Խոր Վիրապ արգելավայր
Տեսակ | բնության հատուկ պահպանվող տարածք |
---|---|
Երկիր | Հայաստան |
«Խոր Վիրապ» պետական արգելավայրը ստեղծվել է Հայաստանի Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղական համայնքի վարչական սահմաններում, Արաքս գետի ձախակողմյան մասի Խոր Վիրապ եկեղեցական համալիրի և Հայաստանի հնագույն մայրաքաղաք Արտաշատի աջակողմյան հատվածում գտնվող՝ 50,28 հա խոնավ տարածքի վրա։
Արգելավայրի կազմակերպման հիմնական նպատակը միջազգային նշանակություն ունեցող խոնավ տարածքի էկոհամակարգի, բուսական ու կենդանական աշխարհի՝ հատկապես ջրլող թռչունների ու դրանց ապրելավայրերի, հազվագյուտ բուսատեսակների ու դրանց աճելավայրերի պահպանության, բնականոն զարգացման, վերարտադրության ու կայուն օգտագործման ապահովումն է։ Արգելավայրի հատուկ պահպանության օբյեկտները մերձարաքսյան խոնավ տարածքի էկոհամակարգի յուրահատուկ կենդանական աշխարհն ու ջրաճահճային բուսականությունն են։
Խոր Վիրապի ջրաճահճային էկոհամակարգը աչքի է ընկնում հազվագյուտ և անհետացման վտանգված ջրաճահճային բուսական և կենդանական տեսակներով։ Այս տարածքում և նրա շրջակայքում հանդիպում են այնպիսի հազվագյուտ բուսատեսակներ ինչպիսիք են Սիբեխ սիբեխանմանը (Falcaria falcarioides), Կղմուխ օշեին (Inula Aucherana), իշամառոլ արարատյանը (Sonchus araraticus), թելուկազգիների (Ghenopodiaceae) ներկայացուցիչներից` ուղտափուշ սովորական (Alhagi pseudoalhagi), վարդատերեփուկ Իլյինի (Amberboa iljiniana), կարմրան ութառէջը (Tamarix octandra) և այլն։
Սիբեխ սիբեխանմանը (Falcaria falcarioides) կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Աճում է ստորին լեռնային գոտում, ծ. մ. 800–900 մ բարձրությունների վրա, աղակալված հողերի վրա, ճահճացած տեղերում և խոնավ մարգագետիններում։ Ծաղկում է հունիս ամսին, պտղաբերում՝ հուլիսին։
Կղմուխ օշեին (Inula Aucherana) վտանգված տեսակ է։ Թուփ է մինչև 15-30 սմ բարձրության։ Աճում է ստորին լեռնային գոտում, ծ. մ. 800–1100 մ բարձրությունների վրա։ Ծաղկում է հուլիս–օգոստոս ամիսներին, պտղաբերում՝ օգոստոս–սեպտեմբերին։
Կարմրան ութառէջը (Tamarix octandra) վտանգված տեսակ է։ Ոչ մեծ ծառ՝ 2–2,5 մ բարձրության, դեղնա–դարչնագույն կեղևով։ Աճում է ստորին լեռնային գոտում, ծ. մ. 700–1100 մ բարձրությունների վրա։ Ծաղկում է մայիսին, պտղաբերում՝ հունիսին։
Խոր Վիրապի ջրաճահճային տարածքը մեծ նշանակություն ունի որպես մի շարք ջրլող և ջրամերձ թռչունների համար բնադրավայր և սեզոնային չուի ժամանակ` հանգստավայր։ Մասնավորապես, համաշխարհային վտանգված թռչուններից այստեղ բնակվում են մարմարյա մրտիմնը (Marmaronetta angustirostris) և սպիտակագլուխ բադը (Oxyura leucocephalis), իսկ չուի ժամանակ հանդիպում է գանգրափետուր հավալուսնը (Pelecanus crispus): Հայաստանի կարմիր գրքում գրանցված տեսակներից այս տարածքում բնադրվում են փոքր ձկնկուլը (Phalacrocorax pygmaeus), մոխրագույն բադը (Anas strepera), ոտնացուպիկը (Himantopus himantopus), բզակտուցը (Recurvirostra avosetta), կապտափող սոխակը (Luscinia svecica occidentalis): Հազվագյուտ և անհետացող թռչուններից հանդիպում են մեծ ձկնկուլը (Phalacrocorax carbo), մեծ սպիտակ տառեղը (Egretta alba), տարգալակտուցը (Platalea leucorodia), քաջահավը (Plegadis falcinellus), մոխրագույն սագը (Anser anser), խայտաբղետ բադը (Tadorna tadorna), լայնակտուց բադը (Anas clypeata), տափաստանային մկնաճուռակ (Circus macrourus), մարգագետնային մկնաճուռակ (Circus pygargus), Եվրոպական ճնճղաճուռակը (Accipiter brevipes), օձակեր արծիվը ( Circaetus gallicus), սովորական մանրաբազեն (Falco vespertinus), ճախրուկը (Chettusia gregaria), կտցար-կաչաղակը (Haematopus ostralegus), ճահճային բուն (Asio flammeus), արևելյան կարմրագլուխ շամփրուկը (Lanius senator niloticus), ճուռականման շահրիկը (Sylvia nisoria):
Վերը նշված նախադրյալներով տարածքները համարվում են «Միջազգային նշանակություն ունեցող, հիմնականում որպես ջրային թռչունների բնակավայր, խոնավ տարածքների մասին» կոնվենցիայի (Ռամսար, 1971) միջազգային նշանակության խոնավ տարածքների ցանկում առաջնահերթ ներառման ենթակա տարածքներ։
Բացի թռչուններից այստեղ տարվա տաք ամիսներին սնունդ են հայթայթում Հայաստանի կարմիր գրքում գրանցված չղջիկները` մեհելի պայտաքիթը (Rhinolophus mehelyi), ասիական լայնականջ չղջիկը (Barbastella leucomelas), սովորական երկարաթև չղջիկը (Miniopterus schreibersi):
Ջրաճահճային տարածքը յուրահատուկ խոնավ միկրոկլիմա է ստեղծում, որի վկայությունն է չոր կլիմայական պայմաններում, ամառային երաշտի ժամանակ և նույնիսկ ձմռանը ջրաճահճային բուսականության վառ կանաչ գույնը, որն առանձնահատուկ գեղեցկություն է տալիս շրջակա միջավայրին։
Այսպիսով, Խոր Վիրապի ջրաճահճային տարածքն առանձնանում է բնապահպանական, գիտական և ռեկրեացիոն բարձրարժեք նշանակությամբ, որի կորուստը, հատկապես որպես ջրլող թռչունների բնակմիջավայր, անուղղելի վնաս կպատճառի Հայաստանի կենսաբազմազանությանը։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |