Կիսամշտադալար փոքր ծառ է՝ մինչև 7 մ բարձրությամբ։ Տաք և կարճատև ձմեռների դեպքում (երբեմն Արարատյան դաշտում) սաղարթը պահպանվում է, և գարնանը նոր տերևների բացվելու հետ միաժամանակ հին տերևները թափվում են։ Խիստ և երկարատև ձմեռների դեպքում ցրտահարվում են ոչ միայն տերևները, այլև սաղարթի մի զգալի մասը։ Ընդհանրապես Արարատյան դաշտի պայմաններում թփանման տեսք ունի՝ 1 -1,5 մ բարձրությամբ։ Սաղարթը այստեղ կազմավորվում է հիմնականում միամյա շիվերի հաշվին։ Միամյա և երկամյա շիվերը դեղնավուն են, սկզբում մազմզուկապատ, հետագայում՝ մերկ, ծածկված ոսպնյակներով։ Տերևները էլիպսաձև են կամ երկարավուն էլիպսաձև, 3-5 սմ երկարությամբ և 1,5-2 սմ լայնությամբ, կարճ սրածայր կամ բութ գագաթով, հիմքում կլորավուն կամ սեպաձև, վերևի կողմից՝ անփայլ կանաչ, ներքևի կողմից՝ բաց դեղնականաչավուն, կարճ մազմզուկապատ, կամ էլ մազմզուկապատ միայն գլխավոր ջիղի ուղղությամբ։ Տերևակոթուններըը կարճ են՝ 0,3-0,6 մմ երկարությամբ։ Ծաղկաբույլերը նոսր են, 6-10 սմ երկարությամբ և 3-5 սմ լայնությամբ, աղվամազապատ առանցքով։ Պսակի խողովակը հավասար է բաժակին կամ նրանից մի փոքր երկար է։ Բաժակը մազմզուկապատ է։ Պտուղները գնդաձև են, 0,4 սմ տրամագծով։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտուղները հասունանում են սեպտեմբեր-
հոկտեմբերին։
Տարածված է Չինաստանում (Յունան)։ Հեռանկարային է մեր հանրապետության ստորին լեռնային գոտու համար, հյուսիսարևելյան շրջաններում՝ ծովի մակարդակից 1200, Արարատյան դաշտում՝ 900 մ բարձրությունների վրա[1]։