ՀԱԵ Արցախի թեմն Արցախյան ազատամարտում
ՀԱԵ Արցախի թեմն Արցախյան պատերազմում, 1989 թվականին թեմը իր գործունեությունն է վերսկսել Վարագա Խաչի տոնին՝ Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու վերաբացումով։ Թեմի հոգևորականները Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի գլխավորությամբ ու օրհնությամբ գործուն մասնակցություն են ունեցել ազգային-ազատագրական պայքարին։ 1989-1992 թվականներին այն ծավալել է բարեգործական-մարդասիրական գործունեություն՝ առաքել է սննդամթերք, հանդերձանք, դեղորայք, վառելանյութ, հիմնադրել երկու հոսպիտալ՝ 600 մահճակալով, բանակի ու հոսպիտալների համար ձեռք բերել ճապոնական արտադրության 25 շարժական էլեկտարկայաններ։ 1992-1994 թվականներին ղեկավարվելով Եղիշեի (5-րդ դար) «քաջ զինվորներին մահակից լինելու» պատգամով՝ թեմից ռազմական գործողություններին մասնակցել են Վ. Բալայանի ջոկատի նռնակաձիգ սարկավագ Գ. Խաչատրյանը (զոհվել է Ծամձորի ազատագրման ժամանակ), դպիր Ա. Թովմասյանը (զոհվել է 1994 թվականին), «Արծիվ-մահապարտներ» գնդի կազմում՝ Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը, «26-ի» դիրքերում քահանա Գ. Մարկոսյանը, սարկավագ Կ. Ապրեսյանը, Շահումյանի ու Գանձասարի պաշտպանությանը՝ քահանա Կ. Կարապետյանը, Կրկժանի և Խոջալուի ազատագրմանը՝ Ս. Հակոբյանը, Ամարասի և Գանձասարի պաշտպանության դիրքերում՝ հայր Վ. Աբրահամյանը, սարկավագ Վ. Գրիգորյանը և քահանա Ա. Թավադյանը։ 1988-1994 թվականներին թեմի հոգևորականները «աշխատակից ու աջակից» են եղել ազատամարտիկներին՝ նրանց մկրտելով ու օրհնելով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |