Լիբանանյան երաժշտություն
Լիբանանյան երաժշտություն (ֆր.՝ Musique libanaise), Լիբանանի Ժողովրդի մեջ երաժշտությունը կենցաղավարում է հին ժամանակներից։ Բեյրութում գործում է Ազգային կոնսերվատորիա։ 1956 թվականից գոյություն ունի Լիբանանի երաժշտական երիտասարդություն ընկերությունը, որը կազմակերպում է միջազգային մրցույթներ, համերգներ։ Բեյրութի Ամերիկյան համալսարանի կազմի մեջ մտնող արվեստագիտության բարձրագույն դպրոցին կից (1966 թվականից) գործում է երաժշտագիտության բաժանմունք։ ժողովրդական երգերի նշանավոր կատարողներից է երգչուհի Ֆեյրուզը։ Լիբանանի երաժշտական կյանքի նշանավոր երևույթներից են Բաալբեկի ամենամյա փառատոները (1966 թվականից)։ Բեյրութը նաև հայ երաժշտական մշակույթի օջախներից է։ 1933 թվականին Բ. Կանաչյանը Բեյրութում հիմնել է «Գուսան» երգչախումբը։ Այստեղ են գործել նաև Հ. Պերպերյանը (հիմնել է երգչախումբ, մանկական երգեցիկ խումբև պարի անսամբլ, բեմադրել է Տ. Չուխաճյանի «Կարինե» կոմիկական օպերան), կոմպոզիտոր և խմբավար Շ. Պերպերյանը։ Լիբանանահայ ժամանակակից նշանավոր երաժիշտներից են կոմպոզիտոր Պ. Զելալյանը, երգչուհի Ա. Փեհլիվանյանը (որոնք դասավանդում են կոնսերվատորիայում), դիրիժոր Օ. Ասատուրյանը, խմբավար Մ. Գանգրունին և ուրիշներ։ Գործում են Հայկական բարեգործական ընդհանուր միության Բեյրութի մասնաճյուղի հայկական երգչախմբերը, երգի–պարի անսամբլը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 601)։ |