Կոոպերացում
Կոոպերացում, որոշակի արտադրանք արտադրող ձեռնարկությունների միջև եղած երկարատև արտադրական կապերի ձև։ Այն իրենից ներկայացնում է համատեղ տնտեսական գործունեություն իրականացնող ձեռնարկությունների արտադրական կապերի ձև՝ վերջնական արդյունք թողարկելու համար։ Արտադրական կոոպերացումը մեքենաների, սարքավորումների համար առանձին նախապատրաստվածքներ, դետալներ և ագրեգատներ արտադրող ձեռնարկությունների մասնագիտացման անխուսափելի հետևանքն է։ Այդպիսին են, օրինակ, ավտոմեքնաների գործարանների կապերը նրան հարակից բազմաթիվ այն ձեռնարկությունների հետ, որոնք հումք, դետալներ ու շինվածքներ են մատակարարում մայր ձեռնարկությանը՝ ավտոմեքենա արտադրելու համար։
Ըստ տարածաշրջանային ու ճյուղային սկզբունքների կոոպերացումը ստորաբաժանվում է՝
- ներշրջանային, երբ ձեռնարկությունների միջև արտադրական կապերը իրականացվում են մեկ խոշոր տնտեսական շրջանի շրջանակներում։
- միջշրջանային, երբ արտադրական կապեր են ստեղծվում տարբեր տնտեսական շրջաններում տեղաբաշխված ձեռնարկությունների միջև։
- ներճյուղային, երբ արտադրական կապեր են ստեղծվում միևնույն ճյուղի ձեռնարկություններում։
- միջճյուղային, երբ արտադրական կապերը ստեղծվում են տարբեր ճյուղային ձեռնարկությունները։
Տարբեր երկրների ձեռնարկությունների միջև կոոպերացումը լայն զարգացում ստացավ հատկապես 20-րդ դարի երկրորդ կեսերին։ Արդյունաբերական առաջատար երկրների համար նման կոոպերացումը դրսևորվեց հատկապես վերազգային կորպորացիաների ստեղծման միջոցով։ Այդ կորպորացիաները իրենց ձեռնարկությունների միջև կոոպերացիան իրականացնում են ամբողջ աշխարհում տարածված սեփական ֆիլիալների գործունեության միջոցով։
Տարբերում են կոոպերացման 3 ձև. ագրեգատային ՝ բարդ արտադրանք թողարկող գլխամասային գործարանն արտադրանքի կոմպլեկտավորման համար այլ գործարաններից ստանում է պատրաստի ագրեգատներ, դետալային ՝ գլխամասային ձեռնարկությունը արտադրակից ձեռնարկություններից ստանում է դետալներ և հանգույցներ, տեխնոլոգիական ՝ մի ձեռնարկությունը մյուսին մատակարարում է որոշակի կիսաֆաբրիկատներ կամ կատարում որոշակի օպերացիաներ։ Կոոպերացումը կարող է լինել մշտական և ժամանակավոր։ Մշտական կոոպերացման մեջ են արտադրության մասնագիտացման բնույթով սերտորեն փողկապված ձեռնարկությունները։ Ժամանակավոր կոոպերացումն առաջանում է, երբ մի գործարանում կարողությունը պահանջից ավելի է, մյուսի համանման տեղամասում ՝ պակաս։
Կոոպերացման մակարդակը որոշող ցուցանիշներն են՝
- տվյալ ձեռնարկության հետ կոոպերացվող ձեռնարկությունների թիվը, այս դեպքում հաշվում են մատակարարող և պատվիրող ձեռնարկությունների թիվը։
- ձեռնարկության թողարկած պատրաստի արտադրանքի ինքնարժեքում կոոպերացմամբ ստացված կիսաֆաբրիկատների տեսակարար կշիռը,
- ներճյուղային և միջճյուղային կոոպերացման հարաբերակցությունը ըստ առանձին ձեռնարկություների, ճյուղերի և շրջանների։
Կոոպերացման տնտեսական արդյունավետությունը ձեռք է բերվում կոոպերացված ձեռնարկությունների մատակարարների ռացիոնալ պլանների կազմումը։ Որի համար որոշվում է ՝
- ձեռնարկությունների բոլոր արտադրական կապերը,
- նրան մատակարարողներն ու սպառողները,
- բոլոր մատակարարումների ծավալը, տեսականին ու ժամկետները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 593)։ |