Ինքնակարգավորում
Ինքնակարգավորում (ֆիզիոլոգիական ֆունկցիաների), օրգանիզմի կենսական կարևոր ֆունկցիաների հարաբերական կայունությունը ավտոմատորեն պահպանելու ունակություն։ Օրգանիզմի հարմարումը արտաքին միջավայրի անընդհատ փոփոխվող պայմաններին իրականանում է ինքնակարգավորման մեխանիզմներով։ Շնորհիվ տարբեր օրգան-համակարգերի միջև գոյություն ունեցող փոխադարձ կապերի, կենսական որևէ ցուցանիշի շեղումը բնականոն վիճակից գործի է դնում մի շարք մեխանիզմներ, որոնք ի վերջո նորմալացնում են տվյալ ցուցանիշը։ Օրինակ՝ օրգանիզմի ներքին միջավայրի օսմոտիկական ճնշման հաստատունությունը (7,6 մլն) բջիջների բնականոն գործունեության հիմնական պայմաններից մեկն է։ Եթե որևէ պատճառով այդ ճնշումը բարձրանում է, ապա գրգռվում են գլխուղեղի ենթատեսաթմբի բջիջները, որոնք նյարդային ազդակներ են ուղարկում ջրաաղային փոխանակությանը մասնակցող օրգաններին, ինչպես նաև ներզատիչ որոշ գեղձերին։ Վերջիններիս աշխատանքը փոխվում է այնպես, որ օրգանիզմից ավելի շատ աղեր և քիչ ջուր է հեռանում և կարգավորվում է օսմոտիկական ճնշումը։ Նման ձևով շաքարի քանակի ավելացումը արյան մեջ ուժեղացնում է ենթաստամոքսային գեղձի կղզյակների β-Լանգերհանսյան բջիջների կողմից ինսուլին հորմոնի արտադրությունը, որը հանգեցնում է շաքարի տոկոսի նորմալացման։ Ինքնակարգավորման կոնկրետ ապարատը օրգանիզմում, ըստ ակադեմիկոս Պ. Անոխինի, ֆունկցիոնալ համակարգ է, որը անատոմիական տարբեր համակարգերին պատկանող օրգանների և հյուսվածքների այնպիսի միասնություն և փոխաջակցություն է, որոնք ապահովում են վերջնական դրական (հարմարողական) արդյունքի ստացումը։ Օրգանիզմում գոյություն ունեն ֆունկցիաների ինքնակարգավորուման բազմաթիվ համակարգեր։ Միևնույն օրգանը կարող է ներգրավվել մի քանի ֆունկցիոնալ համակարգերում։ Ինքնակարգավորման սկզբունքը օրգանիզմի գոյության հիմքն է, որը նկատի ունենալով Ի. Պավլովը օրգանիզմը բնորոշել է որպես խիստ ինքնակարգավորվող, ինքն իրեն պահպանող, վերականգնող, շտկող և նույնիսկ կատարելագործող համակարգ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 366)։ |