արագացման, մարդու վերափոխիչ գործունեության ընդլայնման և որակական փոփոխության, սոցիալական հակասությունների խորացման։ Գլոբալ խնդիրների կարևորության համընդհանուր գիտակցումը ենթադրում է համապատասխան փիլիսոփայական իմաստավորում, մասնավորապես մարդկության միասնության, մարդու պատասխանատվության, բնության հետ հասարակության ներդաշնակության անհրաժեշտության ըմբռնում։

Խնդիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այդպիսի խնդիրներից են՝

  • միջազգային խաղաղության հաստատումը,
  • շրջապատող միջավայրի պահպանումը,
  • երկրագնդի բնակչությունը սննդամթերքով ապահովելը,
  • Համաշխարհային օվկիանոսի և տիեզերական տարածության յուրացումը,
  • հումքի և էներգետիկական պաշարների ապահովումը։

Առաջացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից աշխարհում համամոլորակային հիմնախնդիրների առաջացման համար կան օբյեկտիվ նախադրյալներ։ Դրանք այն հիմնախնդիրներն են, որոնք առնչվում են ամբողջ մարդկության կենսական շահերին։ Պատահական չէ, որ արդի դարաշրջանի համար հաճախ օգտագործվում է «համամոլորակային հիմնախնդիրների դարաշրջան» արտահայտությունը։

Համամոլորակային են այն հիմնախնդիրները, որոնք ընդգրկում են ողջ երկրագունդը և մարդկությունը, սպառնում նրանց ներկային ու ապագային, և դրանց լուծման համար պահանջվում է բոլոր ժողովուրդների ու գործողությունների միասնությունը։ Իրենց բնույթով համամոլորակային հիմնախնդիրները տարբեր են, սակայն բոլորը համակված են մարդկության աշխարհագրական միասնության և կենսակայունության գաղափարով։

Մարդկության համար առավել հրատապ են հետևյալ համամոլորակային հիմնախնդիրները.

  1. Խաղաղության պահպանության հիմնախնդիրը,
  2. բնապահպանական հիմնախնդիրը՝ կապված բնական միջավայրի խախտման հետ,
  3. զարգացող երկրներում բնակչության արագ աճի հետևանքով առաջացած ժողովրդագրական հիմնախնդիրը,
  4. թույլ զարգացած երկրներում հարյուր միլիոնավոր մարդկանց մշտական թերսնման և սովի հետ կապված պարենային հիմնախնդիրը,
  5. մորոլակի հանքահումքային և բնական այլ ռեսուրսների սահմանափակվածության հետ կապված էներգետիկ և հումքային հիմնախնդիրը,
  6. նախկին գաղութների (զարգացող երկրների) հետամնացության հաղթահարման հիմնախնդիրը, որը, ցավոք, ոչ միայն չի վերանում, այլև երկրագնդի որոշ տարածաշրջաններում դրսևորվում է առավել ցայտուն,
  7. համաշխարհային օվկիանոսի հիմնախնդիրը՝ առաջին հերթին կապված նրա կենսաբանական արդյունավետության և աղտոտման հետ,
  8. տարածքային և ազգային հակամարտությունների հիմնախնդիրը,
  9. կլիմայի փոփոխության հիմնախնդիրը։

Բացի հիմնականներից, կան նաև մի շարք մասնավոր հիմնախնդիրներ, որոնք ևս շատ կարևոր են (օրինակ՝ հանցագործությունների թմրամոլությամբ ժողովրդավարության պակասի, տեխնածին աղետների, բնական աղետների և այլն)։ Վերջին տասնամյակներս առավել արդիական է դարձել միջազգային ահաբեկչության հիմնախնդիրը։

Նախկին հիմնախնդիրների սրությունը և ծավալները չեն կարող համեմատվել վերջին մի քանի տասնամյակներին տեղի ունեցող գործընթացների ու երևույթների հետ։ Համընդհանուր հիմնախնդիրները ծնվում են տեղային, ազգային հիմնախնդիրներից, սակայն դրանց լուծման համար պահանջվում են ոչ թե առանձին, այլ համաշխարհային հասարակության միասնական գործունեությունը։

Մեր մոլորակը իր պատմության ընթացքում երբևէ չի բախվել այնպիսի հիմնախնդիրների, որոնք կան մեր օրերում։ Արդեն գոյություն ունեն մարդկության բնակության տարածքի բհապահպանական հատկությունների անվերադարձ փոփոխության, ձևավորվող համաշխարհային հասարակայնության միասնականության խախտման և քաղաքակրթության ինքնաոչնչացման սպառնալիքները։

Համամոլորակային հիմնախնդիրների ուսումնասիրման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել արտադրողական ուժերի զարգացման ընդհանուր օրինաչափություններն ու միտումները (այդ թվում՝ ԳՏՀ ազդեցությունը), սոցիալական գործոնների դերը (մոլորակի բնակչության արագ աճը, պետությունների փոխազդեցության մեծացումը)։

Մարդկային գործունեության բոլոր ոլորտներում տեղի է ունեցել որակական մեծ թռիչք։ Տնտեսական զարգացման տարբեր մակարդակ ունեցող երկրներում խոշորամաշտաբ տնտեսական գործունեությունը և դրա դինամիզմն իրենց հետ բերում են ոչ միայն դրական, այլև բացասական հետևանքներ, այդ թվում՝

  • բնական ռեսուրսների կտրուկ և ոչ միշտ արդարացված սպառումը,
  • արտադրական գործունեության բացասական ազդեցություն շրջակա միջավայրի վրա և մարդկանց կյանքի էկոլոգիական պայմանների վատթարացումը,
  • արդյունաբերական զարգացած և զարգացող երկրների միջև սոցիալ-տնտեսական զարգացման մակարդակների անհամաչափության մեծացումը,
  • զանգվածային ոչնչացման զենքի ստեղծումը, որը սպառնում է մարդկային քաղաքակրթությանը։

Բոլոր գործոնները այս կամ այն չափով նպաստել են համամոլորակային հիմնախնդիրների առաջացմանը և սրմանը։ Առաջնորդվելով միայն տնտեսական խնդիրներով, զարկ տալով նյութական արտադրությանը և բնությունը դիտելով միայն որպես շահագործման օբյեկտ ու արտադրության թափոնների ու կենսագործունեության վայր՝ մարդկությունը կարող է կանգնել համամոլորակային հիմնախնդիրների առջև։

Լուծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրանց լուծումը պահանջում է փոխադարձ վստահության և ըմբռնման վրա հիմնված միջպետական փոխհարաբերությունների նոր տիպ։ Սոցիալական տարբեր կառուցվածքի երկրների համագործակցությունը հանուն գլոբալ խնդիրների լուծման չի վերացնում սկզբունքային աշխարհայացքային տարաձայնությունները։ Մարքսիզմը գլոբալ խնդիրների դիտում է ամենից առաջ կապիտալիզմից սոցիալիզմին անցման շրջանակներում, առանձնացնում սոցիալ-քաղաքական, տնտեսագիտական, գիտատեխնիկական, միջազգային-իրավական, էկոլոգիական և բարոյական կողմերը։

Բուրժուական տեսություններին («Հռոմի ակումբ» են) ընդհանուր առմամբ հատուկ է հոռետեսությունը և ուտոպիականությունը, գլոբալ խնդիրների գոյացման և լուծման մեջ սոցիալական գործոնների թերագնահատումը, տեխնոկրատական կամ մարդաբանական ծայրահեղությունները։ Իրականում գլոբալ խնդիրների վերջնական լուծումը պահանջում է ոչ միայն գիտատեխենիկական նախադրյալներ, այլև արմատական սոցիալ-քաղաքական փոփոխություններ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 432