Համադրական լեզուներ, լեզուների տիպաբանական խումբ, որտեղ գերակշռում են քերականական իմաստների արտահայտման համադրական ձևերը, այսինքն՝ վերլուծականության և բազմահամադրականության համեմատությամբ համադրականության տոկոսը զգալիորեն բարձր է (զուտ համադրական և զուտ վերլուծական լեզուներ չկան)։ Համադրական լեզուներն են ուգրա-ֆիննական, սեմական, թյուրքական, հին հնդեվրոպական և այլ լեզուներ։ Լեզուների դասակարգումը համադրական և վերլուծական տիպերի առաջարկել է Ա. Շլեգելը՝ թեքական լեզուների համար, բայց հետագայում Ա. Շլայխերը համադրական է համարել նաև կցական լեզուները։ Լեզուների վերլուծական, համադրական և բազմահամադրական տիպերի առանձնացումը շարահյուսական դասակարգում է և չի նույնանում լեզուների ձևաբանական դասակարգման հետ։ Համադրական լեզուներում բառի մեջ մտնող ձևույթները միանում են գերազանցապես ձուլմամբ (սերտաճմամբ), կցմամբ են։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 87)։