Լեզուների խաչավորում, երկու կամ ավելի լեզուների փոխներգործություն, որի ընթացքում աստիճանաբար հաղթանակում է խաչավորմանը մասնակցող լեզուներից մեկը։ Ն. Յա. Մառը և նրա հետնորդները գտնում էին, որ լեզուների խաչավորումը լեզուների առաջացման գլխավոր պրոցեսն է։ Այնինչ, լեզուների խաչավորումը չի հանգեցնում այնպիսի նոր լեզվի առաջացման, որը նման չէ խաչավորվող լեզուներից որևէ մեկին։ Լեզուների խաչավորման ժամանակ հաղթանակող լեզուն պահպանում է իր հնչյունական կազմը, բառապաշարը, քերականական կառուցվածքը, իսկ պարտված լեզուն աստիճանաբար մահանում է։ Հաղթող լեզվում լեզուների խաչավորումից առաջացած երևույթները չեն տարբերվում լեզուների փոխազդեցության երևույթներից։ Ինչպես լեզուների խաչավորման, այնպես էլ փոխազդեցության ժամանակ, մի լեզվի որոշ իրակություններ (հնչյունական, բառապաշարային, քերականական) կարող են դիտվել մյուս լեզվի մեջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 518)։