Կիսահաղորդչային դետեկտոր
Կիսահաղորդչային դետեկտոր, կիսահաղորդչային սարք, որը մոդուլված բարձրահաճախային տատանումները փոխակերպում է ցածր հաճախականության լսելի կամ տեսանելի ազդանշանի։ Ըստ մոդուլման եղանակի՝ ամենագործածականը ամպլիտուդային կիսահաղորդչային դետեկտոր է, որը բաղկացած է՝
- ոչ գծային տարրից
- բեռից։
Իբրև ոչ գծային տարր՝ կիրառվում է կիսահաղորդչային դիոդ կամ տրանզիստոր։ Ավելի լայն տարածում ունեն դիոդային կիսահաղորդչային դետեկտորները, որոնք լավ են աշխատում մուտքի մեծ ազդանշանների դեպքում և համեմատաբար փոքր ոչ գծային աղավաղումներ են առաջացնում։ Լամպային դետեկտորի համեմատությամբ կիսահաղորդչային դետեկտորի էական թերությունը հակադարձ դիմադրության վերջավոր մեծությունն է։ Դա ազդում է սխեմայի պարամետրերի վրա, սահմանափակում մուտքի ազդանշանի ամպլիտուդի թույլատրելի մեծությունը։ Տրանզիստորային կիսահաղորդչային դետեկտորի առավելությունը ազդանշանի ուժեղացման հնարավորությունն է (դետեկամանը զուգընթաց)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 446)։ |